«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


ԳՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի եւ Իրանի պարսկերեն լեզվի զարգացման ու տարածման կենտրոնի հրավերով (վերջինիս նախագահ Մուհամմեդ Խանի) մասնակցում էի Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդեսին: 10 օր տեւող միջազգային ցուցահանդես-վաճառքին ներկայացված տասնյակ հազարավոր գրքերի մեջ, ցավոք, չկար ոչ մի գիրք Հայաստանից: Նախօրեին, աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված իրանագետներին, որոնց թվում էր նաեւ Հայաստանից արեւելագետ-իրանագետ, բան. գիտ. դոկտոր Արմանուշ Կոզմոյանը, ընդունեց պրն Մուհամմեդ Խանին. ընթացավ հետաքրքրական քննարկում պարսկերեն լեզվի ու գրականության զարգացման հեռանկարների մասին: Պրն Մուհամմեդից տեղեկացանք, որ Թեհրանի պետական համալսարանում ուսանում են 40.000 ուսանողներ, սովորում են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, արաբերեն, իսպաներեն, գերմաներեն եւ ճապոներեն, իսկ հայոց լեզուն եւ գրականությունը դասավանդվում է միայն Իսպահանի պետական համալսարանում: Հունիսին նախատեսված է անցկացնել «Գրական կամուրջներ» Իսպահանի եւ հայ գրողների միջեւ:

Նման խոշորածավալ ցուցահանդես-վաճառքի հիմնական նպատակն էՙ ներկայացնել աշխարհի տարբեր երկրներում հրատարակվող գրականություն, պարսկերեն լեզվի ու գրականության նկատմամբ հետաքրքրություն առաջացնել:

Միջազգային գրքի ցուցահանդես-վաճառքի բացումն սկսվեց Էլբորսա սարի փեշին փռված ցուցահանդեսի տաղավարների կենտրոնական հրապարակումՙ ԻԻՀ-ի հիմնի հնչյունների ներքո եւ Ղուրանից հատվածի ընթերցմամբ: Չնայած հորդառատ անձրեւին, ոչ մեկը չհեռացավ, բոլորը ցանկանում էին երկրի ղեկավարի ինքնագիրը ստանալ. ինձ եւս նման բախտ վիճակվեց: Իմանալով, որ Հայաստանից եմ, լրագրող, Իրանի ղեկավարը բարեմաղթանքի խոսքեր մակագրեց հրավիրատոմսումՙ իմ գրած հայերեն նախադասության կողքին: Շատ տպավորիչ էր հարգարժան նախագահի ելույթն ամբիոնից, որի ընթացքում պրն Ահմադինեժադը մի քանի անգամ ընդգծեց գրքի նկատմամբ սերն ու հարգանքը, բարձր գնահատեց գրքի արժեքն ու նշանակությունը, նշելով, որ գիրքն ամեն ժողովրդի համար իր ազգի անձնագիրն է: Քիչ անց, հինգ գրողների երկրի ղեկավարի ձեռամբ հանձնվեցին պատվոգրեր ու մեդալներ: Պրն Ահմադինեժադը կտրեց ցուցասրահի մուտքի ժապավենն ու 19-րդ միջազգային գրքի ցուցահանդես-վաճառքը հայտարարվեց բացված: 10 օր տեւող միջոցառման ընթացքում եղան բազմաթիվ սեմինարներ, քննարկումներ, կոնֆերանսներ: Ջանք ու եռանդ եւ ֆինանսներ բոլորովին չէին խնայվել իրենց ազգային արվեստը, մշակույթը տարածելու համար:

ՀՀ-ում Իրանի մշակույթի կենտրոնից տեղեկացանք, որ հաջորդ տարի ցուցահանդեսին կմասնակցի Հայաստանը, որի շուրջն ընթանում են բանակցություններ:

Թեհրանում տարեկան տպագրվում է 40.000 անուն գիրք, որոնցից յուրաքանչյուրը 8-9 անգամ վերահրատարակվում է ամենաքիչը 15.000 տպաքանակովՙ կրոնական գրականություն, բանաստեղծությունների ժողովածուներ, գիտական եւ ուսումնական գրքեր: Ի դեպ, այս տարի Թեհրանը 2.000.000 ուսանող ունի, որոնք ամբողջովին ապահովված են մասնագիտական գրականությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ, Թեհրան-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4