Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում երեկ զավեշտալի իրավիճակ ստեղծվեց, երբ «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչը, ի պատասխան հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի այն հարցի, թե ընդունո՞ւմ է նա, որ «Հայփոստն» ունի գերիշխող դիրք, բացասական պատասխանեց, պատճառաբանելով, որ ընկերությանը օրենսդրությամբ «պարտադրված է» ազգային օպերատոր լինել: Միայն այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահն ու անդամները շարադրեցին օրենքի այն դրույթը (որը «Հայփոստի» իրավաբանը թերեւս պարտավոր էր իմանալ), ըստ որի, գերիշխող դիրք ունեցող է ճանաչվում շուկայի մեկ երրորդից ավելի զբաղեցնողը, «Հայփոստի» ներկայացուցիչը հավանաբար սկսեց գիտակցել այդ փաստը: Ինչ վերաբերում է «Հայփոստի»ՙ ազգային օպերատոր «պարտադրված» լինելուն, ապա բոլորին էլ հայտնի է, որ այս կամ այն ոլորտում նման կարգավիճակ ունեցող կազմակերպությունները երբեւէ չեն հրաժարվում իրենց այդ կարգավիճակից, քանի որ օրենսդրությամբ նախատեսված եւ չգրված օրենքներով նրանց ունեցած արտոնություններն անհամեմատ ավելի մեծ են, քան պարտավորությունները:
Ընդհանրապես փոստային կապի ծառայությունների շուկայում գերիշխող դիրքի որոշման հարցը բուռն քննարկումների տեղիք տվեց: Ըստ հանձնաժողովի աշխատակազմի դիրքորոշման, ներպետական նամակագրական թղթակցությունը, հեռագրային կապը, փոստային կապն ու սուրհանդակային ճեպընթացը հարկ է դիտարկել որպես փոստային ծառայություններ, եւ այդ բոլոր ոլորտներում «Հայփոստն» ունի ամենամեծ իրացման ծավալըՙ 59 տոկոս: Սակայն տրանսպորտի եւ կապի նախարարության ու «Հայփոստի» ներկայացուցիչները հայտնեցին, որ սուրհանդակային կապի ծառայություններ մատուցող ընկերություններն այդ գործունեությունն իրականացնում են առանց փոստային կապի ծառայությունների համար անհրաժեշտ լիցենզիայի: Նրանց հավաստմամբ, այդ ծառայությունների միջեւ տեխնոլոգիական տարբերություններ կան, իսկ հանձնաժողովի կարծիքով, դրանք էական չեն եւ ըստ էության, նույն ծառայություններն են: Սակայն երկու կողմերն էլ ընդունեցին, որ քննարկման ժամանակ առաջացած տարակարծությունների պատճառը օրենքի անկատարությունն է: Սակայն տեղեկացվեց, որ այդ կապակցությամբ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծ է մշակվել: Ի վերջո, հանձնաժողովը միաձայն որոշեց «Հայփոստը» ճանաչել որպես գերիշխող դիրք ունեցող վերոնշյալ ոլորտներում եւ գրանցել գերիշխող դիրք ունեցող մոտ 50 ընկերությունների մատյանում:
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ քննարկեց նաեւ մի շարք այլ շուկաների ուսումնասիրության արդյունքները: «Խմելու ջուր» շուկայում իրենց տարածքներում գերիշխող դիրք ունեցող ճանաչվեցին «Հայջրմուղկոյուղի», «Շիրակ ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի», «Նոր ակունք» եւ արդեն փաստացի գոյություն չունեցող «Երեւանի ջրմուղկոյուղի» ընկերությունները: Վերջինիս առնչությամբ նշվեց, որ այդ հարցին հանձնաժողովը նորից կանդրադառնա եւ այս ընկերության փոխարեն կնշվի «Երեւան ջուր» ընկերության անվանումը: Այստեղ հարկ է նշել, որ հիշյալ ընկերությունների կարգավորումն իրականացնում է մեկ այլՙ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, որն էլ օրենսդրությամբ պարտավոր է զբաղվել բնական մենաշնորհ ունեցող ընկերություններին առնչվող հարցերով: Հետեւաբար, անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ կրկին ուսումնասիրություններ անցկացնել պարզելու համար այն, ինչ հայտնի էր վաղօրոք:
Եվս մեկՙ բիտումի (ասֆալտի հիմնական հումքը) ապրանքային շուկայում նույնպես գերիշխող դիրք ունեցող է գրանցվել: Իրացման ամենախոշոր ծավալներն ունի «Բարսել» ընկերությունը, որը կազմում է շուկայի 74 տոկոսը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