Երեւանի ապագա կարգավիճակի եւ կառավարման համակարգի շուրջը հրապարակային քննարկումներն արդեն սկսվել են, կասկած չկա, որ դրանք առաջիկայում ավելի կծավալվեն եւ ավելի մեծ արձագանք կունենան: Վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի փոխնախագահ, տարածքային կառավարման եւ արտադրական կառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ զրույցի ժամանակ խնդրեցինք ներկայացնել, թե ի՞նչ առաջարկներ է մշակել հանձնաժողովը, ի՞նչ այլընտրանքային առաջարկներ կան եւ ի՞նչն է տարբերում այդ առաջարկները միմյանցից:
- Պրն Տերտերյան, Երեւանի ապագա կարգավիճակի ի՞նչ տարբերակներ են այժմ շրջանառվում:
- Երեւի հարկ չկա կրկնելու, թե Երեւանն ինչ նշանակություն ունի Հայաստանի համար: Ակնհայտ է, որ նրա կառավարման արդյունավետությունը համապետական նշանակություն ունեցող խնդիր է:
Գիտեք, որ վարչապետի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով բոլոր իրավասու պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի նախագահը տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանն է: Այդ հանձնաժողովի երկրորդ նիստը անցկացվել է դռնբաց: Այդտեղ քննարկման էին դրվել հանձնաժողովի մշակած եւ նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկած տարբերակները:
- Ո՞րն է հանձնաժողովի մշակած տարբերակը:
- Առաջինՙ հանձնաժողովի մշակած նախագիծը հնարավորինս պահպանում է Երեւանի կառավարման ներկա համակարգը եւ որոշակիորեն ձեւավորված ավանդույթները: Մայրաքաղաքի թաղային համայնքները հիմնականում պահպանվում են: Հավանական է դրանցից մեկի կամ երկուսի (Նորք-Մարաշի եւ Նուբարաշենի) վերացումն ու մյուսների հետ միացումը: Սակայն էականը դա չէ:
Համայնքներում նախատեսում ենք ներկայացուցչական մարմնիՙ ավագանու ուղղակի ընտրություններ, բայց արդեն իսկ թեքվելով դեպի համամասնական ընտրակարգ: Դա հնարավորություն կտա մեծացնելու ավագանու դերակատարումը եւ կպարտադրի, որ համայնքների կառավարման գործառույթները, որոնք վերապահված են ավագանիներին, իրենց վրա վերցնեն քաղաքական ուժերը: Գուցե ոչ միանգամից եւ հարյուր տոկոսով, բայց անցում պետք է կատարվի համամասնական համակարգին: Միաժամանակ, քաղաքացիական նախաձեռնությամբ թեկնածուների առաջադրումը նույնպես նախատեսել ենք: Մի խոսքով, ընտրովի ավագանիՙ ե՛ւ համամասնական ընտրակարգով, ե՛ւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված ցանկով:
Համայնքապետի ընտրության երկու տարբերակ է առաջարկվումՙ ավագանու կողմից կամ ուղղակի ընտրությամբ ընտրված: Նախընտրելի ենք համարում առաջին տարբերակը, բայց դա վերջնական չէ:
Երեւանի համար նույնպես առաջարկում ենք ուղղակի ընտրությամբ ընտրված ավագանիՙ դարձյալ համամասնական եւ քաղաքացիական ցուցակներով եւ ավագանու ընտրած քաղաքապետ: Այս մոդելը լիովին բավարարում է տեղական ինքնակառավարման մասին ժողովրդավարական չափանիշներին: Սա այսպես ասած առաջին ուրվագիծն է, որի վրա դեռ պետք է շատ աշխատել եւ մշակել:
- Չի՞ դիտարկվել բնակչության կողմից ուղղակի ընտրվող Երեւանի քաղաքապետ ունենալու տարբերակը:
- Այդ տարբերակը չենք դիտարկել: Կարծում եմ, որ մեր առաջարկած տարբերակի փաստարկներն ավելի ծանրակշիռ են, ըստ որի քաղաքապետի ընտրության դերը կստանձնեն քաղաքական ուժերը:
- Իսկ չե՞ք նախատեսում թեկուզ ավագանու կողմից ընտրված քաղաքապետ եւ նրա կողմից նշանակվող համայնքապետներ տարբերակը, որպես մայրաքաղաքի ուղղահայաց կառավարումն ապահովող եւ արդյունավետ կառավարման ձեւ:
- Բացառված չէ, որ քննարկումների արդյունքում դուրս կգանք հատկապես այդ տարբերակի վրա: Այսինքն այս պահին որեւէ քաղաքական պատվեր, ստերեոտիպ չունենք: Մեր խնդիրն է առաջարկել հասարակությանը, երկրի բարձրագույն իշխանությանը եւ հիմնավորել, թե որ տարբերակն է ավելի ամբողջական, տրամաբանական եւ ժողովրդավարական:
