Հունիսի 1-5-ը Թեհրանի «Ազատություն» հյուրանոցը լի էր աշխարհի տարբեր երկրների եւ ազգերի ներկայացուցիչներով: Աշխարհի 40 երկրներից (Հայաստան, Հնդկաստան, Պակիստան, Քուվեյթ, Տաջիկստան, Իտալիա, Հորդանան, Մալայզիա եւ այլ) պատվիրակություններ էին հրավիրվել Իրան` մասնակցելու Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ եւ Իսլամական Հանրապետության հիմնադիր (ԻԻՀ) Իմամ Խոմեյնիի մահվան 17-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին:
27 տարի առաջ` 1978-1979 թթ., Իրանի ժողովուրդը` Իմամ Խոմեյնիի գլխավորությամբ իրականացրեց մի հեղափոխություն, որի արդյունքում տապալվեց 2500 տարվա շահական իշխանությունն ու հաստատվեց իսլամական հանրապետություն: Փաստորեն, ըստ էության հեղափոխության կարեւորումը իրանցիների համար կրոնի արժեւորումն է նաեւ: Հեղափոխությունը իրանցիների գնահատմամբ մեծապես նպաստել է երկրի հետագա զարգացմանը, եւ ամեն տարի նրանք անդրադառնում են ոչ միայն հաջողությամբ պսակված հեղափոխությանը, այլեւ առաջնորդի մահվան տարելիցին:
Հինգ օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրներից եկած այցելուները եղան Ջամարան թաղամասում գտնվող Խոմեյնիի տուն-թանգարանում, որը յուրատեսակ սրբատեղի է դարձել, ինչպես նաեւ Խոմեյնիի դամբարան: Հատկապես հունիսի 4-ին Իմամ Խոմեյնիի դամբարանի շուրջը հավաքված մարդկանցից այնպիսի տպավորություն էիր ստանում, որ թվում էր, թե հայտնվել ես իսլամական աշխարհի խառնարանում: Մարդկանց այդ մեծ հոսանքում այցելուները շտապում էին մեկ վայրկյան շուտ լինել դամբարանում: Հիշատակի արարողությունների օրերին քաղաքում ամենուր սեւ դրոշներ էին, մարդկանց անվտանգությունը հոգում էին ոստիկանության ու անվտանգության աշխատակիցները, իսկ շտապօգնության մեքենաներն ու ուղղաթիռները պատրաստ էին օգնության:
Հունիսի 3-ին առաջնորդի տարելիցի առիթով ԻԻՀ ռադիոհեռուստատեսության համագումարների կենտրոնում տեղի ունեցավ ընդգրկուն կոնֆերանս «Իմամ Խոմեյնին եւ Աստծո առաքյալների մեծարումը» թեմայով, որի ժամանակ հանդիպման մասնակիցներն իրենց ելույթներում բազմակողմանիորեն ներկայացնում էին Խոմեյնիի մտահղացումները, նրա տեսակետները մարդու, աշխարհի եւ մարդկային վեհության մասին, ինչպես նաեւ մատնանշում նրա շնորհիվ ունեցած ձեռքբերումները: Իրանի նախկին նախագահ, այժմ կրոնների երկխոսության գրասենյակի նախագահ Մոհամմադ Խաթամին ընդգծեց Խոմեյնիի նախանշած ճանապարհը, ուր «մարդկային վեհությունն անժխտելի դեր ունի»: Պակաս հուզիչ չէր Խոմեյնիի դստեր` Զահրա Մուստաֆափի եւ թոռան` Սեյեդ Հասան Խոմեյնիի ներկայությունը կոնֆերանսին:
Հիշատակի արարողությունների շրջանակում պատվիրակությունների ներկայացուցիչների հետ Խոմեյնիի դամբարանին կից ընդունելությունների տանը հանդիպեց նաեւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը, որի խոսքերով, ընթացիկ տարին Իրանում կոչվում է Մուհամմեդ մարգարեի անունով, որն ավելի է ընդգծում հիշատակի արարողությունները: Նախագահը ներկայացրեց եւ մեծարեց Խոմեյնիի գաղափարները` միաժամանակ ընդգծելով, որ հեղափոխությունը լույս սփռեց մթության մեջ: Նախագահ Ահմեդինեժադի ելույթը ներկաները ցնծությամբ ընդունեցին, իսկ Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներից մեկն էլ խնդրեց իրենց երկիր բրինձ ուղարկելու փոխարեն հեղափոխություն ուղարկել: Ներկաները նաեւ ցավակցեցին նախագահին` հոր մահվան կապակցությամբ:
Այցելությունների շրջանակում աշխարհի տարբեր ծագերից ժամանած հյուրերը եղան նաեւ Ղոմ քաղաքում, ուր ապրել է Իմամ Խոմեյնին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Թեհրան-Երեւան