Երեկ միջնադարյան նախատիպով արդեն երեք տարի ծովերում եւ օվկիանոսներում լողացող «Կիլիկիա» առագաստանավը հասավ Ամստերդամ: Ինչպես նավից տեղեկացնում է անձնակազմի անդամ, գրող-հրապարակախոս Զորի Բալայանը, ճամփորդության առաջին օրվանից իրենց վերջնական նպատակակետն Ամստերդամն էր: «Այն պատմական տրամաբանություն ուներ: Քանի որ մենք լողում էինք մեր կիլիկիացի նախնիների ճանապարհներով, որոնց համար այս քաղաքը վերջին կանգառն էր»: Զորի Բալայանը տեղեկացնում էր, որ 13-րդ դարում Ամստերդամից այն կողմ մեր նավաստիները չէին գնում: Նրանց խոսքերով, Ամստերդամը «երկրագնդի ծայրն էր»:
Զորի Բալայանը տեղեկացնում է, որ մինչ հայ նավաստիների Ամստերդամ ժամանելը նրանց գալստի մասին տեղյակ էին այնտեղ Հայաստանի դեսպանատանը: Բենիլյուքսում (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ) Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանը եւ Ամստերդամում Հայաստանի հյուպատոս Ռոբ Զիկը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հավաքվել էին նավահանգստի կենտրոնումՙ դիմավորելու «Կիլիկիայի» անձնակազմին:
Միջոցառման հենց սկզբում բարձրացվել էին երկու երկրների դրոշները, հնչել պետական օրհներգերը: Հայր Տաթեւն օրհնել է «վերադարձի ճանապարհը»: Հնչել են հայկական երգ, պար, ասմունք:
«Այսպիսով, Ամստերդամում «Կիլիկիան» ավարտեց իր առաքելությունը: Մենք անցանք նախնիների ճանապարհներով, որոնք դարձան մեր ճանապարհները: Սակայն ուսումնասիրությունը շարունակվում է: Առջեւում է հայկական առագաստանավի ամենաերկար ճանապարհը: Մենք կանցնենք մեր ուղիով, որը կոչվում է վերադարձ», հաղորդագրությունում գրում է Զորի Բալայանը:
Թ. ՄԻՆԱՍՅԱՆ