«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԻՍՐԱՅԵԼ Է ՄԵԿՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՍԵԶԵՐԸ

Նա կանխավ մերժել է Պաղեստինի վարչապետ Հանիայի հանդիպման խնդրանքը

Երեկ երկօրյա պաշտոնական այցով Իսրայել է մեկնել Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերը: Այսօր նա կհանդիպի Իսրայելի նախագահ Մոշե Կացավի եւ երկրի մյուս ղեկավարների հետ, ապա կանցնի Պաղեստին: Կացավի հետ հանդիպմանը Սեզերը կքննարկի երկկողմ հարաբերություններին, արաբա-իսրայելական հակամարտությանը, Իրանի միջուկային ծրագրին առնչվող հարցերը: Թեեւ թուրքական մամուլը շրջանցում է, սակայն ենթադրելի է, որ Թուրքիայի նախագահը Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումներում կանդրադառնա Պաղեստինում «Համասի» իշխանությանն ու Իրաքի քաղաքական զարգացումներին:

Հունիսի 8-ին նախագահ Սեզերը Իսրայելից կմեկնի Պաղեստին, որտեղ կհանդիպի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: Ամենայն հավանականությամբ այս հանդիպման օրակարգի հարցերը կճշտվեն Կացավ-Սեզեր բանակցությունների արդյունքներով: Համենայն դեպս այդ հարցերի մասին թուրքական մամուլը որեւէ տեղեկություն չի տալիս: Պարզապես նշվում է, որ Սեզերը նախապես մերժել է Պաղեստինում «Համասի» կազմած կառավարության վարչապետ Իսմայիլ Հանիայի հանդիպման խնդրանքը: Միաժամանակ նա թուրքական պատվիրակության կազմում չի ընդգրկել ոչ մի նախարարի, որպեսզի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարության անդամներն իր այցելության ընթացքում հանկարծ չհանդիպեն «Համասի» կառավարության ներկայացուցիչների հետ:

Այլ կերպ` նախագահ Սեզերի այցելության ծրագիրն էապես տարբերվում է Պաղեստինում «Համասի» ներկայացուցիչների հետ առանց հապաղելու հանդիպող վարչապետ Էրդողանի կառավարության անդամների ծրագրից: Խնդիրը, սակայն, այցելության ծրագիրը չէ, այլ Պաղեստինի վարչապետ Հանիայի հանդիպման խնդրանքը մերժելու համար Թուրքիա-Պաղեստին բարեկամության խմբի անդամ, Մեջլիսի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության պատգամավոր Փաթմա Շահինի ցուցաբերած բուռն հակազդեցությունը նախագահ Սեզերին:

Տկն Շահինը, ինչպես այդ մասին հունիսի 6-ի համարում նշում է «Ենի շաֆաք» թերթը, հանդիպման խնդրանքի մերժումը համարել է «դիվանագիտական սկանդալ», նշել է, որ Սեզերը պարտավոր էր ընդառաջել Պաղեստինի վարչապետին, պատճառաբանելով. «Հանիան իշխանության է եկել պաղեստինցի ժողովրդի քվեներով: Ավելին, նա կառավարություն կազմելու պարտականությունը ստացել է Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասից: Այս սկանդալը լուրջ վնաս է հասցնելու պաղեստինյան պայքարին»:

Հակառակ նրան, վարչապետ Հանիայի խնդրանքի մերժմանը գոհունակությամբ է արձագանքել Իսրայելի նախագահը: Նա CNN-Turk-ի հարցերին պատասխանելիս ասել է, որ «Համասի» պատվիրակության հյուրընկալումն Անկարայում մեծ հիասթափություն էր պատճառել, սակայն Սեզերի այցն Իսրայել լուրջ նպաստ է բերելու երկու երկրների հարաբերություններին:

Իսրայելի նախագահը պատասխանել է նաեւ Սեզերի այցի առնչությամբ թուրքական NTV-ի հարցերին: Ահա թե ինչ է ասել. «Հիրավի շատ ուրախ եմ: Մեծարգո նախագահ Սեզերն իմ բարեկամն է եւ պաշտոնական այցելություն է կատարում Իսրայել: Ինձ մեծ գոհունակություն է պատճառում երկկողմ հարաբերությունների բարեհաջող ընթացքը: Քաջ հայտնի է, որ Թուրքիան Իսրայելում բարի համբավ ունի, շատ գեղեցիկ երկիր է, մենք ունենք ընդհանուր արժեքներ, համընդհանուր շահեր, եւ այս այցը շատ օգտակար է լինելու: Խորին շնորհակալություն մեծարգո նախագահ Սեզերին»:

Իսրայելի արտգործնախարար Ցիպի Լիվնիի մայիսի 25-ին Անկարա կատարած այցը, որին ընդունել էին Էրդողանի կառավարության ներկայացուցիչները, չէր նպաստել թուրք-իսրայելական լարվածության հաղթահարմանը: Ընդհակառակը, Իրանի եւ «Համասի» առնչությամբ պահանջների երկուստեք մերժումը երկկողմ հարաբերություններում նոր տարաձայնությունների առաջացման պատճառ էր դարձել: Նախագահ Սեզերի Իսրայել կատարած այցով այդ լարվածությունը գուցե թուլանա: Սակայն թուլացումն էլ, ամենայն հավանականությամբ, կսրի Թուրքիայի նախագահի եւ Էրդողանի կառավարության հարաբերությունները, որոնք առանց այդ էլ լարված են:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4