«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


ԴԵՍՊԱՆ ՀՐԱՉ ՍԻԼՎԱՆՅԱՆ. «ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է ԲԱՐԻԴՐԱՑԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՐԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆԸ»

Վրաստանում Հայաստանի նոր դեսպան Հրաչ Սիլվանյանը աշխատանքային 100 օրվա կապակցությամբ «Ազգի» հարցազրույցում անդրադառնում է հայ-վրացական հարաբերությունների ներկա վիճակին ու հնարավոր զարգացումներին, ինչպես նաեւ հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրներին: Հարցազրույցը պատրաստ էր բավական առաջ, սակայն հետաձգվեց մայիսի 3-ին Սոչիում տեղի ունեցած ողբերգության իրադարձությունների զարգացմանը հետեւելու հանգամանքներում:

- Ներկայումս ի՞նչ խնդիրներ կան հայ-վրացական հարաբերություններում, որոնք խոչընդոտում են զարգացմանը:

- Եթե քաղաքականության ոլորտում միջպետական հարաբերությունների զարգացումն առանց վարանումների կարելի է գնահատել բավականին բարձր, ապա տնտեսական գործընկերության, հումանիտար կապերի ամբողջ համալիրի բարելավման ու կատարելագործման մեխանիզմն ունի զգալի չափով չօգտագործված ներուժ:

Անհեռանկարային է ու սխալ հայ-վրացական հարաբերություններիՙ հաճախ չափազանցրած հիմնախնդիրների նախադրյալները փնտրել քաղաքական կամ էթնո-դավանական դաշտում: Երկկողմ կապերի զարգացմանը եւ խորացմանը խոչընդոտող հիմնական գործոնը մեր երկրների սոցիալ-տնտեսական դժվարություններն են: Տնտեսական համակարգերի ձեւափոխությունն ուղեկցվում է բնակչության չափից դուրս քաղաքականացմամբ եւ առանձին խումբ մարդկանց մեջ ծնում է արմատականություն հայացքներում, իսկ երբեմն, ցավոք, նաեւ գործողություններում: Արմատականության ոլորտը կարող է բարեբեր անդաստան դառնալ քաղաքականության, գաղափարախոսության, գիտության եւ տարբեր դավանանքների մարգինալների համար: Բարեբախտաբար, նրանք չեն որոշում մեր երկրների բախտը: Հայաստանի ու Վրաստանի ղեկավարությունները պարզորոշ գիտակցում եւ հետեւողականորեն իրականացնում են այն դիրքորոշումը, որ անհրաժեշտ է սկզբունքորեն եւ լավագույնս լուծել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրները:

- Հայաստանը ինչպիսի՞ դիրքորոշում կարող է ունենալ կամ որդեգրել Ջավախքի հիմնախնդիրների լուծման հարցում:

- Վրաստանի կայունությունը եւ բարգավաճումը Հայաստանի համար գլխավոր առաջնություններից է եւ դրական ռազմավարական գործոն: Դրանից ելնելով, ամեն կերպ պետք է պաշտպանենք իրավիճակի կայունացման ուղղությամբ վրացական ղեկավարության քայլերը թե՛ երկրում, թե՛ Ջավախքում: Կայուն եւ բարգավաճող Վրաստանը Հայաստանի համար նշանակում է փոխշահավետ եւ կառուցողական երկկողմ համագործակցություն, անքակտելի կապ Եվրոպայի ու Ռուսաստանի, իսկ Վրաստանի համարՙ Իրանի ու Մերձավոր Արեւելքի հետ: Եվ վերջապես, հենց այդպիսի Վրաստանում դարձյալ կկազմավորվի ունեւոր եւ հեղինակավոր հայ համայնք, որը կգործի ի բարօրություն երկու երկրների ու ժողովուրդների:

Իսկ Ջավախքի հիմնախնդիրների լուծման կոնտեքստով հայկական կողմի կոնկրետ միջոցառումները նախատեսում են մեր կողմի աջակցությունը վրացական կառավարության մի շարք նպատակային ծրագրերին: Ընդսմին, քննարկվում է Աշոցք-Նինոծմինդա էլեկտրահաղորդագծի նախագիծն իրացնելու նպատակով համատեղ հայ-վրացական ձեռնարկություն ստեղծելու գաղափարը: Համաձայնեցվում են երկկողմ համագործակցության ձեւերըՙ կապված Ախալցխա-Նինոծմինդա-Ծալկա-Թբիլիսի ավտոմայրուղու շինարարության հետ: Համաձայնեցվում է Ախալքալաքում հայ-վրացական համալսարան ստեղծելու նախագիծը, որտեղ ուսուցումը կիրականացվի հայերեն եւ վրացերեն: Հայաստանն իր բյուջեից նաեւ ֆինանսավորում է Ջավախքի հայկական կրթական հիմնարկների նորոգումը եւ վերակառուցումը:

