Հունիսի 3-ին «Ազգային պատկերասրահ» երաժշտական 2-րդ փառատոնի կազմակերպիչները կրկին անակնկալ մատուցեցին երաժշտասերներին: 17-18-րդ դարերի որմնանկարների ընդարձակ դահլիճը թնդաց, երբ բեմ բարձրացավ բոլորիս սիրելի ու սպասված օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը: Նա երբ 1989-ին Royal Opera House եւ Covent Garden-ում հանդես եկավ Հայաստանի երկրաշարժի զոհերին նվիրված գալա-համերգում, դարձավ համաշխարհային օպերային բեմերի ցանկալի հյուրը: Բ. Թումանյանի երեւանյան համերգը նվիրված էր մայիսի 3-ին A-320 օդանավի աղետի զոհերի հիշատակին: Ներկաները մեկ րոպե լռությամբ եւ հոտնկայս հարգեցին անմեղ զոհերի հիշատակը, այնուհետեւ ըմբոշխնեցին անկրկնելի ու կատարողական արվեստին փայլուն տիրապետող օպերային երգչի մենահամերգը, որում ընդգրկված էին Հենդելի, Վերդիի, Չայկովսկու, Շուբերտի, Սպենդիարյանի, Ռուբինշտեյնի, Մոցարտի, Ռոսինիի, Գունոյի օպերաների գլխավոր դերերգերը:
Հանդիսատեսը ցնցված էր, կրկին ու կրկին երգչին բեմ էին հրավիրում ծափողջույններով ու բռավո բացականչություններով: Համերգի ավարտին շնորհակալություն հայտնելով Բարսեղ Թումանյանին` պարգեւած հրաշալի ժամերի համար, փորձեցի ճշտել, թե ինչու մեր օպերային թատրոնի բեմում նրան վաղուց չենք լսում: Երգիչը առանց երկմտելու պատասխանեց. «Ինչպես դուք էիք ինձ կարոտել, ես էլ կարոտել եմ իմ հայ ունկնդրին: Չնայած ես մեր օպերային թատրոնում հանդես չեմ գալիս, սակայն մշտապես աշխարհի մի շարք բեմերում եւ օպերային թատրոններում` Լոնդոնի Wigmore Hall, Մելբուռնի օպերա, Munich State opera, Փարիզի Opera Bastille, Նյու Յորքի Metropolitan Opera, Ամստերդամի Concertgebouw Hall, հրավիրվում եմ մենահամերգների ու մշտապես իմ երգացանկը թարմացնում եմ բարդ ու դժվարին դերերգերով, որի ականատեսը եւ ունկնդիրը եղավ այսօրվա հանդիսատեսը: Ինչու հաճախ չեմ հանդես գալիս, ասեմ, որ մեր օպերային թատրոնի խաղացանկում չկան այն օպերաները, որտեղ ես կատարեմ գլխավոր դերերգեր, ասում են ֆինանսներ չկան նոր բեմադրությունների համար: Խոսակցություն եղել է «Արշակ 2-րդ» օպերան բեմադրելու մասին, եթե իրականանա, ապա ինձ կլսեք Արշակ թագավորի դերերգով: Ուրախ եմ, որ ժողովուրդը այսպես խանդավառված ընդունեց ինձ, որը շատ պարտավորեցնող է: Իմ երգացանկում հիմնականում տեղ են գտել բարդ մեներգեր, որոնք շատ քչերն են կատարում ու բեմադրում, օրինակ` «Շամիրամ» օպերայից Ասուրի արիան, Բորիս Գոդունովը` Մուսորգսկու համանուն օպերայից, Մեֆիստոֆելը եւ ուրիշներ: Առաջիկայում համերգային նոր ծրագրեր եմ պատրաստել, հրավերներ ունեմ Գերմանիայից, Սանկտ Պետերբուրգից»:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