Իսկ ուժեղ կողմերն են ցածր գնաճն ու բյուջեի ցածր պակասորդը
Հունիսի 5-ին երեք ամենահայտնի միջազգային վարկանիշային կազմակերպություններից մեկըՙ բրիտանական «Ֆիթչը», Հայաստանի Հանրապետությանը տվել է «BB» վարկանիշը: Կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը պայմանավորել է մակրոտնտեսական քաղաքականությամբ եւ նույն վարկանիշով երկրների համեմատ ներքին եւ արտաքին նվազող պարտքի բեռով, լայնածավալ բարեփոխումներով, որոնք մեծացրել են արտաքին ցնցումներին դիմակայելու Հայաստանի տնտեսության ունակությունը:
Հայաստանի վարկանիշի ուժեղ կողմը պետական ֆինանսներն են: Բյուջեի պակասորդը 2002 թ.-ից եղել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3 տոկոսից պակաս եւ կանխատեսվում է, որ կմնա նույնը եւ կնպաստի ընդհանուր պետական պարտքի նվազեցմանը: Վերջինս 2005 թ.-ին կազմել է ՀՆԱ 21 տոկոսը եւ լավ համեմատության մեջ է նույն վարկանիշով երկրների հետ: ՀՀ Կենտրոնական բանկը որդեգրել է ցածր գնաճ կառավարելու քաղաքականություն, որը 2000 թ.-ից կազմել է տարեկան միջինը 3,3 տոկոս, եւ լողացող փոխարժեքի քաղաքականություն, օգնելով տնտեսությանը զերծ մնալ արտաքին գնային ցնցումներից:
Սակայն վերոնշյալը զուգորդվում է դրամայնացման եւ ֆինանսական միջնորդության ցածր եւ դոլարայնացման բարձր մակարդակի հետ, որոնք Հայաստանի տնտեսությունը խոցելի են դարձնում արտաքին ցնցումների նկատմամբ: Մասնավոր փոխանցումների էական ներհոսքըՙ մոտ 750 մլն ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի 15 տոկոսը), օգնում է փակել ներքին խնայողություններ-ներդրումներ բացը եւ արտաքին ֆինանսավորման կարեւոր աղբյուր է: Սակայն դրանք ենթակա են արտաքին ցնցումների ազդեցությանը: Չնայած անկախությունից առ այսօր մեր երկրի տնտեսական բարեփոխումների եւ ազատականացման հարցում հասած հաջողություններին, կառավարման արդյունավետությունը բարձրացնելուն, չկայացած քաղաքական համակարգի բարելավմանն ու կոռուպցիայի բարձր մակարդակի նվազեցմանն ուղղված հետագա միջոցառումները միայն կապահովեն երկարաժամկետ ներդրումների եւ աճի հեռանկարներ:
Ըստ «Ֆիթչի» մեկնաբանությունների, չնայած բարձր տնտեսական աճին, Հայաստանի վարկանիշները սահմանափակված են մեկ շնչին ընկնող ցածր եկամտով, որը 2005 թ. դրությամբ կազմել է 1500 ԱՄՆ դոլարՙ ի տարբերություն «BB» խմբի միջինՙ 2500 ԱՄՆ դոլարի: Կառավարությունը կանգնած է հարկահավաքության ծավալների մեծացման մարտահրավերի առջեւ: Հարկերը կազմում են Հայաստանի ՀՆԱ 14 տոկոսը, որը «Ֆիթչի» վարկանշած երկրներում ամենափոքրն է եւ սահմանափակում է եկամուտներ ստանալու ընդհանուր գործընթացը: Դա էլ իր հերթին ազդում է հարկաբյուջետային ճկունության վրա:
Վարկանշման համար մեկ այլ կարեւոր նկատառում է Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակըՙ ԼՂՀ կարգավիճակի վերջնական լուծման բացակայությունը եւ Թուրքիայի հետ ոչ նորմալ հարաբերությունները: Ըստ «Ֆիթչի», ԼՂՀ հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի բախման հավանականությունը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում քիչ հավանական է, սակայն մշտական քաղաքական լուծման բացակայությունը երկարաժամկետ առումով սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը:
Հեղինակավոր վարկանիշային կազմակերպության կարծիքով, տնտեսական քաղաքականության մեջ էական փոփոխությունները քիչ հավանական ենՙ անկախ 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրություններից: Միաժամանակ նշվում է, որ բացասական տնտեսական կամ քաղաքական ցնցումները, այդ թվում ԼՂՀ հարցում աճող լարվածությունը կամ առաջիկա ընտրությունների արդյունքները բացասական ճնշումներ կունենան վարկանիշների վրա:
Ա. Մ.