- Աբխազական երկաթուղու առնչությամբ ի՞նչ կարող է անել Հայաստանը նպաստելու այդ գծի վերագործարկմանը:

- Երկաթուղու աբխազական հատվածի շահագործումը վերսկսելու հարցով ստեղծվել է քառակողմ կոնսորցիումՙ Վրաստանի, Աբխազիայի, Ռուսաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ: Հետագայում հնարավոր է եւ Ադրբեջանի մասնակցությունը: Ենթադրվում է, որ տեղամասի վերականգնման համար կծախսվի մոտավորապես 150-200 մլն դոլար, իսկ ժամանակի առումով, Սոչի-Թբիլիսի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը կպահանջի մեկուկես-երկու տարի: Առաջին փուլում նախատեսվում է երթեւեկությունն իրականացնել ջերմաքարշերով, իսկ հետո կատարել մայրուղու էլեկտրիֆիկացում: Վերականգնման ամենաբարդ հատվածը Ինգուրի գետի կամուրջն է: Ի դեպ, արդեն գործում է երկաթուղու հատվածներից մեկը, որը Սոչին միացնում է Սուխումին:

Մեծապես կարեւոր է, որ երկաթուղու աբխազական հատվածի վերականգնման հիմնախնդիրը վերջնականապես համաձայնեցվեց Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Նախագծի իրացումը շահավետ է բոլոր կողմերի համար: Վրաստանում այն 30 տոկոսով կկրճատի բեռնափոխադրումների արժեքը: Ռուսաստանին ընձեռում է դեպի Հայաստան եւ այլ երկրներ տարանցիկ փոխադրումների հնարավորություն:

Նախնական հաշվարկների համաձայն, Ռուսաստանի բաժնեմասը կոնսորցիումում կկազմի 50 տոկոս, Վրաստանինըՙ 30, Հայաստանինը եւ Աբխազիայինըՙ 10-ական տոկոս: Ավելի ստույգ տեխնիկական եւ ֆինանսական մանրամասները հնարավոր կլինի ներկայացնել կոնսորցիումի կողմերի հանդիպումից հետո, որը նախատեսված է մոտ ժամանակներս անցկացնել Երեւանում:

- Ըստ Ձեզ, իրականանալի՞ ծրագիր է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի կառուցումը, եւ եթե դա դառնա իրականություն, ի՞նչ հետեւանքներ կունենա:

- Հայկական կողմի դիրքորոշումը շարադրվել է բավականին հաճախ, հստակորեն եւ պարզորոշ: Ընդ որում, Հայաստանի մոտեցումը միանշանակ համընկնում է պետությունների եւ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների գերակշիռ մեծամասնության դիրքորոշմանը:

Ինչ վերաբերում է վրացական կողմի դիրքորոշմանը, ապա այն հնչեցրել է իմ գործընկերըՙ Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն: Ձեր թերթին տված հարցազրույցում նա նշել է, թե Վրաստանը շահագրգռված է, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին հարկավոր չլինի, որ այդ գծի կառուցումը բավականին աշխատատար եւ տնտեսապես անշահավետ է:

- Ինչպիսի՞ն է Ձեր ծրագիրը եւ ի՞նչ հարցեր եք առանձնապես կարեւորումՙ որպես Վրաստանում Հայաստանի նոր դեսպան:

- Չընկղմվել մասնավորությունների մեջ, առօրյա գործերում, միանշանակորեն կողմնորոշված լինել դեպի այն գործոնները, գաղափարները, իրադարձությունները, որոնք միավորում են, այլ ոչ թե իրարից հեռացնում ժողովուրդներինՙ ահա, իմ կարծիքով, դեսպանի գլխավոր նպատակը: Դիվանագիտական գործունեության ռազմավարության գործոններին ավելանում է նաեւ բարիդրացիության, մեր ժողովուրդների մերձավոր հարազատության գործոնը, ինչը անհրաժեշտ է պահպանել խնամքով եւ հետեւողականորեն:

Բոլոր հնարավոր, ծագող հիմնախնդիրների վերացում, համաձայնեցում եւ լուծում վրացական կողմի հետՙ բարեկամության եւ փոխըմբռնման հիմունքով, մեր քաղաքական ու տնտեսական գործընկերության խորացում եւ կատարելագործում, ավանդական մշակութային, հումանիտար համագործակցության հետագա զարգացում, կառուցողական աշխատանք վիրահայ համայնքի հետ, իսկ վերջինս երկկողմ հարաբերությունների ծանրակշիռ լրացուցիչ եւ իրական կատալիզատոր է: Ահա այս ամենը ինձ համար կլինի գերակշռողը եւ իմՙ որպես Վրաստանում Հայաստանի դեսպանի գործունեության ծրագիրը:

