«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2006-06-02 | #102, 2006-06-03 | #103, 2006-06-06


ՀԱՅ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ ԵՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Իրականացավ հայ շախմատասերների վաղեմի երազանքը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վստահ մրցելույթներով հատեց Թուրինի շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայի վերջնագիծը` արժանանալով չեմպիոնի տիտղոսին:

Այն, որ մեր շախմատիստները կնվաճեն ոսկե մեդալները, մրցաշարի ավարտից երկու տուր առաջ արդեն կասկած չէր հարուցում, քանի որ մեր ընտրանին 3,5 միավորով առաջ էր անցել մոտակա մրցակիցներից` ֆրանսիացիներից ու չին շախմատիստներից: Այնպես որ, նույնիսկ ոչ-ոքի արդյունքները վերջին երկու մրցախաղերում մեր հավաքականի համար կապահովեին առաջին տեղը: Այդպես էլ եղավ: 12-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ֆրանսիացիների հետ, ընդ որում բոլոր չորս պարտիաներում էլ խաղաղ դաշն կնքվեց: Միավորը բաժանեցին Արոնյանն ու Բաքրոն, Հակոբյանն ու Սոկոլովը, Ասրյանն ու Ֆրեսինեթը, Սարգսյանն ու Լագրավեն: Չինաստանի հավաքականը 3-1 հաշվով հաղթեց չեխերին, նույնպիսի հաշվով ռուսները պարտության մատնեցին Կուբայի ընտրանուն: Արդյունքում վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը ուներ 34 միավոր: Երկրորդ տեղում չին շախմատիստներն էին (31,5), 3-րդում` ռուսները (31): Իսկ դա նշանակում էր, որ ավարտական տուրում Հունգարիայի հավաքականի հետ խաղում մեր շախմատիստներին բավարարում էր նույնիսկ ոչ-ոքի արդյունքը: Եվ մեր ընտրանին շատ արագ, ընդամենը 10 րոպեում ոչ-ոքի համաձայնեց մրցակցի հետ եւ վաստակելով 36 միավոր, անհասանելի դարձավ հակառակորդների համար: Խաղաղ դաշն կնքեցին Արոնյանն ու Ալմազին, Հակոբյանն ու Գյումեսին, Ասրյանն ու Բերկեշը, Սարգսյանն ու Բալոգը:

Համառ պայքար էր ծավալվել 2-րդ եւ 3-րդ մրցանակային տեղերի համար: Երկարատեւ պայքարից հետո Չինաստանի հավաքականը 2,5-1,5 հաշվով հաղթելով չեխերին, վաստակեց 34 միավոր եւ արժանացավ արծաթե մեդալների: Կրկին անհաջող հանդես եկան ռուսները` 1-3 հաշվով զիջելով Իսրայելի հավաքականին: Այդ պարտությունը ռուսներին զրկեց մեդալներից: Նրանք ստիպված էին բավարարվել 6-րդ տեղով (32 միավոր): Իսրայելի հավաքականը վաստակեց 33 միավոր, նույնքան միավոր ուներ նաեւ ԱՄՆ-ի ընտրանին, որը 3,5-0,5 հաշվով հաղթել էր նորվեգացիներին: Լրացուցիչ գործակիցներով բրոնզե մեդալները բաժին հասան ԱՄՆ-ի շախմատիստներին: Լավագույն հնգյակը եզրափակեց Հունգարիայի հավաքականը (32,5 միավոր):

