Պատերազմի հանցագործությունների գծով մասնագետ, իրավագիտության պրոֆեսոր եւ «Նորթուեսթեռն համալսարանի» մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կենտրոնի տնօրեն, նախկինում Մ. Նահանգների դեսպան Դեյվիդ Շեֆըրի հոդվածը, որը փոքր հապավումներով թարգմանաբար ներկայացնում ենք, լույս է տեսել «Ֆայնենշլ թայմս» թերթի մայիսի 26-ի համարում:
Հակառակ արդիականության անողոք քայլարշավին, տասնամյակներ եւ նույնիսկ դարեր առաջ կատարված պատերազմական վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները շարունակում են անհանդուրժողականության եւ հակամարտության զգացումները վառ պահել երկրագնդի տարբեր մասերում: Ավելի հաճախ այս երեւույթը նկատելի է միեւնույն արժեքներին հավատարիմ, գլոբալիզացիայի շեմին գտնվող հասարակություններում: Ժողովուրդներից շատերն այնքան ամուր են կառչած անցյալ վայրագությունների համընդհանուր հիշողությունից, ուր մենք նոր միջոցներ պետք է գտնենք օգնելու նրանց եւ այդ վայրագությունները գործադրողներինՙ ավելի ճիշտ հասկանալու անցյալը:
Ասվածի տխուր օրինակ է Սերբիան, որտեղ քաղաքականության մեջ ինքնագրաքննությունը եւ վայրագությունների վերաբերյալ դասագրքերը շարունակում են երկիրը մեկուսացած պահել: Միլոշեւիչի մահը եւ Մլադիչին ձերբակալելու Բելգրադի անհաջողությունը վերստին բորբոքել են կրքերը: Զարմանալի չէ, որ Բալկաններում քաղաքական հաշտությունը մնում է չափազանց փխրուն: Բոսնիան համաշխարհային արդարադատությունից դեռեւս ակնկալում է ստանալ սերբերի իրագործած ցեղասպանության հաստատումը:
Թուրքիայում քուրդ ապստամբներն սպառնում են քաղաքացիական հակամարտություն հրահրել անցյալի մի շարք բռնությունների ժխտման եւ ներկայի անմխիթար վիճակի հիման վրա: Թուրք պաշտոնյաները նաեւ երկար ժամանակ հրաժարվում են «ցեղասպանություն» որակել մոտ 100 տարի առաջ օսմանյան իշխանությունների կազմակերպած հայերի բռնագաղթն ու զանգվածային կոտորածները, եվրոպական որոշ երկրներ Անկարայից պահանջում են ճանաչել ցեղասպանությունը նախքան Եվրոմիությանն անդամակցելը: Հայոց ցեղասպանությունն ուրացողներին պատժելու վերաբերյալ ֆրանսիական օրենսդրության վերջին պարտությունն ուժեղացրել է լարվածությունն այդ բնագավառում:
Թուրքիան ՆԱՏՕ-ի զորավարժություններին չմասնակցեց այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերը հրապարակայնորեն «ցեղասպանություն» որակեց հայոց պատմության այդ դեպքերը: Մի կողմից հպարտությունը, մյուս կողմից քաղաքական հաշվարկները շարունակում են բաժան պահել հայերին, թուրքերին եւ արեւմտյան երկրներին: Ճապոնիան խնդիրներ ունի Հարավային Կորեայի եւ Չինաստանի հետ Երկրորդ աշխարհամարտի ընթացքում (եւ դրանից առաջ) կատարած իր բռնություններն ընդունելու եւ բացատրելու առնչությամբ: Բարձրաստիճան պաշտոնյաները խուսափում են ճշմարտությունից: Վարչապետ Կոիսումին ամեն տարի, հակառակ արտասահմանյան բողոքների, շարունակում է այցելել Յասուկունի սրբավայրը եւ մեծարել ճապոնացի հանցագործներին: Սեուլը պահանջում է, որ Տոկիոն ընդունի իր սխալը եւ պատասխանատվություն կրի:
Լեհաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն էլ լարված են մասամբ անցյալի բռնությունների հարցում «փոխադարձ լռության» հետեւանքով: Բալթյան պետությունները չեն կարողանում մոռանալ Երկրորդ աշխարհամարտի տարիներին խորհրդային իշխանության իրագործած դաժանությունները: Լատինական Ամերիկայի հասարակություններն իրենց ուսերին կրում են մարդու իրավունքների անցյալի բազում խախտումները: Արդեն իսկ ցանված են ատելության եւ լարվածության սերմերը իսլամական աշխարհի եւ Մ. Նահանգների միջեւ:
Ամերիկյան զորքերի կողմից անմեղ քաղաքացիների սպանություններն ինչպես Իրաքում, այնպես էլ Աֆղանստանում շատ հարցեր անպատասխան են թողնում:
Ջանքեր, իհարկե, գործադրվում են տարբեր երկրներում մեղմելու լարվածությունները: Կոնֆերանսներ են գումարվում եւ ճշմարտությունը բացահայտող հանձնախմբերը լավ գործ են կատարում: Բայց այդ բոլորը բավարար չեն:
Աշխարհին հասանելի դառնալու իր կարողությամբ ինտերնետն ուժեղ միջոց է մարդկանց դաստիարակելու, լուսաբանելու եւ պայքարելու վայրագությունների հարցում քաղաքական դեմագոգիայի դեմ: Աշխարհի առաջադեմ անկախ մտավորականներից կազմված մի կոնսորցիում պետք է միասնական ջանքերով պատրաստի մի կայքէջ, որտեղ արժանահավատ աղբյուրներից քաղած տեղեկություններ լինեն բոլոր տեսակի վայրագությունների ու բռնությունների վերաբերյալ: Դրանք պետք է դյուրընթեռնելի լինեն եւ համապատասխան լեզուներով թարգմանված, որպեսզի հասարակ մարդիկ եւ մասնավորապես ուսանողները կարողանան օգտվել եւ հիմնավոր, առանց աղավաղումների տեղեկություն ստանալ: Պետք է հիշել, սակայն, որ չափից ավելի տեղեկությունը կարող է մարդկանց շփոթության մեջ գցել:
Ճապոնացի, թուրք եւ սերբ դպրոցականները, ուրիշների թվում անշուշտ, կկարողանան օգտագործել այդ կայքէջը եւ իրենց դասագրքերի բացթողումները լրացնել այնտեղից քաղած տեղեկություններով: Մրցակից կայքէջերի գոյությունն ու կառավարությունների ջանքերըՙ խոչընդոտելու նման նախաձեռնությունը, կարող են մարտահրավեր ծառայել, սակայն հեղինակավոր կայքէջերի առկայությունն անկասկած կթուլացնի լարվածությունները եւ կստիպի պետական ու հասարակական պաշտոնյաներին հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել անցյալի մութ էջերում: