Նման կարծիք հայտնեց ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին տրամադրվող թռչնագրիպի թափանցման եւ տարածման դեմ պայքարի վարկային ծրագիրը: 7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ այդ ծրագրից ՀԲ տրամադրած գումարը կազմում է 6,2 մլն դոլարը, իսկ 800 հազար դոլար դրամաշնորհ էլ տրամադրել է Ճապոնիայի կառավարությունը: Այդ մասին երեկ հայտնեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը:
Վերոնշյալ գումարից մոտ 5 մլն դոլարը կտրամադրվի անասնաբուժական հսկողության համար, 750 հազար դոլարն էլ որպես փոխհատուցում կտրամադրվի միջին եւ փոքր ձեռնարկություններին, եթե վերջիններս տուժեն Հայաստանի տարածքում թռչնագրիպ հայտնաբերելու դեպքում: Այդ վտանգը ենթակա է փոքր եւ միջին ձեռնարկություններում, քանի որ խոշոր թռչնաֆաբրիկաներն աշխատում են փակ ցիկլով: Վարկի մյուս բաղադրիչներով նախատեսվում է կատարելագործել ախտորոշման լաբորատորիաները եւ բարձրացնել հայ մասնագետների պատրաստվածությունը:
Ռոջեր Ռոբինսոնը երեկ նաեւ իր կարծիքը հայտնեց դրամի արժեւորման շարունակվող գործընթացի նկատմամբ: Վերջին 2 տարիներին տեղի ունեցող դրամի արժեւորման գործընթացը, ըստ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարի, խոսում է երկրի տնտեսության կայուն զարգացման եւ ֆինանսական հոսքերի ավելացման մասին: Նա նշեց, որ այն մտահոգությունները, թե դրամի արժեւորման հետեւանքով հայկական ապրանքների մրցունակությունը կնվազի, չիրականացան, եւ նրանք շարունակում են մրցունակ լինել:
ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող արժեւորման գործընթացը պայմանավորեց նաեւ այլ արժույթների նկատմամբ դոլարի արժեզրկմամբ, միաժամանակ նշելով, որ ինքը չի կարծում, թե դա տեղի է ունենում արհեստականորեն: Կենտրոնական բանկի միջամտությունները կարող են լինել կարճաժամկետ, բայց ոչ որպես ռազմավարական մոտեցում, եւ փոխարժեքը շուկայում պայմանավորված է առաջարկի եւ պահանջարկի հարաբերակցությամբ: Ռոջեր Ռոբինսոնի կարծիքով, Կենտրոնական բանկին կհաջողվի պահպանել գնաճը նախատեսված 3 տոկոսի սահմաններում, քանի որ չի տեսնում դրան խոչընդոտող պատճառներ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