Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութային երկրորդ փառատոնը կմեկնարկի հունիսի 23-ին մարզահամերգային համալիրի դահլիճում եւ կավարտվի հունիսի 30-ին: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն Թամարա Պողոսյանի տեղեկացմամբ, այս տարվա փառատոնի անցկացման համար կառավարության որոշմամբ հատկացվել է 117 մլն դրամ:
Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ փառատոնի կազմկոմիտեի անդամները հայտնեցին, թե այս տարի ընդլայնվել են փառատոնի աշխարհագրությունը, մասնակիցների թիվը: Նախագահ Ռոբերտ Քոչարյանի օգնական Վիգեն Սարգսյանի հավաստմամբ, նախորդ տարի Հայաստանից եւ Արցախից փառատոնին մասնակցում էին հազար 5 հարյուր հոգի, իսկ այս տարի միայն արտերկրից մասնակցում են հազար հոգի, նույնքան էլ Հայաստանից եւ Արցախից: Մասնակից երկրներից են Տաջիկստանը, Ղազախստանը, Սիրիան, Լիբանանը, Բուլղարիան, Ֆրանսիան: Հիշյալ երկրների հայ համայնքների մշակութային միություններն ու անհատ ստեղծագործողները Հայաստան են գալու իրենց ծախսերով: Տկն Պողոսյանի խոսքերով, մեր երկրի կառավարությունը, ելնելով սոցիալ-տնտեսական խնդիրներից, իր վրա է վերցրել միայն Ղարաբաղի եւ Ջավախքի պատվիրակների ծախսերը:
Հայաստան-սփյուռք, ինչպես նաեւ սփյուռք-սփյուռք կապերի ամրապնդմանը եւ հայկական մշակույթի ներկայացմանը նպաստելուն ուղղված փառատոնի ծրագրում ընդգրկված են թատերարվեստ, երաժշտարվեստ, կերպարվեստ, պարարվեստ, գրականություն, ինչպես նաեւ ժողարվեստ: Այս տարվա փառատոնին առաջին անգամ կանցկացվի պատվիրակությունների ներկայացուցիչների եւ մշակույթի գործիչների խորհրդատվություն: Փառատոնի գեղարվեստական ղեկավարն է Արմեն Մանուկյանը, իսկ բացման եւ փակման արարողությունների բեմադրող ռեժիսորներն են Հրաչյա Աշուղյանն ու Լուսինե Մարտիրոսյանը: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գեղարվեստական ղեկավար Արմեն Մանուկյանի խոսքերով մեզ մոտ նմանատիպ միջոցառումներում շատ են «տաշիտուշիական» բաները, բայց քանի որ մենք ունենք հարուստ մշակույթ, իրենք կփորձեն այս անգամ ավելի շատ մշակույթը ներկայացնել: Օրինակ, նախատեսվում է անցկացնել երգչախմբային արվեստի համերգ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Համահայկական մշակութային երկրորդ փառատոնի կազմակերպումն ու անցկացումը վստահված է «Ալֆայել» պրոդյուսերական կենտրոնին, որի ընտրությունը կազմակերպիչները բացատրեցին հայտարարված մրցույթում վերջինիս հաղթանակով: Սակայն երբ հետաքրքրվեցինք, թե մրցույթում ովքեր են եղել պրոդյուսերական կենտրոնի մրցակիցները, պարզվեց, որ պաշտոնապես միայն նա է ներկայացել:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