2006 թվականի մայիսի 31-ին Մոսկվայի Գրականագետների կենտրոնական տանը` Ռուսաստանում Հայաստանի տարվա շրջանակներում տեղի ունեցավ հիշատակի երեկո` նվիրված հայտնի հայ արձակագիր, կինոթատերագիր եւ հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի 70-ամյակին:
Երեկոյի ընթացքում ելույթ ունեցան Հրանտ Մաթեւոսյանի ընկերներն ու գործընկերները, ցուցադրվեց ռեժիսոր Կարեն Գեւորգյանի «Օգոստոս» ֆիլմը` նկարահանված Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործությունների հիման վրա:
Մայիսի 30-ից հունիսի 1-ը մոսկովյան «Ռոլան» կինոթատրոնում` ՌԴ-ում Հայաստանի տարվա շրջանակներում անցկացվեց «Անսահման Փարաջանովը կամ Փարաջանովը` մարդ-նվագախումբ» եռօրյա փառատոնը:
«Ռոլանում» ցուցադրվեցին Սերգեյ Փարաջանովի քիչ հայտնի կարճամետրաժ ֆիլմերը, ճեմասրահում ներկայացվեցին Աստվածաշնչի թեմայով այն 26 նկարները, որոնք Փարաջանովը նկարել էր բանտարկության ժամանակ:
Ցուցահանդեսում ներկայացվեցին նաեւ Սերգեյ Փարաջանովի կոլաժները, լուսանկարները, նամակները:
2006 թվականի մայիսի 28-ին Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում` ՌԴ-ում Հայաստանի տարվա եւ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, տեղի ունեցավ Հայաստանի Երիտասարդական նվագախմբի համերգը: Համերգի ծրագրում հնչեցին Խաչատրյանի, Սպենդիարյանի, Մոցարտի, Բեթհովենի, Սիբելիուսի ստեղծագործությունները:
2006 թվականի հունիսի 1-ին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը` Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի տարվա եւ «Լավագույն հայ նկարիչները» նախագծի շրջանակներում բացվեց աշխարհահռչակ հայ նկարիչների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսում ներկայացված են Արեւելքի ժողովուրդների արվեստների պետական թանգարանի («Արեւելքի թանգարան») եւ «Արարատ արտ» պատկերասրահի ցուցանմուշները:
Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 40 աշխատանքներ, որոնք պատկանում են Այվազովսկու, Ա. Բաժբեուկ-Մելիքյանի, Գրիգորյանի (Ջոտտո), Քոչարի, Մինասի, Սարյանի, Էլիբեկյաննների եւ այլոց վրձիններին:
«Լավագույն հայ նկարիչները» նախագիծը բաղկացած է 5 ցուցահանդեսներից, որոնք տեղի կունենան Մոսկվայում, Փարիզում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում եւ Երեւանում:
Ռուսաստանում Հայաստանի տարվա միջոցառումների գլխավոր հովանավորներն են «Տաշիր գրուպ» եւ «Արմավիա» ընկերությունները եւ Երեւանի կոնյակի գործարանը: