«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՕԼԻԳԱՐԽԱԹԱՓՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ

Նախորդ դարի 70-ականներին Մեծ Բրիտանիայում ստեղծված եւ եվրոպական երկրներում արագ տարածում գտած Բիզնես եւ պառլամենտ միջազգային ասոցիացիան 20 երկիր է միավորում այսօր եւ այսուհետեւ Հայաստանում էլ կունենա գրասենյակ ու գործունեություն կծավալի տնտեսական համագործակցության եւ տնտեսության զարգացման ուղղությամբ: Դա ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ եվրոինտեգրման ճանապարհին նոր հնարավորություն է. «Մինչ այսօր եվրոինտեգրման գործընթացում ընդգրկվել են հիմնականում մարդու իրավունքների ոլորտը, սահմանադրության ու քրեական օրենսդրության բարեփոխումները, իսկ ԱՊՀ երկրներում Հայաստանն առանձնանում է տնտեսական օրենսդրության լիբերալությամբ, բայց գործնականում խնդիրներ կան: Ի տարբերություն ԵՄ-իՙ Հայաստանը պետք է օրենսդրության ներդաշնակեցումը իրագործի փակ սահմանների պայմաններում»: Եվրոխորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթն էլ տեղեկացրեց, որ փորձ է արվում համագործակցության մեջ մեծացնել ազգային խորհրդարանների ներգրավվածությունը` մասնավորապես ազգային օրենսդրությունը եվրոպականին ներդաշնակեցնելու գործում եւ կարեւորել ներկայացվող օրենսդրությունը գնահատելու, անհրաժեշտության դեպքում` մերժելու հնարավորությունը:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով, նշված համագործակցության եւ ընդհանրապես խորհրդարանական աշխատանքի արդյունավետությունը հնարավորինս կարտահայտվի, «երբ օրենքը դառնա հավասար բոլորի համար, անարդարության էլեմենտները վերանան, տարբեր արտադրողների մրցակցությունն արդար եւ հավասար դաշտում ընթանա», այդ դեպքում գործարարները կհասկանան, որ խորհրդարանում իրենց անմիջական ներկայությունն անիմաստ է, եւ «խորհրդարան կգան նույն տնտեսական միջավայրից եկած իրավաբանները, տնտեսագետները, արհմիությունները, կուսակցությունները», իսկ մինչ այդ գործարարները կձգտեն ապահով միջավայրՙ խորհրդարան:

ԵԽ փոխնախագահի անձնական զարմանքն ու մոտեցումները

Ի պատասխան լրագրողների հարցերի Եվրոխորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթը հայտնեց, որ որեւէ պատճառ չի տեսնում Հայաստանիՙ Եվրոմիությանը առաջիկա 10 տարիներին չանդամակցելու համար: Հարավային Կովկասը մեկ միավոր դիտարկելու ԵՄ մոտեցումը ԵԽ փոխնախագահի համար միանշանակ չէ. «Իմ անձնական նախապատվությունը այն է, որ առանձին երկրների նկատմամբ առանձին մոտեցում ցուցաբերենք` հաշվի առնելով նկատելի մշակութային եւ պատմական տարբերությունները: Սա այն մոտեցումն է, որ մենք կիրառում ենք բալկանյան երկրների դեպքում, եւ չեմ կարող ոչ մի պատճառ գտնել, թե ինչու մենք չենք կարող նույն մոտեցումը կիրառել այստեղ` այս տարածաշրջանում: Խոսում եմ որպես անձ եւ ոչ` ԵՄ անդամ»: Էդվարդ Մակմիլան-Սքոթը մտադիր է վերադառնալուն պես գործընկերների հետ խոսել ԵՄ անդամակցության գործընթացի արհեստական խոչընդոտների ավելորդության մասին: Փաստելով, որ անդամակցությունը ԵՄ համար ակտիվ գործընթաց է, ԵԽ փոխնախագահը Բուլղարիայի, Ռումինիայի ԵՄ անդամ դառնալը մոտ ապագայի հարց համարեց, Ուկրաինան հավանական անդամագրվողի կարգավիճակում է, իսկ Թուրքիայի հնարավոր անդամության հարցը մտահոգություն է ոչ միայն Մակմիլան-Սքոթի, այլեւ ԵՄ-ում շատերի համար: Իսկ կարեւորն, ըստ ԵԽ փոխնախագահի, ԵՄ հորիզոնական կառուցվածքն է:

Պ. Ն.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4