«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2006-06-02 | #102, 2006-06-03 | #103, 2006-06-06


ՀԱՅ ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԱՆԽՈՆՋ ՆՎԻՐՅԱԼԸ

Լրացավ թատերագետ-բանասեր, աղբյուրագետ Բախտիար Հովակիմյանի ծննդյան 80-ամյակը:

Ավագ սերնդի թատերագետների մեջ, որոնք իրենց ստեղծագործական բախտը կապել են հայ ազգային թատերարվեստի զարգացման հետ, առանձնապես ուշագրավ է Բախտիար Հովակիմյանի անունը: Իր նկարագրով, թատերագետ-բանասերի իր հետաքրքրություններով Հովակիմյանը մեծ ու նշանակալի գործ է արել թատրոնի պատմության համար: Գնահատել թատերական գործիչների կյանքն ու գործը, նրանց վաստակն ու ներդրումը հայ բեմարվեստի պատմության մեջ:

Ստեղծագործական բազմաբնույթ պրպտումների մեջ` հաստատակամ ու անընկճելի, անընդմեջ որոնող թատերագետի յուրաքանչյուր նոր աշխատություն ունի նաեւ ճանաչողական մեծ նշանակություն: Նա ամեն անգամ ընթերցողին ներկայացնում է նոր տվյալ ու տեղեկություն:

Բախտիար Հովակիմյանը հայ թատերարվեստի երախտավորներից է: Նրա գրչին պատկանող մեծաթիվ արժեքավոր գրքերն ու ուսումնասիրություններն արդյունք են իր երկարատեւ անբասիր աշխատանքի, թատերագիտական բեղմնավոր գործունեության: Բախտիար Հովակիմյանը 48 տարի աշխատում է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում:

Ծնվել է 1926 թ. մայիսի 1-ին ՀՀ Շամշադինի շրջանի (այժմ` Տավուշի մարզ) Թովուզ գյուղում: Մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Բաքվում: 1944-1947 թթ. սովորել է Բաքվի Լ. Երամյանի անվան հայ պետթատրոնին կից դրամատիկական ստուդիայում, միաժամանակ աշխատել որպես օժանդակ կազմի դերասան: 1947-1952 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը` թատերագետի մասնագիտությամբ: 1953-1958 թթ. աշխատել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունում որպես գրական աշխատող:

1958-ին մրցույթով ընդունվել է գրականության եւ արվեստի թանգարան որպես գիտաշխատող: 1963-ից թանգարանի թատերական բաժնի վարիչն է: Անդրկովկասի տարբեր վայրերից թանգարան է բերել շուրջ 50000 արխիվային միավոր: Զեկուցումներով հանդես է եկել հանրապետության եւ նրա սահմաններից դուրս մի շարք վայրերում, պատրաստել է 20-ից ավելի թեմատիկ ժամանակավոր եւ շրջիկ ցուցահանդեսներ: Թատերագետի նախասիրությունը հայ թատրոնի պատմությունն է: Բախտիար Հովակիմյանի գրչին են պատկանում «Անդրկովկասի թատերական կապերը», «Պեպոն ազգային թատրոնում», «Հայկական թատերական ընկերության 120-ամյակը» (ռուսերեն), «Թատերական օրացույց 1997» (առաջին օրացույցը հայ մշակույթի պատմության մեջ), «Ցեղասպանության թեման հայ թատրոնում» (1895-1995), «Թումանյանը եւ թատրոնը», «Պուշկինը հայ թատրոնում», «Արուս Ասրյան», «Հովհաննես Աբելյան», «Պետրոս Ադամյանի շեքսպիրյան նկարները», «Պետրոս Ադամյանի «Շեքսպիր եւ յուր Համլեթ...» գրքի ստեղծման պատմությունը եւ կես դարի տքնաջան աշխատանքի արդյունք «Հայոց ծածկանունների բառարանը» (8000 հեղինակի 25000 ծածկանուն) եւ հարյուրավոր այլ հոդվածներ եւ ուսումնասիրություններ, որ լրացնում ու հարստացնում են հայ գրականության եւ թատրոնի պատմության էջերը:

Գրականության եւ արվեստի թանգարանում մեծ շուքով նշվեց հայ թատերարվեստի նահապետ Բախտիար Հովակիմյանի ծննդյան 80-ամյակը: Թատերագետի վաստակը ըստ արժանվույն գնահատեցին թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, անվանի արվեստագետներ Հենրիկ Հովհաննիսյանը, Երվանդ Ղազանչյանը, Վահե Շահվերդյանը, Թովմաս Պողոսյանը, սփյուռքահայ գործիչներ Վահե Սամուելյանը, Կիտուշ Արզույանը:

«Իմ գիտակցական կյանքը հյուսված է մեկ արմատից բխող երեք բնագավառի` թատրոն, թատերագիտություն, թատերական բառակապակցություն ձուլումից: Աշխատել եմ թատրոնում, սովորել եմ թատերագիտական ֆակուլտետում, զբաղվում եմ թատերական հարցերի ուսումնասիրությամբ: Եվ քանի որ գրականությունն ու պատմությունը սերտորեն առնչված են թատերական արվեստին, անդրադարձել եմ նաեւ գրական-թատերական կապերին, փոխառնչություններին, որոնցով հարուստ է մեր գրական-մշակութային կյանքը:

Այդ լայն ընդգրկումների ծնունդ է նաեւ «Հայոց ծածկանունների բառարանի» երեւան գալը (2005 թ.)», խոստովանում է բազմավաստակ թատերագետը:

ԱՐՓԻՆԵ ԱՍԼԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4