Հայաստանը մտահոգված է Ռուսաստանում հայերի սպանությունների առնչությամբ: Փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանի խոսքերով, Հայաստանը Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի միջոցով իր մտահոգության մասին տեղյակ է պահել Մոսկվային: Ըստ ՀՀ փոխարտգործնախարարի, խնդիրը բավականին լուրջ է, եւ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները պաշտոնական հանդիպումներ են անցկացնում այս հարցի կապակցությամբ:
Գեղամ Ղարիբջանյանը նշեց նաեւ, որ հարցի դիտարկումը տուժածների Հայաստանի քաղաքացիներ լինել-չլինելու տեսանկյունից ճիշտ չէ: Ղարիբջանյանը կարծիք է հայտնել, թե վերջերս Ռուսաստանի գլխավոր դատախազին պաշտոնից ազատելու պատճառներից մեկն էլ քսենոֆոբիա դրսեւորող խմբավորումների դեմ անարդյունավետ պայքարն է: Փոխարտգործնախարարը լրագրողներին տեղեկացրեց նաեւ, որ Ռուսաստանն ու Հայաստանը ներկա պահին բանակցություններ են վարում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության շենքը Հայաստանին որպես սեփականություն հանձնելու համար: Դրա դիմաց հայկական կողմը կվճարի Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենքի շինարարության համարՙ մոտ 190 մլն դրամ:
Ա. Հ.