«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2006-06-02 | #102, 2006-06-03 | #103, 2006-06-06


ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՑԻՆԵՐԻ ՉՈՐՍՕՐՅԱ ՀՅՈՒՐԱԽԱՂԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը հունիսի 1-ից 4-ը հյուրախաղերով հանդես եկավ հանրապետության երկրորդ քաղաքում: Վարդան Աճեմյանի ծննդյան 100-ամյակին նվիրված այս հյուրախաղերը նախատեսված են եղել դեռ անցյալ տարիՙ ի պատիվ մեծանուն ռեժիսորի լենինականյան ստեղծագործական շրջանի, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էին:

Սունդուկյանցիները Գյումրի էին բերել իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներից երեքըՙ Լեւոն Շանթի «Հին աստվածները» (խաղացվեց 2 օր), Խորեն Արամունու «Անվերադարձ ապագա» եւ Ալվարդ Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» գործերը: Վերջին ներկայացմանը դահլիճում ներկա էր նաեւ հեղինակըՙ Ալվարդ Պետրոսյանը: Վարդան Աճեմյանի անվան թատրոնի բեմում ցուցադրված ներկայացումներն անցան միշտ լի դահլիճների առկայությամբՙ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափերին եւ ոգեւորված ու ջերմ ընդունելությանը, դառնալով մշակութային կարեւոր իրադարձություն քաղաքի կյանքում: Գյումրու հանդիսատեսը նաեւ կարոտել էր մայր թատրոնի հետ հանդիպումներին, որոնք ընդհատվել էին համենայն դեպս տասը տարուց ավելի:

«Այս չորս օրերին մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Գյումրիում թատրոնի տոնը կայանա,- վերջին ներկայացման ավարտին ասաց Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը:- Ձեր ծափերից ես հասկացա, որ դա մեզ հաջողվեց: Գյումրու թատրոնը այնպիսի մեծություններ է տեսել եւ այնպիսի հանդիսատես է դաստիարակել, որ մեզ համար անչափ հաճելի են ձեր ծափերը»:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4