Լոբբիստական գործունեությունը կարգավորելու փորձ անող օրենքի նախագիծը, որ կառավարությունը ներկայացրել է Ազգային ժողով, հարուցել է 108 հասարակական կազմակերպությունների դժգոհությունն ու բողոքըՙ այն պատճառաբանությամբ, թե օրենքի նախագծում տեղ գտած հիմնական մոտեցումները լրջորեն կարող են վտանգել քաղաքացիական հասարակության կայացումը:
Ինչպես երեկ լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ նշեցին լոբբիստական գործունեության օրենքի դեմ հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի անդամները, օրինագիծը բազմապիսի թերություններ ունի, հստակ չէ, հստակորեն սահմանված չեն շատ դրույթներ, կասկածելի են մոտեցումներն ու մեթոդները: Ըստ ՀԿ մասնագետների, օրենքում առկա են դրույթներ, որոնք ըստ էության թաքնված լիցենզավորում են նշանակում ապագա լոբբիստների համար, ինչն իր հերթին լոբբիստների գործունեություն ենթակա է դարձնում համապատասխան վերահսկող մարմնին:
ՀԿ-ների ներկայացուցիչների համաձայն, այս օրինագծում լոբբիիզմը նույնացվում է շահերի պաշտպանության հետ, ինչը բնավ էլ այդպես չէ: Օրինագծով լոբբիստի գործունեությունը միայն օրինական է, մինչդեռ ընդհանուր պրակտիկայում միայն դրանով չեն սահմանափակվում լոբբիստի ֆունկցիաները: ՀԿ-ների համար անհավասար դաշտի ստեղծման վկայություն է, որ հասարակական կազմակերպությունները պետք է օգտվեն լոբբիստի ծառայություններից, մինչդեռ դրանք թանկ հաճույք են: Այսինքն, եթե ավելի պարզ ասենք, մեր երկրի օրենսդիր մարմնում լոբբիստներն ավելի հաջողությամբ առաջ կմղեն տնտեսական որոշակի խմբերի կամ օլիգարխ անհատների շահերին համապատասխանող օրինագծերը, մինչդեռ հասարակական լայն խավերի շահերը որեւէ կերպ արտահայտված չեն լինի:
Ըստ էության, նման կիսատ-պռատ եւ «անհեռատես» օրինագծի ստեղծումը նախատեսված է աղքատության հաղթահարման ռազմավարության եւ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրերով: ՀԿ-ները պահանջում են հետ կանչել օրինագիծը եւ ընդհանրապես հանել շրջանառությունից: Լրատվամիջոցների հետ հանդիպմանը մասնակից հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի անդամները նշեցին, որ օրինագծի առնչությամբ անգամ ՄԱԿ-ի փորձագետները կարծիք են հայտնել, որ այն չի նպաստում աղքատության հաղթահարմանը եւ կոռուպցիոն լծակների հնարավորություն է ստեղծում:
Այսօր լոբբիստական գործունեության օրինագիծը քննարկվելու է կառավարության նիստում, այնուհետեւՙ մոտակա ԱԺ քառօրյայում:
Ա. Հ.