«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ԴՈՆԱԼԴ ԿՆՈՒԹԻ ԱՅՑԸ ԿՆՊԱՍՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ

Բարձր տեխնոլոգիաների արդի ժամանակներում համակարգչային ստեղծված համակարգերն ու ծրագրավորումներն են այլեւս պայմանավորում ոչ միայն գիտատեխնիկական մտքի, այլեւ մարդկային կյանքի բոլոր ոլորտների հետագա առաջընթացը: Համաշխարհային այս անկասելի պրոցեսին մասնակից մեր երկիրը եւս ոլորտում որոշակի քայլեր է արձանագրում:

«Ազգն» արդեն տեղեկացրել է համակարգչային ծրագրավորման ասպարեզում համաշխարհային ճանաչման` Սթանֆորդի համալսարանի պրոֆ. Դոնալդ Է. Կնութի Հայաստան կատարելիք այցի մասին: Անցած տարի մայիսին ՀՀ ԳԱԱ նախագահությունը Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում է շնորհել Դոնալդ Կնութին: Այս այցելության ընթացքում պրոֆեսորին կհանձնվի ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի դիպլոմը:

Դոնալդ Կնութի գիտական հետազոտությունների աշխատանքները սկսվել են 1960-ական թվականներից: Բակալավրի եւ մագիստրոսի կոչումները Կնութը ստացել է 1960 թ. Քեյսի տեխնոլոգիական ինստիտուտում, իսկ դոկտորի կոչումը` 1963 թ. Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում: Սթանֆորդի համալսարանի բազմամյա աշխատանքային գործունեության ընթացքում համակարգչային ծրագրավորման արվեստի վաստակավոր պրոֆեսորը ղեկավարել է 28 ուսանողի դոկտորական թեզ:

Նրա գիտական ուսումնասիրությունների արգասիք հեղինակային մի շարք հրատարակություններ կարեւոր ներդրում են համակարգչային ծրագրավորման ասպարեզում: Մասնագիտական շրջանակների համար անփոխարինելի ձեռնարկներ են «Համակարգչային ծրագրավորման արվեստը» (ցայսօր տպագրված) եռահատոր գիրքը, «Համակարգիչներ եւ տեքստերի մուտքագրում» հինգ հատորյակը, ինչպես նաեւ «Լուսաբանված 3:16 աստվածաշնչյան տեքստեր» ոչ տեխնիկական գիրքը: Նրա գիտական աշխատությունները նպաստել են նաեւ արդի պոլիգրաֆիական արվեստի զարգացմանը: Գրահրատարակչության ասպարեզում այսօր աշխարհում լայնորեն կիրառվում է Դ. Կնութի TEX METAFONT համակարգչային ծրագիրը:

Գիտական բազմամյա ծառայությունների համար պրոֆ. Կնութը արժանացել է Օքսֆորդի, Փարիզի, Թյուբինգենի, Օսլոյի, Սանկտ Պետերբուրգի, Մարնելա-Վալիի եւ Մասարիկի, Սբ. Էնդրյուսի, Ստոկհոլմի տեխնոլոգիական թագավորական ինստիտուտի Աթենքի տնտեսագիտության եւ գործարարության համալսարանների, Սալոնիկի մակեդոնական, ինչպես նաեւ ԱՄՆ 18 քոլեջների եւ համալսարանների պատվավոր դոկտորի կոչմանը: Նա ԱՄՆ արվեստի եւ գիտությունների ակադեմիայի, գիտությունների եւ ճարտարագիտական ազգային ակադեմիաների անդամ է, ինչպես նաեւ Ֆրանսիայի, Նորվեգիայի եւ Բավարիայի գիտությունների ակադեմիաների եւ Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան իսկական անդամ: Պրոֆ. Կնութը արժանացել է բազմաթիվ հեղինակավոր պարգեւատրումների` «Թյուրինգի» շքանշան, «Գիտությունների ազգային մեդալ» (ԱՄՆ նախագահ Ջ. Քարտերի կողմից), «Սթիլի» շքանշան, «Ջոն ֆոն Նյումանի» մեդալ, «Ադելսկոլդի» մեդալ, «Կիոտոյի» շքանշան եւ այլն:

Դ. Կնութի հայաստանյան այցի հյուրընկալության պատիվը ունեն Հայաստանում ամերիկյան համալսարանը, ՀՀ ԳԱ ակադեմիան, Երեւանի պետական եւ պետական ճարտարագիտական համալսարանները: Այցելության հովանավորներն են «Սինոփսիս», «Էփիջի Լաբս» ընկերությունները, «Վիրաժ Լոջիկ Արմենիան», Ռազմիկ Աբնուսը, Միհրան Աղբաբյանը, Ալեք Բաղդասարյանը, Ռոջեր Ա. Ստրաուկը, Սեմ Սիմոնյանը եւ «Իրեն Գյուլնազարյան կրթական ֆոնդ Հայաստանի համար» կազմակերպությունը:

Պրոֆ. Կնութի հայաստանյան այցելությունը վստահաբար կնպաստի ինֆորմացիոն տեխնոլոգիաների եւ համակարգչային գիտության զարգացմանը Հայաստանում: Այս առումով գիտնականի հետ նախատեսված հանդիպումները բազմաբովանդակ եւ հագեցած դասախոսություններով եւ հարց-ու-պատասխաններով, շահեկան կլինեն ոլորտի հայ մասնագետների եւ հետաքրքրվողների համար: Կկայանան հանդիպումներ Երեւանի պետական եւ պետական ճարտարագիտական համալսարանների դասախոսության ու ուսանողության հետ: Հայաստանի ամերիկյան համալսարանում Դոնալդ Կնութը հանդես կգա «Տեխնիկական պատկերազարդման հաճույքը» եւ «Գրագետ ծրագրավորում» թեմաներով հանրային դասախոսություններով, կքննարկի իր մի շարք տեխնիկական գրքերի պատկերազարդման վերջին փորձը` METAPOST լեզվի կիրառմամբ, ինչպես նաեւ կներկայացվի ծրագրավորման զգալիորեն ավելի արդյունավետ միջոց համարվող CWEB լեզվի կիրառությունը` օգտագործելով UNIX օպերացիոն համակարգը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4