«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ «ԲԱԶՄԱԶԳ ՎՐԱՍՏԱՆ» ՀԿ-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿԻՑ

Երեկ «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպության Թբիլիսիի գրասենյակում պարզվել է, որ գողացել են կազմակերպության համակարգիչների պրոցեսորները, իսկ ավելի կոնկրետՙ այն դետալները, որոնք վերաբերում են համակարգիչների հիշողությանը: Կազմակերպության գործադիր տնօրեն Ագիտ Միրզոեւն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ իրենց ենթադրությամբ հատուկ հետաքրքրվածություն է վերջերս ցուցաբերվում կազմակերպության գործունեության նկատմամբ, հատկապես որ վերջին շաբաթում կազմակերպության ներկայացուցիչների հետ փորձել են կապվել Վրաստանի ուժային կառույցների ներկայացուցիչները:

Հիմնականում, ըստ Ագիտ Միրզոեւի, հետաքրքրվել են Վրաստանում ազգային փոքրամասնությունների վիճակի մասին զեկույցով, որը «Բազմազգ Վրաստան» հասարակական կազմակերպությունը պատրաստում է եվրոպական կառույցներին ներկայացնելու համար: Զեկույցում ՀԿ-ն անդրադառնում է նաեւ Վրաստանի քաղաքականությանը Քվեմո Քարթլիի եւ Սամցխե-Ջավախքի շրջաններում: Ընդհանուր առմամբ այս հասարակական կազմակերպությունը Ջավախքի առնչությամբ ծրագրեր է մշակում, ինչը եւս կարող էր ինֆորմացիան գողանալու պատճառ դառնալ:

Ագիտ Միրզոեւը կարծիք հայտնեց, որ մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի իշխանական կուլիսներում խոսվել է, թե «Բազմազգ Վրաստանը» իշխանությունների հանդեպ չեզոք չէ եւ վտանգ է ներկայացնում պետության համար: Ամեն դեպքում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները գտնում են, որ համակարգիչների որոշ դետալների, նաեւ ընտրովի գողացված CD-ների անհետացումն ավելի շուտ անձնական հաշիվ է, քանի որ դեռեւս երկու տարի առաջ Վրաստանում տեղի ունեցած հեղափոխությանը կազմակերպությունը չի աջակցել:

Ինչեւէ, «Բազմազգ Վրաստան» կազմակերպությանն իրենց աջակցությունն են հայտնել Ջավախքի «Վիրք» եւ Քվեմո Քարթլիի «Գեյրատ» կազմակերպությունները, Վրաստանի ՀԿ-ների կոալիցիան, ընդդիմադիր որոշ կուսակցություններ, ազգային փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչներ:

«Ազգի» հետ զրույցում Ագիտ Միրզոեւը նշեց, որ թերեւս հնարավոր լինի վերականգնել ունեցած տեղեկությունների մոտ 40 տոկոսը եւ ոչ ավելին: Իսկ ինչ վերաբերում է իրավապահների արձագանքին, ապա, Միրզոեւի խոսքերով, երեկ առավոտյան համապատասխան իրավապահ աշխատակիցներն այցելել են գրասենյակ շատ կարճ ժամկետով եւ հեռացել ըստ էության որեւէ մեկին ոչ մի հարց չուղղելով:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4