- Ի՞նչ մոտեցում ունեք հայկական եկեղեցիների վերադարձման, հայկական դպրոցների եւ Ջավախքում հայերենի կարգավիճակի հարցերին:

- Հայկական եկեղեցիները վերադարձնելու հիմնախնդիրը հրահրված է, նախ եւ առաջ, Վրաստանում Հայաստանյայց առաքելական եկեղեցու իրավական կարգավիճակի կանոնակարգված չլինելով: Մինչեւ վերջին ժամանակներս վրացական իշխանությունները հրաժարվում էին մեր եկեղեցին գրանցել որպես կրոնական համայնք կամ կազմակերպություն` առաջարկելով մասնավոր իրավունքի սուբյեկտի կարգավիճակ: Բացի դրանից, Վրաստանում մինչեւ այսօր բացակայում են կրոնական միավորումների, խղճի ազատության եւ դավանանքի օրենքներ: Քանի որ ինքըՙ հիմնախնդրի լուծումը գտնվում է աշխարհիկ եւ եկեղեցական իրավական կարգավորման հատույթում, ապա Հայաստանյայց առաքելական եկեղեցու հանդեպ արմատական դեմարշներ նկատվում են ինչպես կրոնական, այնպես էլ քաղաքացիական շրջաններում: Այդ հարցի բորբոքմանը նոր «շունչ» հաղորդեց վերջերս Թբիլիսիում անցկացված «Քրիստոնեությունը մեր կյանքում. անցյալը, ներկան, ապագան» միջազգային սիմպոզիումը, որտեղ հայ հոգեւորականության ներկայացուցիչների մի շարք դրույթներըՙ անցյալում մոտ 600 շինությունների վիրահայ թեմի կազմում գտնվելու մասին, հարուցեցին վրացական գիտական շրջանների առանձին ներկայացուցիչների արտակարգ հուզմունքը: Խորհրդաժողովի ընթացքում նրանք ոչ կոռեկտ դիտողություններ հղեցին Հայ եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ հետո այդ զայրալից դեմարշը փոխադրվեց մի շարք վրացական թերթերի էջեր: Բնականաբար, այդ «բարեբեր» նյութից չհապաղեցին օգտվել երկրի արմատական կազմակերպությունները: Ընդսմին, վիրահայ թեմը երբեք իրավունքներ չի ներկայացրել նշյալ 600 շինությունների նկատմամբ: Խոսքը միայն վեց փակված եկեղեցիների մասին է, որոնցից հինգը գտնվում է Թբիլիսիում, մեկըՙ Ախալցխայում:

Հայկական եկեղեցիները վերադարձնելու իր կարծիքն ունի նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտը, որը «2005 թվականին կրոնի ազատության ասպարեզում առկա դրության մասին» 2005 թվականի նոյեմբերի 8-ի իր զեկուցման մեջ նշում է. «Առանձնապես սուր է ծառացած Նորաշեն եկեղեցու հարցը: Մինչեւ խորհրդային ժամանակաշրջանը տաճարը պատկանում էր Հայաստանյայց առաքելական եկեղեցուն: Խորհրդային ժամանակաշրջանում այստեղ տեղադրվել էր գիտությունների ակադեմիա: 1995 թ. փետրվարի 15-ին` պատրիարքության որոշմամբ, եկեղեցին օծվեց որպես Աստվածամոր ավետման եկեղեցի եւ այնտեղ մատուցվեց ուղղափառ պատարագ: Այդ կապակցությամբ Հայ եկեղեցին բողոք հայտնեց: Պատրիարքությունը հարկադրված եղավ հեռանալ եկեղեցուց, սակայն չզիջեց Հայ եկեղեցուն: Այսօր Նորաշենը մատնված է անգործության»:

Վիրահայ թեմը ստեղծված դրությունից դուրս գալու ելք է համարում Վրաստանի կառավարության հետ համաձայնագրի ձեւակերպումը, ըստ որի կսահմանվի թեմի իրավական կարգավիճակը եւ կլուծվեն դրա հետ կապված այլ հարցեր: Դեսպանությունը լիովին պաշտպանում է տվյալ դիրքորոշումը, հուսալով, որ Վրաստանի պաշտոնական իշխանությունները կգտնեն արդյունավետ իրավական մոդուս, որը կսահմանի ինչպես հայկական եկեղեցու կարգավիճակը Վրաստանում, այնպես էլ եկեղեցիների պատկանելությունը: Դրանով իսկ վերջապես կփակվի այն հարցը, որը գործունեության ասպարեզ է տրամադրում պոլիտիկաններին եւ հուզում երկու երկրների ժողովուրդներինՙ միայն իրավական տեսակետից կանոնակարգավորված չլինելու պատճառով:

