Ադրբեջանում Իրանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Բաքվի երկու թերթերում Իմամ Խոմեյնիի, այաթոլլա Խամենեիի եւ Իրանի նախկին ու ներկայիս նախագահների ծաղրանկարների հրապարակման կապակցությամբ:
Հայտարարության մեջ նշվում է, որ նման վիրավորական հրապարակումները «հակասում են բոլոր կրոններին, մարդկայնության սկզբունքներին, մարդու իրավունքներին եւ չարաշահում են խոսքի ու մամուլի ազատությունը»: Այնուհետեւ դեսպանությունն Ադրբեջանի կառավարությանը երախտագիտություն է հայտնում նման փաստերի արագ կասեցմանն ուղղված գործողությունների համար եւ «նախազգուշացնում է, որ Իրանի բնակչության մեծ մասն ակնկալում է, որ ծաղրանկարների հեղինակները խստիվ կպատժվեն»:
Ռեգնում գործակալության տվյալներով, Բաքվի «Գյուն» եւ «Նյու ֆակտ» թերթերը հրապարակել էին Իրանի հոգեւոր առաջնորդների ծաղրանկարները, ինչպես նաեւ բարձրյալին հասցեագրված վիրավորական արտահայտություններ: