Քոչարյան-Ալիեւ հանդիպման հավանականություն տարեվերջին
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բուխարեստում հունիսի 4-5-ը կայացած Քոչարյան-Ալիեւ հանդիպումը կարծես թե գոհունակություն չի հարուցում երկու կողմերին: Ինչպես նախօրեին հայտարարել էր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Բուխարեստում եւս չի հաջողվել լուծել այն հարցը, որ անլուծելի մնաց նաեւ Ռամբույեի հանդիպման ժամանակ: Բուխարեստի հանդիպման վերաբերյալ նույնաբովանդակ կարծիք է հայտնել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարը: Ըստ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Բուխարեստի բանակցություններում չեն հասել էական առաջընթացի: Չնայած դրան, Մամեդյարովը նշել է, որ կողմերը համաձայնության են եկել շարունակելու բանակցային գործընթացը եւ անհրաժեշտության դեպքում ԱԳՆ ղեկավարների մակարդակով անցկացնել հերթական հանդիպումը:
Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունիսի 6-ին Բուխարեստում ընդունած հայտարարության մեջ նշում են, որ մնում են նույն կարծիքին. «Խաղաղ կարգավորումը հրատապ է եւ իրականանալի, եւ որ 2006 թ. հարմար «պատուհան» է առաջընթաց ապահովելու համար»: Համանախագահները համոզված են, որ իրենց սահմանած եւ հակամարտող կողմերին ներկայացված կարգավորման հիմնական սկզբունքները «փոխընդունելի կարգավորման հիմք են ապահովում, եւ ափսոսում են, որ կողմերը դեռ համաձայնության չեն եկել այդ սկզբունքների շուրջը»:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, ապա «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մանը հայտարարել է, որ ռոտացիոն հիմքով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Միացյալ Նահանգները կներկայացնի մեկ այլ դիվանագետ: Սթիվեն Մանը ԱՄՆ պետդեպարտամենտում կզբաղեցնի պետքարտուղարի Կենտրոնական ու Հարավային Ասիայի երկրների հարցով օգնականի պաշտոնը: Թերեւս համանախագահի փոփոխությունը ժամանակային առումով անդրադառնա բանակցային գործընթացի վրա, քանի որ նոր համանախագահը կարիք ունի գործի ընթացքին ծանոթանալու: Բացի այդ, Ռուսաստանը եւս ի դեմս Ադրբեջանում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Բուրդիկինի, այնքան էլ չի ողջունում համանախագահի ռոտացիան: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Բուրդիկինը հայտարարել է, որ Սթիվեն Մանը խորությամբ հասկանում է երկու երկրների առանձնահատկությունները եւ նման փոփոխությունը երկու երկրների նախագահների հանդիպման անցկացման ժամանակ ու համաձայնության գալու որոշակի հույսի դեպքում «այնքան էլ լավ քայլ չէ»:
Մյուս կողմից, Բուխարեստի հանդիպման ընդհանուր առմամբ ոչ բավարար գնահատականի համատեքստում կողմերը նշում են մինչեւ 2006 թ. վերջը Քոչարյան-Ալիեւ եւս մեկ հնարավոր հանդիպման մասին: Նման կարծիք են հայտնել ինչպես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, այնպես էլ Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
Ըստ «Պանարմենիան.նեթի» մեջբերման, Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է նոր կազմով հանդիպեն, հանձնարարություններ տան արտգործնախարարներին, որոնք էլ կնախապատրաստեն նախագահների հանդիպումը: Իսկ թե 2006 թ. վերջին Քոչարյան-Ալիեւ երրորդ հավանական հանդիպման ընթացքում հնարավո՞ր է որեւէ փաստաթղթի, այսինքնՙ համաձայնության ստորագրում, բանակցության երկու մասնակից կողմերը նման հավանականություն չեն տեսնում: Մինչդեռ նույն այս օրերին Բաքվում «Կասպյան շրջանի նավթն ու գազը» ցուցահանդեսին մասնակցող ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Մեթյու Բրայզան, ըստ «Դեյ.ազ» գործակալության, հայտարարում է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման սեղանին հուսադրող փաստաթուղթ է դրված, ու Մ. Նահանգներն իր հերթին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է անում ներդնել լրացուցիչ ջանքեր այս տարի խնդրի լուծման համար: