«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2006-06-02 | #102, 2006-06-03 | #103, 2006-06-06


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՓՐԿԵՆՔ ԱՆԱՊԱՏԱՑՈՒՄԻՑ

Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության օրն է

Այս տարի շրջակա միջավայրի պաշտպանության օրն անցնում է «մի անապատացրեք անջրդի հողերը» կարգախոսով: Անապատացումը հիմնախնդիր է դարձել ողջ աշխարհի համար: Մոլորակի 6,1 մլրդ հա-ն կամ անապատներ են, կամ անապատացման ենթակա տարածքներ: Բնապահպանների կարծիքով, անջրդի հողերը կազմում են երկրագնդի ցամաքային հատվածի 40 տոկոսը, ուր բնակվում է 2 մլրդ մարդ: Սակայն մարդկային գլոբալ հետաքրքրությունների սանդղակում անապատացումը համեմատաբար երիտասարդ հիմնախնդիր է, որ այսօր ուշադրության կիզակետում հայտնվել եւ կարգախոս է դարձել լոկ այն պատճառով, որ էկոլոգիական բացասական ներգործությունների հետեւանքով կլիմայական աղետներն ավելի հաճախադեպ ու անկանխատեսելի են դարձել: Անապատացման դեմ պայքարի կոնվենցիան աշխարհի 70 երկրներ ստորագրեցին 1994 թվականին, իսկ Հայաստանը դրա անդամ դարձավ 1997-ին: «Հայաստանի հողերի 82 տոկոսը անապատացել է, 20 տոկոսը` ծայրահեղ անապատացել», ասում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը:

Արարատյան դաշտում ու հարակից շրջաններում մեծ տարածքներ են զբաղեցնում աղուտներն ու կավահողերը: Մարդը կարող է անապատը այգեստան դարձնել, կարող է եւ անապատացնել ծաղկուն այգին, Արարատյան դաշտը վկա: Բարդիներից ու կանաչ այգիներից հիշողություն է մնացել այստեղ: Ամայացման պատճառը ոչ միայն ծառահատումներն են: Արարատյան դաշտի բնակիչ հայ գյուղացուն սոցիալական պայմանները ստիպեցին խաղողի այգիները փոխարինել ցորենով, որ հատուկ խնամք ու ոռոգում չի պահանջում, եւ հողը ջրազրկվեց: Մասնագետների համոզմամբՙ ցորենի 2-3 տարվա ցանքսից հետո հողն ամլանում է: Առաջներում այստեղ շատ էին մշակվում բրինձ ու բամբակ, որոնք խոնավասեր են, եւ ոռոգման շնորհիվ Արարատյան դաշտը նաեւ ջրի պաշարներ էր ստանում: Արարատյան հարթավայրում այսօր մոտավոր հաշվարկներով աղուտները շուրջ 30 հզ. հա են կազմում: Արարատյան դաշտի բարդիների մի մասը մարդիկ հատեցին, մի մասը ծերացավ ու չորացավ, եւ քանի որ վերատնկումներ չեղան, տարին տարվա վրա բարեբեր հարթավայրը զրկվեց կանաչ հանդերձից:

Հիմնականում տեղանքի ոչ ճիշտ օգտագործման պատճառով է հողը հողմահարվում, խաթարվում են հողակազմական պրոցեսները եւ անապատացումն սկսում է իր ավերիչ գործը: Հողերի դեգրադացիայի առաջին ահազանգը բուսածածկույթի նվազումն է, որը հանգում է բուն քայքայմանը` հողմնային ու ջրային էրոզիայի: Կամ անձրեւներն են լվանում, տանում հողի վերին շերտը, կամ քամին է քշում փոշիացած հողը:

Անապատացման հիմնական խթանը անտառահատումներն են: Անտառները, տարբեր հաշվարկներով, առաջներում հանրապետության տարածքի 20-22 տոկոսն էին կազմում: Էներգետիկ ճգնաժամից հետո դրանք կրճատվեցին մինչեւ 10-11 տոկոս, որոշ բնապահպանների կարծիքով` շատ ավելի քիչ: Կան նաեւ այսպես ասած սահմանային` անապատային, կիսաանապատային տարածքներին կից համեմատաբար բարորակ հողեր, որոնք եւս գերօգտագործման հետեւանքով ամլացել են: Անապատացած տարածքների մեջ են աղուտները, նախալեռնային, նաեւ լեռնային շրջանները, ուր անասունների ոչ ճիշտ արածեցման հետեւանքով հողն ավելի է լերկանում:

Հայաստանում հողի մոնիտորինգ չի իրականացվում, չեն հաշվարկվում, թե ինչքանով են ավելանում կամ նվազում անապատային տարածքները, ի՞նչ նոր իրողություններ են առաջանում: Եվ քանի որ հստակ ուսումնասիրություններ չկան, կարելի է ենթադրաբար ասել, որ Հայաստանի այն շրջաններում, ուր անասնապահությունը զարգացած է, ուր արձանագրվում է անասունների գերարածեցում, առկա է իրական անապատացման վտանգ:

Անապատացումն ուղղակի կախման մեջ է նաեւ սոցիալական լարվածությունից ու տնտեսական պրոբլեմներից: Եթե գյուղացու ապրուստի միակ հույսը հողն է, նա ամեն տարի պիտի վար ու ցանք անի: Մյուս կողմից, որպեսզի հողը բերրիությունը պահպանի, ժամանակ առ ժամանակ պիտի հանգստանա, որ նման դեպքում բացառվում է: Կամ եթե գյուղացու կերակրվելու հույսը միայն անասունն է, պարզ է, որ պետք է անընդհատ նույն արոտավայրը տանի:

Անապատացած տարածքների առանձին մասնաբաժին են կազմում մարդկային սխալ գործունեության հետեւանքով առաջացած, այսպես ասած, խախտված հողերը: Դրանք հիմնականում լեռնարդյունաբերության, մասնավորապես հանքերի բաց եղանակով շահագործման հետեւանք են: Նման տարածքների 1 հա ունակ է «վարակել» եւս 10-15 հա: Բոլոր շահագործվող հանքավայրերի տարածքում նման վտանգի սպառնալիք կա:

Անապատացման դեմ պայքարը, ինչպես ամեն մի էկոլոգիական խնդրի պարագայում, չի կարող լոկալ բնույթ ունենալ: Ասենք, եթե Իրանում անապատացման ինտենսիվ գործընթացներ ընթանան, հողը քայքայվի, փոշիացումը շատանա, շատ արագ այդ երեւույթները վարակի պես կթափանցեն նաեւ Հայաստան:

Մեր իշխանությունները արդյոք վարո՞ւմ են անապատացումը կանխելու կամ ամայացած տարածքները վերականգնելու քաղաքականություն: «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանի տեղեկատվությամբ, սոցհարցման ենթարկված երեւանցիների 70 տոկոսը պատասխանել է, որ հակառակը, Երեւանի քաղաքային իշխանություններն, օրինակ, վարում են հենց քաղաքը անապատացնելու քաղաքականություն, իսկ 72 տոկոսը չի կարծում, որ իրավապահները կարող են լուծել խնդիրը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4