«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


ՄԱԶՈԽԻՍՏ ԼԻՆԵԼՆ ԷԼ ՄԻ ԲԱՆ ՉԷ

Որքա՞ն հիմար է հարկավոր լինելՙ սեփական անձին ու ժողովրդին սուտ հայտարարություններով տանջելու համար: Պարզվում էՙ ադրբեջանցիներն այդ գործում վարպետ են: Չեն խնայում նույնիսկ հայրենակից ընթերցողներին եւ, անցնելով էթիկայի բոլոր նորմերը, դաժան նկարագրությունների հեղինակ դառնում:

Համոզվելու համար հարկավոր է պարզապես ինտերնետում փնտրել «Մեր հոգու հարությունը» («Воскрешениедушинашей») բառակապակցությունը եւ գտնել ադրբեջանական բազմաթիվ ինտերնետ կայքեր, որտեղ անմարդկային դաժանությունների մասին սեփական ձեռքով գրածը մեր հարեւանները վերագրել են գրող հրապարակախոս Զորի Բալայանին, ում հանդեպ վերջիններիս ընդգծված բասացական վերաբերմունքի պատճառները հայտնի են շատերին. ո՞վ կսիրի իրեն հաղթած ժողովրդի հրապարակախոսին:

Հայերի վարք ու բարքում, նույնիսկ ինքնապաշտպանական մարտերում անմարդկայինը գտնելու 15 տարվա անարդյունք փորձերից հետո ադրբեջանցիները որոշել են հայերին մեղադրել մտացածին դաժանությունների մեջ: Ինտերնետային ադրբեջանական բազմաթիվ աղբյուրներ մեջբերում են իբր թե Զորի Բալայանի հրատարակած «Մեր հոգու հարությունը» գրքից. « բայց միայն հայը, ում ազգի սիրտը հանել եւ շպրտել են վշտի կրակների մեջ, կարող է հպարտություն եւ բավականություն ստանալ այս տողերից:

Երբ մենք Խաչատուրի հետ մտանք նկուղ, որտեղ նրանց պահում էին, մեր զինվորներն արդեն երեխային արմունկներից մեխել էին պատուհանի շրջանակին: Ապա ես այդ 13-ամյա թուրքի հետ արեցի այն, ինչ նրա նախնիներն արել էին մեր երեխաների հետ: Նա արյունահոսությունից մեռավ: 7 րոպե անց Խաչատուրը նրա մարմինը մասերի բաժանեց եւ շպրտեց շներին»: Ոչ ամբողջությամբ մեջբերելով դաժան հարեւանի մտքի թռիչքի ամեն մի արտահայտությունՙ ցանկանում ենք ադրբեջանցի ընթերցողներին հանգստացնել եւ ասել. «Վերոշարադրյալը սոսկ ձեր հայրենակիցների հորինածն է: Զորի Բալայանը նման գիրք չի տպագրել»: Անհեթեթ է նաեւ սեփական հորինվածքն իրականության մոտ ցույց տալու համար նույնիսկ հրատարակության տեղՙ Վանաձոր, տարեթիվՙ 1996 թ. եւ մեջբերման էջերՙ 260-262 նշել:

«Կիլիկիա» առագաստանավի անձնակազմում գտնվող Զորի Բալայանն այս ամենի պատճառով բորբոքված կրքերի մի պատասխան նամակ է ուղարկել առագաստանավի տախտակամածից, որում գրում է. «Կիլիկիա» առագաստանավի տախտակամած անդադար զանգում են ծանոթներ եւ անծանոթներ, հարցնումՙ արդյոք ես ունե՞մ «Վանաձոր» հրատարակչությունում լույս տեսած «Մեր հոգու հարությունը» վերնագրով գիրք: Բանն այն է, որ արդեն երկու տարուց ավելի ինտերնետում հայտնվում է միեւնույն կեղտոտ տեղեկությունը, որտեղ մեջբերվում է, մեղմ ասած, ցնորված անհեթեթություն, իբր թե իմ գրքից: Ես չեմ ցանկանում իջնել այն մարդկանց մակարդակին, որոնք նույնիսկ չեն գիտակցում, որ նման կեղծ մեջբերումներով առաջին հերթին վարկաբեկում են իրենց ժողովրդին:

Ես պահանջում եմ բոլորից, ովքեր ըստ տրամաբանության այդպիսի դեպքերում պարզապես պարտավոր են կատարել գրողի իրավունքները ոտնահարող նմանատիպ ելույթների հետաքննություն, գոնե մեկ անգամ ցույց տալ ընթերցողին վերն անվանված գիրքը: Եթե գոյություն ունի, ապա դա այլ հարց է: Ես վստահ եմ եւ համոզված, որ մարդու իրավունքներ կոչվածը դատարկ հնչյուն չէ, այլ մեր կյանքի անհրաժեշտ իրողություն, եւ դա պարտավոր են պաշտպանել»:

Ադրբեջանցիների մազոխիզմը հասել է այն աստիճանի, որ Մոսկվայում Խոջալուի իբր թե ջարդերին նվիրված երեկոն ադրբեջանցիները որոշել են զարդարել միայն ինտերնետում եւ միայն այս տողերով գոյություն ունեցող «գրքի» բեմականացմամբ:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4