- Ի՞նչ է նախատեսում երկրոդ տարբերակը:
- Երկրորդ տարբերակը առաջին հայացքից ավանգարդիզմի, հեղափոխականության տպավորություն է թողնում, որը, սակայն, այնքան էլ այդպես չէ: Բովանդակությունն այն է, որ չունենանք թաղային համայնքներ, ունենանք մի քանիՙ 6 կամ 8 քաղաքներ կամ, ավելի ճիշտ, ինքնակառավարվող միավորներ: Այդ միավորներում կիրականացվի տեղական ինքնակառավարում հարյուր տոկոսովՙ ուղիղ ընտրված համայնքապետների եւ ավագանու միջոցով: Եվ այդ փոքր քաղաքների կամ միավորների վրա երկրորդ մակարդակի տեղական ինքնակառավարում, այսինքն համաքաղաքային իրականացնելու անհրաժեշտություն, ըստ այդ տարբերակի չպետք է լինի:
Այս տարբերակի առաջին արձագանքը սա էՙ ինչպես թե, Երեւանը միասնական քաղաք չի՞ լինելու: Սա հարցի զգացմունքային կողմն է, որն ամենեւին էլ անկարեւոր չէ, բայց առայժմ դա մի կողմ դնենք եւ դիտարկենք, թե գործնական առումով դա ինչ է նշանակում: Իմ վերոնշյալ հարցին պատասխանում են, որ եթե Երեւանը դիտարկում ենք որպես տեղական ինքնակառավարման մեծ մարմին, ապա քաղաքապետն ու ավագանին շատ հեռու եւ կտրված են լինում բնակչությունից: Այստեղ տրամաբանություն կա: Սակայն դրա հակափաստարկն էլ կա: Թող լինեն քաղաքապետ եւ քաղաքային ավագանի, որոնք կզբաղվեն քաղաքային նշանակության հարցերով, իսկ կենցաղային ամենօրյա հարցերով կզբաղվեն թաղապետներն ու թաղային համայնքները: Բնակչությունն ու քաղաքային իշխանություններն իրարից շատ հեռու կլինեին, եթե քաղաքային համայնքները վերացվեն, բայց դրանք չեն վերացվում: Քաղաքային մարմիններն ունենում են իրենց հստակ լիազորություններն ու իրավունքները, թաղայիններըՙ իրենց: Օրինակՙ աղբահանությունը տեղական նշանակության խնդիր է, իսկ տրանսպորտն ու քաղաքաշինությունըՙ քաղաքային:
Երկրորդ տարբերակում այդ 6 կամ 8 փոքր քաղաքներից, ասենք, միայն Կենտրոնը պետք է ունենա մայրաքաղաքի նշանակություն: Այդ բոլորը համակարգող տեղական ինքնակառավարման մարմին չի նախատեսվում, իսկ առաջացող համապետական խնդիրներով նախատեսվում է, որ պետք է զբաղվի պետական կառավարման կառույցը: Սակայն, իմ համոզմամբ, քաղաքային նշանակության հարցերը չպետք է լուծի միայն այս կամ այն համայնքը: Դրա համար ամբողջ քաղաքի շահերը պետք է հաշվի առնել: Այսինքն, պետք է թաղային համայնքներից բացի ունենալ ավագանու միջոցով ընտրված քաղաքապետՙ քաղաքային իշխանություն եւ տարածքային կառավարման նախարարությունում ունենալ վարչություն կամ պատասխանատու, որը Երեւանում պետական կառավարման խնդիրները կհամակարգի:
- Երեւանը պետք է ունենա՞ իր բյուջեն, թաղային համայնքներն` իրենցը:
- Իհարկե, որոշ հարկատեսակներ կամրագրվեն Երեւանի բյուջե ուղղելու, մյուսներըՙ թաղային համայնքների բյուջեներ ուղղելու համար: Չի բացառվում, որ մասհանումներ լինեն թաղային համայնքների բյուջեներից քաղաքային համայնքի բյուջե կամ հակառակը: Կլինեն նաեւ դոտացիաներ պետական բյուջեից:
- Երեւանցիների կարծիքն ինչպե՞ս է հաշվի առնվելու:
- Հանձնաժողովն իր վերջնական առաջարկը կներկայացնի, որը կարող է լինել ոչ առաջին, ոչ երկրորդ, այլ քննարկումների արդյունքում ծնված երրորդ կամ չորրորդ տարբերակը, որը կներկայացվի հասարակությանը: Իսկ մինչ այդ քննարկումների գործընթացը անցկացնում ենք եւ անցկացնելու ենք հնարավորինս բաց եւ հրապարակային:
Կցանկանայի նաեւ, որ այդ քննարկումները չտեղափոխվեն կոնյունկտուրային դաշտ: Շատ կարեւոր եմ համարում, որ վերջնական առաջարկը ընդունելի լինի հասարակության գերակշիռ մեծամասնության համար:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հ. Գ. Մեր տեսակետները ներկայացված տարբերակների եւ Երեւանի ապագա կարգավիճակի մասին կներկայացնենք առաջիկա համարներից մեկում:
Ա. Մ.