Կանանց մրցապայքարում օլիմպիադայի չեմպիոնի տիտղոսը նվաճեցին ուկրաինացի շախմատիստուհիները: Վերջին տուրում նրանք արագորեն ոչ-ոքի համաձայնեցին Հայաստանի հավաքականի հետ: Միավորը բաժանեցին Մկրտչյանն ու Լախնոն, Դանիելյանն ու Յանովսկան, Աղինյանն ու Ուզենինան: Նախորդ տուրում հայ շախմատիստուհիները 2-1 հաշվով հաղթել էին Վրաստանի հավաքականին: Մկրտչյանը հաղթել էր Կուրտիձեին, Անդրեասյանը` Ջավախիշվիլուն, իսկ Դանիելյանը պարտվել էր Ձագնիձեին: Այսպիսով, Հայաստանի կանանց հավաքականը 24 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը` չեմպիոնին զիջելով ընդամենը 5,5 միավորով: Այս արդյունքը պետք է գոհացուցիչ համարել: Անցկացրած 13 մրցախաղերից 7-ը մեր հավաքականը շահեց, 4-ն ավարտեց ոչ-ոքի, 2-ում պարտվեց: Մեր թիմում բոլորից շատ` 8,5 միավոր վաստակեց Էլինա Դանիելյանը (12 հնարավորից): 12 պարտիաներում 7,5 միավոր վաստակեց Լիլիթ Մկրտչյանը: Նրանք մեկական պարտություն կրեցին: Սիրանուշ Անդրեասյանը թիմին պարգեւեց 5,5 միավոր (9 հնարավորից), իսկ Նելլի Աղինյանի արդյունքն է 2,5 միավոր (6 հնարավորից): Կանանց մրցաշարում 2-րդ տեղը 28 միավորով գրավեց ՌԴ հավաքականը, իսկ բրոնզե պարգեւները բաժին հասան չին շախմատիստուհիներին:

Իսկ այժմ կրկին անդրադառնանք մեր տղամարդկանց հավաքականի մրցելույթներին` բերելով անհատական ցուցանիշները: Մեր հավաքականին բոլորից շատ միավոր (10) պարգեւեց Գաբրիել Սարգսյանը, որը մասնակցելով բոլոր 13 մրցախաղերին, այդպես էլ պարտություն չկրեց: Բարձր արդյունք ցույց տվեց նաեւ 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած Վլադիմիր Հակոբյանը: Նա 12 հնարավորից վաստակեց 9 միավոր: 3-րդ ցուցանիշն ունի Լեւոն Արոնյանը` 7 միավոր 11 հնարավորից: Ընդ որում Հակոբյանը եւս չպարտվեց, իսկ Արոնյանը միայն մեկ պարտիա տանուլ տվեց: Կարեն Ասրյանը վաստակեց 5 միավոր (10 հնարավորից): Սմբատ Լպուտյանն ու Արտաշես Մինասյանը 3 հնարավորից թիմին 2,5-ական միավոր բերեցին:

Նշենք, որ Գաբրիել Սարգսյանի արդյունքն օլիմպիադայի մասնակիցների մեջ 2-րդն է: Նույնպես 10 միավոր, սակայն 12 հանդիպումներում վաստակել էր չին շախմատիստ Յուե Վանգը: Վլադիմիր Հակոբյանի արդյունքը 7-րդն է: Իսկ 2-րդ խաղատախտակի վրա հանդես եկած շախմատիստների մեջ Հակոբյանը զիջում է միայն Անդորրայի հավաքականի անդամ Յոսեպ Օմսին, որը նույնպես 9 միավոր է վաստակել, սակայն 11 պարտիաներում:

Վերջում շախմատասերներին հիշեցնենք Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթական երթը շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայում:

Վենեսուելա3-1
Նիգերիա3,5-0,5
Դանիա3-1
Նորվեգիա4-0
Ռուսաստան2-2
Ուզբեկստան2,5-1,5
Հոլանդիա3-1
Կուբա3-1
Ուկրաինա2,5-1,5
Չինաստան2,5-1,5
Չեխիա3-1
Ֆրանսիա2-2
Հունգարիա2-2

Այսպիսով, 13 մրցախաղերից 10-ում մեր թիմը հաղթեց, 3-ն ավարտեց ոչ-ոքի: 6-րդ տուրից հայ շախմատիստները միանձնյա առաջատարներն էին: Նշենք, որ մեր մրցակիցներից հինգը (Չինաստան, Հունգարիա, Ռուսաստան, Ֆրանսիա, Ուկրաինա) տեղ զբաղեցրին առաջին տասնյակում, մյուս հինգը (Չեխիա, Հոլանդիա, Ուզբեկստան, Կուբա, Դանիա)` երկրորդ տասնյակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4