Վկայակոչում են պաշտոնական տվյալները
Սպառողական գների ձեւավորմանն ու գնաճի ցուցանիշներին անդրադարձավ երեկ Տնտեսական լրագրողների ակումբի հյուրըՙ ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) պետ Ստեփան Մնացականյանը:
Նա նախ ներկայացրեց ազգային վիճակագրական ծառայության գործունեության սկզբունքներն ու հաշվառման համակարգերի կարեւորությունն այդ հարցում: Ըստ Ստեփան Մնացականյանի, յուրաքանչյուր վարչական միավոր պետք է ունենա սկզբնական հաշվառման համակարգ: Այդ բոլոր տվյալները կուտակվում են վիճակագրական ծառայությունում, որի խնդիրը դրանք հավաքելն ու հրապարակելն է: ԱՎԾ պետը նաեւ հայտնեց, որ պաշտոնական տեղեկատվության ստացման երեք մարմին գոյություն ունիՙ սպառողները, հարցվողները եւ հարկատուները:
«Ազգի» այն հարցին, թե համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) հաշվարկելիս ինչպե՞ս է այնտեղ ներառվում ստվերային տնտեսությունը, Ստեփան Մնացականյանը պատասխանեց, որ ստվերային տնտեսության վերաբերյալ տվյալները ստացվում են ընտրանքային հետազոտության արդյունքում: Նա ստվերային տնտեսությունը բաժանեց 4 մասերիՙ օրինական գործող ընկերությունների թաքցրած շրջանառությունը, չգրանցված ընկերության կողմից արտադրությունը կամ վաճառքը, արգելված արտադրանք վաճառող արգելված գործունեությունը, տնային տնտեսություններում ստեղծված արտադրանքը:
Ինչ վերաբերում է գներին, ապա 2005 թ.-ի մայիսից մինչեւ 2006 թ.-ի մայիսը սպառողական գների ինդեքսը կազմել է 105,7 տոկոս: Այսինքն, այդ ընթացքում գնաճը կազմել է 5,7 տոկոս, իսկ միայն այս տարվա մայիսին այդ ցուցանիշը կազմում է 2,4 տոկոս: Պարենային ապրանքների գներն այդ ընթացքում աճել են 8,3 տոկոսով, միայն մայիսինՙ 1,9 տոկոսով, ծառայությունների սակագներըՙ 2,3 տոկոսով, վերջին մեկ ամսինՙ 0,1 տոկոսով:
Առավել մեծ աճ են արձանագրել մրգի եւ բանջարեղենի գները: Մրգի գինն աճել է 26,1 տոկոսով, բանջարեղենինը եւ կարտոֆիլինըՙ 1,6 անգամ: Հացի եւ հացամթերքի գների որոշ անկում է արձանագրվելՙ 1,4 տոկոս, մսամթերքի գներն աճել են 4,5 տոկոսով, ձկնամթերքինըՙ 35 տոկոսով, կաթնամթերքինըՙ 1,8 տոկոսով, շաքարավազինըՙ 34 տոկոսով, ձվի գներն անկում են ունեցել 9 տոկոսով:
Ոչ պարենային ապրանքների գները վերջին մեկ տարվա ընթացքում աճել են 3,9 տոկոսով, այդ թվում շինանյութերինըՙ 6,1 տոկոսով, ոսկերչական ապրանքներինըՙ 33,4 տոկոսով: Ծառայություններից, օրինակՙ կապի ոլորտում աճը կազմել է 2 տոկոս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