Բեյրութահայ մեր հայրենակից Ստեփան Թորոսյանի համար կյանքն ու աշխարհը գեղանկարչության մեջ են իրենց գլխավոր իմաստավորումն ստանում: Արվեստի ընտանեկան մթնոլորտում մեծացած երիտասարդ նկարչի առաջին ուղեցույցը հայրն էրՙ կերպարվեստի վաստակաշատ ուսուցիչ, նկարիչ, մի շարք ցուցահանդեսների հեղինակ Հարություն Թորոսյանը: Ստեփանի մանկության տարիներն անցել են լիբանանյան պատերազմի սարսափի մղձավանջում եւ նկարչությունը յուրատեսակ փախուստ դարձավ այդ իրականությունից:
Նկարել սկսել է երեք տարեկանից. «Կգծեի պատերուն վրա, մինչեւ հոն, ուր հասակս կհասներ... Լիբանանի մեջ, երբ մանուկ էի, շատ փախուստ տվինք, շատ տեղավոխվեցանք խույս տալու համար ռմբակոծումներեն: Բայց ուր որ ալ գտնվեինք, ծնողներս միշտ ալ թուղթ ու մատիտ կճարեին ինձի համար, որ գծեի: Նկարչությունը միակ տունս էր», հիշում է Ստեփանը:
1984 թ.-ին միառժամանակ հաստատվում է Փարիզում: Բուրժը, որտեղ այժմ ապրում է նկարիչը կնոջ եւ որդու հետ, ֆրանսիական հանգիստ քաղաք է, այստեղ շարունակում է ստեղծագործել, Բեյրութում Հարություն Թորոսյանի հետ մի շարք ցուցահանդեսներ է կազմակերպել: Վերջինըՙ Բուրժի «Բոնե Ռուժ» ցուցասրահում 2006 թ.-ի ապրիլի 15-24-ըՙ «Օտար մարմիններ» ցուցահանդեսն էր, տեղեկացնում է ֆրանսիական «Le Berry» պարբերականը: Ներկայացված աշխատանքները կյանքի սահմանային վիճակների, մարդու օտարացումների, բարդ հոգեվիճակների արտահայտություններ ենՙ իրականության եւ երեւակայության միախառնումով: Ներքին սառնությունը (իրերի օտարացում-մարդկային կյանքի աբսուրդը)ՙ մանկության տարիների բեյրության իրականության տպավորությունները ազդակներ են ենթագիտակցական պատերազմական վախերի: Ռմբահարումների ամեն տեղատարափ, ի վերջո, մերձիմահ ապրումներ է ծնում: Եվ նման պայմաններում ապրելու կամքը ներքին ամրություններ է պահանջում: «Օտար մարմինները» պատերազմի իրականության սարսուռի շարունակությունն է խաղաղ ժամանակներում, որն արդեն թվացյալ է դառնում:
Մ. Բ.