«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


«ԵՍ ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՍՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԱՉՔԸ, ԱՅԼ ՄԻՏՔԸ»

«Ես միշտ խիզախել եմ ստեղծել մի արվեստ, ուր կհաստատեմ գույնը ձեւի մեջ եւ այն իրականություն կդարձնեմ: Եվ հանկարծ ես իմ անխոս կտավներից երաժշտություն լսեցի: Գույնը ոչ միայն միջոց է, այլեւ ուղղորդում ու ձերբազատում է ինձ հրճվանք արտահայտելու համար», իր արվեստի մասին այսպես է արտահայտվել միջազգային համարում ունեցող ավստրալահայ նկարչուհի Միլանդա դե Մոնթ-Գրիգորյանը:

Ծնվել է Իրանում, նկարել եւ պարել սկսել է մանկուց: Ծնողները քաջալերելու նպատակով նրա համար նկարչական ստուդիա են բացել, երբ 8 տարեկան էր: Երեք անգամ Իրանի պատանի նկարիչների մրցույթում արժանացել է ոսկե մեդալի: Սովորել է գեղանկարչություն, վայելչագրություն եւ պարսկական մանրանկարչություն (նրա ուսուցիչը եղել է հայտնի պարսիկ մանրանկարիչ Բեհզադի աշակերտը): Հետագայում ընտանիքով տեղափոխվել է Ավստրալիա, ուր եւ այժմ բնակվում է:

Միլանդա դե Մոնթը երկու անգամ նվաճել է Մյունխենի Գյոթեի ինստիտուտի միջազգային մրցանակը, թղթակցել է Դյուսելդորֆի արվեստի ակադեմիային, համագործակցել հանրաճանաչ գերմանացի նկարիչների հետ: 2001 թ. նա աշխարհի 15 նկարիչներից մեկն էր, որին Գյոթեի ինստիտուտը հրավիրեց ներկայացնելու իր աշխատանքները Բեռլինի եւ Վայմարի միջազգային սիմպոզիումին: Նրա աբստրակտ ստեղծագործությունները միշտ արվեստի երեք ճյուղերի` նկարչության, պարի եւ երաժշտության մեկ ամբողջություն են կազմում` ստեղծվելով բեմականացված միջավայրում: Նա իր նկարչական բեմադրությունները ներկայացրել է Ավստրալիայում, Ճապոնիայում եւ Գերմանիայում` համագործակցելով պրոֆեսիոնալ պարողների ու երաժիշտների հետ: «Ես պարում եմ իմ գծի հետ` շարժման մեջ ստեղծելով մարդկային էներգիայի մի փոխաբերություն», ասում է նկարչուհին: Նա նկարելու ժամանակ մարդուն գեղագիտական հոգեվիճակի էներգիա է փոխանցում ինքնաբուխ քնարական մեկնաբանությամբ եւ արտիստիկությամբ: Նրա աբստրակտ աշխատանքները կոչվում են «տեսողական երկխոսություն գեղանկարչության մեջ», դրանք ցուցադրվել են Ամերիկայում, Գերմանիայում, Բրիտանիայում, Հոլանդիայում, Ճապոնիայում եւ այլ երկրներում: Ունեցել է շուրջ 50 ցուցահանդես: Նրա աշխատանքները գտնվում են աշխարհի լավագույն պատկերասրահներում եւ մասնավոր հավաքածուներում: Այժմ աշխատում է Գերմանիայի եւ Ավստրալիայի իր արվեստանոցներում:

Այսօր ազգային պատկերասրահում կբացվի Միլանդա դե Մոնթի հայրենիքում առաջին ցուցահանդեսը, որի ժամանակ Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնի» պարուհի Գայանե Աբգարյանի եւ «Սայաթ-Նովա» համույթի մասնակցությամբ նա նոր ստեղծագործություններ կարարի:

2004 թ., երբ նկարչուհին իր ամուսնու հետ առաջին անգամ Հայաստան եկավ, Ավստրալիայում հայաստանյան թեմաներով աբստրակտ աշխատանքների ցուցահանդես բացեց: Իսկ իր առաջիկա ցուցահանդեսների մասին ասաց, որ երեւանյան ցուցահանդեսից հետո Ավստրալիայում ցուցահանդես կբացի, ուր կհամագործակցի չինացի պարողի եւ վիետնամցի ջութակահարի հետ, իսկ մյուս տարի ցուցահանդես կբացի Սինգապուրում` սինգապուրցի պարողի եւ երաժշտի հետ:

«Իմ աբստրակտ նկարչության մեջ շարժում կա, բնությունն իմ էներգիայի եւ ներշնչանքի աղբյուրն է: Ես զգում եւ տեսնում եմ ամեն ինչ, իմ մոդեռն հայացքը գալիս է բնությունից», ասում է Միլանդա դե Մոնթ-Գրիգորյանը:

Ա. ԱՄԻՐԽԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4