Անդրադառնալով Վրաստանում հայկական դպրոցների հարցին, անհրաժեշտ է նշել, որ Վրաստանում գործում են 153 հայկական դպրոցներ, որոնցից 104-ը գտնվում է Ջավախքում: Հայկական դպրոցների տեխնիկական վիճակի վերաբերյալ պետք է ասեմՙ ոչ լավ է եւ ոչ էլ վատ վրացական, ռուսական կամ այլ դպրոցներից եւ որոշվում է Վրաստանի կառավարության իրական հնարավորություններով: Ավելին, վրացական ղեկավարությունը ձեռնարկում է իրատեսական քայլերՙ ազգային դպրոցների տեխնիկական վիճակի կարգավորման ուղղությամբ: Ջավախքում հայկական դպրոցների նորոգումը եւ վերասարքավորումը վրացական իշխանություններն իրականացնում են Հայաստանի հետ: Ներկայումս Հայաստանի կառավարությունն այդ նպատակով արդեն ծախսել է 350 հազար դոլար: Բացի դրանից, Հայաստանը ստանձնել է նաեւ հայկական դպրոցների ապահովումը դասագրքերով եւ գեղարվեստական գրականությամբ:

Հայկական դպրոցների հիմնախնդիրը պարփակված է ոչ թե նրանց նկատմամբ վրացական իշխանությունների առանձնակի վերաբերմունքով, այլ հենց իրենցում: Անշուշտ, Վրաստանի հայկական դպրոցներում կան փայլուն ուսուցիչներ, սակայն, ցավոք, նրանց թիվը չի աճում, կրճատվում է: Տվյալ դպրոցներում զգալի կատարելագործման պահանջ ունի նաեւ գիտամեթոդական աշխատանքը: Եվ վերջապես, ինչը շատ կարեւոր է, անհրաժեշտ է ավելի բարձր մակարդակի հասցնել վրացերենիՙ պետական լեզվի, ինչպես նաեւ օտար լեզուների դասավանդման մեթոդիկան: Այդ առումով խիստ կարեւոր եւ օրինակելի է Թբիլիսիի Ներսիսյան դպրոցի եւ Մոսկվայի Լազարյան ճեմարանի պատմական օրինակը, որտեղ սովորելը օտարերկրացիները համարում էին պատիվ: Ինչ վերաբերում է այսօրվա իրականությանը, ապա Թբիլիսիում հայկական դպրոց հաճախում է յուրաքանչյուր քառասուներորդ հայ սովորողը, մյուսները տարակենտրոնացված են ռուսական եւ վրացական դպրոցական հիմնարկներում:

Ինչ վերաբերում է Ջավախքում հայերենին պետական լեզվի կարգավիճակ շնորհելուն, կցանկանայի նշել, որ տվյալ հարցի լուծումըՙ իր ամբողջ հրատապությամբ հանդերձ, մոտակա հեռանկարում նվազ հավանական է: Ներկայումս թերեւս կարելի է, օրինակ, բարձրացնել Ջավախքում հայոց լեզվին աշխատանքային կամ գործավարության լեզվի կարգավիճակ տալու հարցըՙ վրացերենի հետ: Նման դեպքում Վրաստանի ղեկավարության համար էլ անհամեմատ ավելի դյուրին կլինի գտնել հայոց լեզվի կարգավիճակի լավագույն տարբերակ:

- Որպես Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան` նարնջի գո՞ւյնն եք սիրում, թե՞ համը:

- Հարցը, ինչպես կարելի է ենթադրել, ունի երկու տեսանկյունՙ գաստրոնոմիական եւ քաղաքական: Առաջին տեսակետի մոտեցմամբ, ես սիրում եմ նարնջի ե՛ւ գույնը, ե՛ւ համը, առավել եւս, որ մասնագետ բժիշկները հանգել են եզրակացության, որ ոչ միայն նարինջն է օգտավետ առողջության համար, այլեւ նարնջի գույնը դրականորեն է ներգործում մարդու տոնուսի վրա: Թեեւ, մեղքս ինչ թաքցնեմ, ինձ ավելի շատ դուր է գալիս գրեյպֆրուտը:

Քաղաքական տեսակետից ես, ինչպես եւ ամեն մի դիվանագետ, դալտոնիկ եմ այն հարցերում, որոնք անմիջականորեն չեն շոշափում մեր ժողովրդի եւ պետության շահերը, եւ ինձ համար կարեւոր է սոսկ մի պարագաՙ նարնջի գույնը եւ համը որքա՞ն են ընդունելի ուկրաինացի ժողովրդի համար, որին այդքան հարգում եւ սիրում եմ:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4