«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2006-06-06 | #104, 2006-06-07 | #105, 2006-06-08


ԶԳԱԼԻ ԱՃԵԼ Է «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻ» ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնին ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 50 մլն դրամ է հատկացրել: Այն 50 տոկոսով ավելի է նախորդ տարի հատկացվածից, իսկ 2 տարի առաջ կառավարության ֆինանսական աջակցությունը ընդամենը 3 մլն դրամ էր: Մշակույթի փոխնախարար Կարինե Խոդիկյանի խոսքով, նման միջոցառումները կարեւոր են այնքանով, որ հնարավորություն են տալիս ոչ թե պարփակվել սեփական սահմաններում եւ սնապարծ ու ինքնագոհ դառնալ, այլ ընդլայնել աչքի տարածությունը, տեղի հնարավորություններն ու ստեղծածը համեմատել հարեւանների հետ:

Համատեղ ծրագրերի եւ միջոցառումների հնարավորություն կստեղծի այս տարի «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում նախատեսված «Ռեժիսորներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության հիմնումը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսին «Ոսկե ծիրանի» գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարի համանուն խորագիրը կրող երկօրյա աշխատանքային քննարկմանը կմասնակցեն կինոգործիչներ աշխարհի 20 երկրներից:

Կազմակերպիչները նշում են, որ նման կինոփառատոն անցկացնելու համար 300 հազար դոլար է հարկավոր, ինչն իրենք այսօր չունեն: Փառատոնը, սակայն, կարեւոր է ոչ միայն հայկական կինոարտադրությունը հարեւաններին ներկայացնելու, դրսի կինոգործիչների հետ տեղի մասնագետների շփումների, այլ նաեւ փառատոնին ներկայացված ֆիլմերի տեսադարան ստեղծելու առումով:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4