Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 6-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը եւ կարգավորումը» կանոնակարգ 10-ը, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի 2006թ. առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը եւ 2006թ. ծախսերի նախահաշվի ու կապիտալ ներդրումների ծրագրի առաջին եռամսյակի կատարողականը: Խորհրդի որոշմամբ հաստատվեցին նաեւ 2006-2007 թվականների հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայոց պետականության 15-ամյակ» հուշադրամի ուրվագծերը:
Խորհրդի որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի գրանցումն ու լիցենզավորումը, բանկերի մասնաճյուղերի եւ ներկայացուցչությունների գրանցումը, բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի ղեկավարների որակավորումը եւ գրանցումը» կանոնակարգ 1-ում եւ «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում: Փոփոխություն կատարվեց «Մասնագիտացված անձանց կողմից հաճախորդներին արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունները հավաստիացնող փաստաթղթերի տրամադրման» կարգում:
ԿԲ խորհուրդը որոշեց «Էխոբանկ» ՓԲԸ լուծարվող բանկը լուծարված եւ գործունեությունը դադարած համարել:
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը չառարկեց «Հայաստանի ֆոնդային բորսա» ԻԿԿ-ում «Ուստիան» ԲԲԸ-ի եւ «Սյունիք» ԲԲԸ-ի հասարակ բաժնետոմսերի գրանցման դադարեցմանը:
Խորհրդի որոշմամբ ուժը կորցրած ճանաչվեցին արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 65, 256, 261/1, 348, 350, 411, 425, 425/1, 450, 467, 538, 550, 610, 637, 641 լիցենզիաները, ինչպես նաեւ «Լոմբարդ-1» գրավատան կազմակերպման լիցենզիան:
ԿԲ մամուլի ծառայություն