«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2006-06-02 | #102, 2006-06-03 | #103, 2006-06-06


ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻ ԳՈՀՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՐՈՒՑՈՒՄ, ԻՍԿ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ Ի՞ՆՉԸ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում երեկ 2005 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումներն ընթացան ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի նախագահությամբ եւ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մասնակցությամբ: Նիստը մեկնարկեց հայտարարվածից վաղ: Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը հավաստեց, որ նախորդ տարի էլ տնտեսական աճի ցուցանիշը եղել է երկնիշ` 14 տոկոս: 2005-ին առաջին անգամ հաջողվել է գերազանցել 1989 թ. ՀՆԱ-ի մակարդակը` 14,1 տոկոսով: Հարկային եկամուտների եւ համախառն ներքին արդյունքի հարաբերակցությունը, 2004-ի համեմատությամբ, բարելավվել է 0,3 տոկոսով: Գլխավոր գանձապետի հավաստմամբ, միջին աշխատավարձը, 2004-ի համեմատությամբ, ավելացել է 17,3 տոկոսով: Պետական ներդրումները նախորդ տարի կազմել են 38,4 մլրդ դրամ: Դրանք հիմնականում ուղղվել են տրանսպորտային ենթակառուցվածքների, ոռոգման համակարգի զարգացմանն ու դպրոցների հիմնանորոգմանը: Ընդհանուր տարեկան ներդրումները աճել են 31 տոկոսով: Տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթով ծրագրված էր 375 մլրդ դրամի եկամուտ եւ դրամաշնորհ. փաստացի բյուջե է մուտքագրվել 374 մլրդ դրամ: Հարկային եկամտային մուտքերը 2005-ին, ի հաշիվ տնտեսական աշխուժության եւ հարկահավաքման բարելավման, ավելացել են 24 տոկոսով: Բյուջեի ծախսային մասը կատարվել է 97,1 տոկոսով` բյուջետային միջոցներից նախորդ տարի ծախսերին է ուղղվել 417,5 մլրդ դրամ: 12 մլրդ դրամի շեղումը Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց վարկերի ու դրամաշնորհների հաշվին իրականացվող ծրագրերի թերակատարմամբ: 2004-ի համեմատությամբ` պակասորդի ընդհանուր մեծությունը 34,8 տոկոսով աճել է: Արտաքին պետական պարտքը անցյալ տարեվերջին եղել է 1 մլրդ 99 մլն դոլար: 2004 թ. նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 1 մլրդ 182 մլն դոլար: Արտաքին ապրանքաշրջանառությունը, ըստ կառավարության հաշվետվության, կազմել է 2 մլրդ 718 մլն դրամ:

Աղքատության կրճատման ռազմավարական ծրագրի դրույթներով առաջնորդվելը, ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի կարծիքով, նպաստել է տնտեսության մեջ դրական միտումների պահպանմանը, աննպաստ է եղել հարկեր-ՀՆԱ հարաբերակցության շեղումը ծրագրվածից: Ծախսերի անհամաչափ բաշխումն էլ, Սարգսյանի հավաստմամբ, շեղել է ծրագրից գանձապետարանի միասնական հաշիվը: ԿԲ նախագահի գնահատմամբ հաջողվել է հարկերի անհամաչափությունը վերացնելու հարցում դրական տեղաշարժ ունենալ, իսկ ծախսերի հարթեցման միտումները չեն ուրվագծվում: Դա էլ հավելյալ խնդիրների հիմք է դարձել: Անցած տարի, Տիգրան Սարգսյանի տեղեկացմամբ, ԿԲ-ն ստացել է 189 մլրդ դրամի եկամուտ եւ կատարել 202 մլրդ դրամի ծախս: Բանկի բյուջեի եկամտային մասը կատարվել է 171 տոկոսով, ծախսերը` 134 տոկոսով. գերակատարումը պայմանավորել են արտարժույթի վերագնահատումից ստացված եկամուտներն ու կատարված ծախսերը: Բանկն ունեցել է շուրջ 12 մլրդ դրամի վնաս` կապված փոխարժեքի տատանման եւ դրամի արժեւորման հետ:

Լրագրողների հետ զրույցում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հավաստեց բյուջեի կատարման մակարդակի առնչությամբ իր գոհունակությունը եւ բացառեց այդ կամ այլ հիմքով կառավարությանն անվստահություն հայտնելու հավանականությունը:

Ցավոք, գոհունակությունն ու երկնիշ թվերով տնտեսական աճը կատարողների ու մասնագետների շրջանակում է գոհունակության արժանանում եւ, ըստ էության, անշոշափելիության կատեգորիայում մնում բնակչության շրջանում:

Պ. Ն.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4