ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Այս մասին ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո քարտուղար Գեւորգ Աբրահամյանը երեկ, երբ լրագրողները հրավիրվել էին տեսնելու երկու տարի առաջ մեկնարկած նոր օդանավակայանի կառուցման աշխատանքները: Օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը 30 տարով ստանձնած արգենտինական «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունն այս ընթացքում իրականացրել է շինարարական մի շարք աշխատանքներ: Իսկ երեկ արդեն ներկայացվեց նոր օդանավակայանի տերմինալը (ուղեւորային նոր համալիր)` ժամանման եւ մեկնման բաժիններով, 3 հազար 850 մետր երկարությամբ եւ վաթսուն մետր լայնությամբ թռիչքուղու վերանորոգումը, որը ավարտին կհասցվի հունիսի 30-ին: Հիշեցնենք, որ թռիչքուղու վերանորոգման համար ընթացիկ տարվա ապրիլի 10-ից դադարեցվել էին ցերեկային թռիչքները: Հունիսի 30-ին կավարտվեն թռիչքուղու վերանորոգման աշխատանքները, որի համար ծախսվել է 8 մլն դոլար, եւ, մամլո քատուղարի խոսքերով, օդանավակայանը կանցնի իր սովորական ռեժիմին: Նոր եւ որակյալ թռիչքուղին կկարողանա ժամում 15 թռիչք սպասարկել:
Օդանավակայանի ենթակառուցվածքների մենեջեր Լուկաս Մոնսալվոի ներկայացմամբ, մեկնման եւ ժամանման հատվածներից բաղկացած նոր տերմինալում հիմնական աշխատանքներն ավարտվել են, մնացել են միայն շենքի համակարգերի տեղադրումը (հակահրդեհային, օդափոխման եւ այլ) ու ներքին պատերի աշխատանքները: Տերմինալում աշխատում են 350 հոգի` հիմնականում հայեր, իսկ օդանավակայանի կառուցմանը մասնակցում են 30-ից ավելի հայկական, 18-ից ավելի օտարերկրյա` արգենտինական, բուլղարական, թուրքական կազմակերպություններ: Գեւորգ Աբրահամյանի տեղեկացմամբ, հիշյալ տերմինալի եւ կառամատույցի համար ներդրվել է 63 մլն դոլար: Հաջորդ տերմինալը կառուցելիս այդ գումարը կհասնի 188 մլն դոլարի:
Նոր համալիրի ժամանման սրահը կբացվի այս տարվա սեպտեմբերին, իսկ մեկնման սրահը պատրաստ կլինի եկող տարվա գարնանը: Գեւորգ Աբրահամյանը կարծում է, որ չափերով նորակառույցն, իհարկե, չի կարելի համեմատել աշխարհի մեծ օդանավակայանների հետ, բայց սա հարմարավետ է, ապահով եւ ունի բարձր սեյսմակայունություն:
Ուղեւորային համալիրի հատվածում կկառուցվի նաեւ նոր կառամատույց` 90 հազար քմ ընդհանուր մակերեսով:
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը հայտնեց, որ նոր օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ կլինի եւ շահագործման կհանձնվի 2011 թ.-ին: Նոր օդանավակայանը կառուցվում է միջազգային ավիացիոն «Այաթա» կազմակերպության չափանիշներին համապատասխան: «Ազգի» հարցին, թե ինչպես կորոշվի հետագայում ներկայիս օդանավակայանի ճակատագիրը, տնօրեն Գեչիջյանը պատասխանեց, որ դեռ քննարկում են: Բայց շենքը չի քանդվելու: