«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2006-06-03 | #103, 2006-06-06 | #104, 2006-06-07


ՍՏԵԼ ՀԱՆՈՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ՞

Օրերս «Ազդակ» ակումբի ամբիոնն էին զբաղեցրել երկու «քրիստոնյաներ»` իրեն առաքելական համարող, «Մխիթարիչ» ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը եւ հոգեգալստական աղանդի տասը տարվա երեց, քարոզիչ Սամվել Նավոյանը, որը չզլացավ ներկայանալ որպես «Հայ առաքելական եկեղեցու «քույր» եկեղեցու անդամ, ավետարանական ընտանիքի համայնքի հովիվ եւ քարոզիչ»: Բանախոսները իրենց հրապարակում երեւալու առիթ նշեցին հանրության համար արդեն ձանձրույթի թեմա համարվող «Դա Վինչիի ծածկագիրը» գիրքն ու համանուն ֆիլմը, որոնք փնովելով որակեցին մասոնական ծրագրի մաս եւ քրիստոնեական արժեքների հանդեպ մարտահրավեր: Ապա չզլացան հիշատակել Հռոմի կաթոլիկ եւ Ռուս ուղղափառ եկեղեցիների խիստ դիրքորոշումը «Ծածկագրի» վերաբերյալ, նույնիսկ Կովկասի մահմեդականների առաջնորդ շեյխ ուլ իսլամին, որը նամակով կասեցրել է ֆիլմի ցուցադրությունը Բաքվում: Միաժամանակ բանախոսները մի յուրահատուկ լեզվական ճարպկությամբ փորձեցին «նկարել», թե իբր Հայ առաքելական եկեղեցին շատ մեղմ գնահատական տվեց ֆիլմին եւ նույնիսկ Արարատյան թեմի մամլո խոսնակն էլ իբր անգամ փորձ է արել «ինչ-որ տեղ արդարացնել» ֆիլմի ցուցադրությունը: Մինչդեռ իրականությունը` կապված Հայ առաքելական եկեղեցու վերաբերմունքի եւ գնահատականի հետ, ճիշտ հակառակն է:

Բանախոսներն առավել ցուցադրեցին իրենց կեղծելու ցածրակարգ ունակությունները, երբ փորձեցին հասարակության «արձագանքները» ներկայացնել «Առավոտի» եւ «Հայոց աշխարհի» մեր գործընկերների որոշ հրապարակումների միջոցով: «Ազգը» հիշեցրեց բանախոսներին այն հազվադեպ արագ ու կոնկրետ արձագանքի մասին, որ ֆիլմի եւ գրքի գովազդից ու հակագովազդից հետո հրապարակեցին թե՛ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը, թե՛ Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանը: Ի դեպ, քարոզաթերթիկների միջոցով ֆիլմի վտանգավորության մասին խոսել եւ ապա նաեւ ակցիա էր կազմակերպել հենց նույն Արարատյան թեմի մամլո խոսնակը: Թերեւս «Ազդակի» բանախոսները հաշվի չէին առել, որ նշյալ եւ իրենց ասուլիսները կարող են լուսաբանել նույն կամ իրադարձություններին քաջատեղյակ լրագրողներ:

Մեր հերթին ցանկանում ենք հոգեգալստական աղանդի ներկայացուցիչ Սամվել Նավոյանին ու, մեղմ ասած, համբավավոր Խաչիկ Ստամբոլցյանին հիշեցնել, որ, վերցնելով «Ազդակի» ամբիոնը, չարժե թերագնահատել հասարակության եւ հատկապես լրագրողների տեղեկացվածությունը:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4