«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


ՀԱՄԵՐԳ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՑԱՐՏԻ ԾՆՆԴՅԱՆ 250-ԱՄՅԱԿԻՆ

Շարունակվում է «Ազգային պատկերասրահ» երաժշտական երկրորդ փառատոնը, որի շրջանակներում հունիսի 7-ի համերգը նվիրվում է Վ. Ա. Մոցարտի ծննդյան 250-ամյակին: Գալահամերգին իրենց մասնակցությունը կբերեն հռչակավոր դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Բաբայանը (ԱՄՆ), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղ. ղեկ. եւ գլխ. դիրիժոր Արամ Ղարաբեկյան), ինչպես նաեւ հանրահայտ երգչուհի Արաքս Դավթյանը:

Գյումրիում ծնված Սերգեյ Բաբայանը երաժշտական կրթություն ստանալուց հետո համերգային տեւական շրջագայություններ է կատարել Եվրոպայում, Ճապոնիայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ումՙ մշտապես շահելով առաջին մրցանակներ, նաեւ միջազգային փառատոների դափնեկրի տիտղոսներ: Դաշնակահարի առաջին ուսուցիչներն են եղել Լուիզա Մարգարյանը եւ պրոֆեսոր Գեորգի Սարաջեւը, Վերա Գորնոստաեւան, Լեւ Նաումովը եւ ուրիշներ, որոնց Սերգեյը երբեք չի մոռանում: Հրավիրվելով Մոցարտի ծննդյան 250-ամյակին նվիրված գալահամերգին, Սերգեյ Բաբայանը Սանկտ Պետերբուրգից հատուկ ժամանել է Երեւան եւ, ինչպես ռուսական մամուլն է նշել, անվանի դաշնակահարը բացառիկ հաջողություն է ունեցելՙ հանդես գալով Մարիինյան օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարել է աշխարհահռչակ դիրիժոր, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը: Հրաշալի առիթ է, փառատոնի շրջանակներում եւս մեկ անգամ ունկնդրել մեր հայրենակցին:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4