«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2006-06-10 | #108, 2006-06-13 | #109, 2006-06-14


«ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ» ԵՎ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԱՆԱՏՈԼԻԱ» ՏԵՐՄԻՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ՍԽԱԼ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հայ քաղաքական մտքի պատմությունն օտարածին ազդեցություններին դիմակայելու գիտելիքներով հարուստ զինանոց ունի: Միեւնույն ժամանակ հայոց պատմությունը վկայում է, որ յուրաքանչյուր զիջում, ի հաշիվ ազգային արժեքների, լի է աղետաբեր հետեւանքներով:

Ազգային ինքնագիտակցությամբ օժտված աշխարհայացքի արհեստականորեն նեղացման եւ խեղաթյուրման միջոցներից է սադրիչ քաղաքական նպատակներ հետապնդող հակագիտական մոտեցմամբ, պատմական ու արդի աշխարհագրական անունների աղճատումով տարածաշրջանի քարտեզի աղավաղումը:

Վերջին տարիներին միջազգային տարբեր կազմակերպությունների մեջ ընդգրկելու խնդիրը առաջնային դարձնելով, արտաքին աշխարհի քաղաքական եւ տնտեսական ազդեցությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ավելի ու ավելի են ուժեղանում: Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելքում գտնվող Արեւելյան Հայաստանի օրգանական մասերըՙ Հայաստանի Հանրապետությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախի լեռնային մասը) միջազգային ատյաններում ու փաստաթղթերում արագորեն ներառվում են այս տարածքի համար արհեստականորեն թխված «Հարավային Կովկաս» հասկացության մեջ, իսկ հայորդիների սուրբ արյան գնով ամբողջատիրական գաղութային ճիրաններից ազատագրված հայրենի Արցախի տարածքները հայտարարվում են «գրավյալ», բոլոր բացասական հետեւանքներով:

Ըստ հին եւ միջնադարյան սկզբնաղբյուրների, ինչպես նաեւ նոր եւ նորագույն ժամանակների աշխարհագրական, երկրաբանական եւ գեոմորֆոլոգիական մասնագիտական գրականության մեջ ընդունված տեսակետի, խնդրո առարկա «Կովկաս» հասկացությունը ընդգրկում է Կովկասյան լեռնաշղթան իր ճյուղավորումներովՙ հարավում հասնելով մինչեւ Կուր գետից հյուսիս եւ հյուսիս-արեւելք ընկած շրջանները: Ըստ Ստրաբոնի (մ.թ.ա. 64/6-323/24 մ.թ.), Կովկասի հարավային ճյուղավորումները ընդգրկում են Վիրքի միջին մասը եւ մոտենում Հայկական եւ, այսպես կոչված, Մոսխական լեռներին: «Հայաստանում է սկիզբ առնում Կուրը եւ, հոսելով դաշտավայրով, հյուսիսից իր մեջ է առնում Կովկասից հոսող վտակները», գրել է հույն աշխարհագրագետը: Հազարամյակների ընթացքում Հայաստանը աշխարհագրորեն առանձին է եղել Կովկաս հասկացությունը ընդգրկող որեւէ միավորից (Հյուսիսային, Կենտրոնական կամ Մեծ, Հարավային, Արեւելյան եւ Արեւմտյան Կովկաս): Այլ հարց է ժամանակի ընթացքում հայերի ներդրումը կովկասյան երկրների տնտեսական եւ մշակութային կյանքում:

Դեռեւս XIX դարում Կովկասում եւ ավելի հարավ ընկած տարածքներում Ռուսական կայսրության նվաճումներից հետո ստեղծվեցին վարչաքաղաքական միավորներ: Ժամանակի ընթացքում Կովկասից հարավ ընկած տարածքներին տրվեց «Անդրկովկաս» ընդհանուր անվանումըՙ նաեւ Արեւելյան Հայաստանի զգալի մասի ընդգրկումով, սակայն որի հարավային երկրամասերը մնացին պարսից տիրապետության տակ: Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արեւելյան լեռնային համակարգըՙ Գուգարաց, Ջավախքի, Կեչուտի, Բազումի, Թռեղքի, Աշոցքի, Եղնախաղի, Զարիշատի, Կարմիր-Փորակի, Սեւորդեաց, Կայան, Փամբակի, Արեգունի, Ծաղկունյաց, Գեղամա, Վարդենյաց, Սոդքի, Սյունիքի, Բարկուշատի, Բաղաց կամ Արեւիքի, Քաշաթաղի, Մռավի, Արցախի, Դիզափայտի եւ այլ լեռների ու լեռնաշղթաների ընդգրկմամբ արհեստականորեն անվանվեց «Փոքր Կովկաս», իսկ խորհրդային իշխանության տարիներին «Անդրկովկաս» տերմինը սկսեց կիրառվել որպես Հայկական, Վրացական եւ Ադրբեջանական խորհրդային հանրապետությունները ներառող աշխարհագրական տարածաշրջանի անվանում: Ընդ որում, 1921 թվականին ապօրինաբար Մոսկվայի մարտի 16-ի, Կարսի հոկտեմբերի 13-ի «պայմանագրերով» եւ նույն թվականի հուլիսի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշումներով Արեւելյան Հայաստանի Կարսի մարզը եւ Սուրմալուն բռնակցվեցին Թուրքիային (որի կառավարողները հայերի ցեղասպանությամբ արդեն հայազրկել էին Արեւմտյան Հայաստանը), Նախիջեւանը եւ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանական ԽՍՀ-ին, Ջավախքի Ախալքալաքի գավառը եւ այլ հայկական տարածքներ` Վրացական ԽՍՀ-ին:

Համեմատական լեզվաբանության մեջ ընդունված դասակարգմամբՙ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է, իսկ ոչ-հնդեվրոպականՙ կովկասյան լեզվաընտանիքին են պատկանում քարթվելական կամ հարավկովկասյան, աբխազա-ադիգեյական կամ արեւմտակովկասյան, վեյնախյան-դաղստանյան կամ արեւելակովկասյան լեզուները: Թ. Գամկրելիձեի եւ Վ. Իվանովի «Հնդեվրոպական լեզուն եւ հնդեվրոպացիները» (1984 թ.) գրքում ուրարտերենը եւ քարթվելերենը համարվել են «Հարավային Կովկասի» լեզուներ, իսկ նույն գրքում զետեղված քարտեզում նախաքարթվելերենի տարածման ոլորտում նշված են Կովկասից մինչեւ Հայկական լեռնաշխարհի կենտրոնական եւ արեւելյան տարածքներըՙ Գուգարքի, Այրարատի զգալի մասի (ներառյալ Արարատ-Մասիս լեռան շրջանը), Արածանիի ակունքների եւ Վանից հյուսիս-արեւելք ընկած շրջանների, ինչպես նաեւ Նախիջեւանի, Սյունիքի, Ուտիքի ու Արցախի ընդգրկմամբ: Այդ քարտեզում հայերեն լեզվի «նախնական կրողների» համար «թողնված է» միայն Վանա լճից հյուսիսՙ մինչեւ Արաքսի հովիտը տարածվող շրջանը:

Այսինքն` Հայկական լեռնաշխարհի հյուսիսարեւելյան հատվածի «Հարավային Կովկաս» համարելու խնդիրը ծագում է «անդրկովկասյան» խմորումից: Իսկ «ադրբեջանցի-թուրք» վայ-քարտեզագիրների եւ «քաղաքագետների» հայկական հողերի նկատմամբ հավակնությունների պայմաններում ակնբախ են դարձնումՙ իբր թե տարածաշրջանային «համագործակցության» համար, դրսից պարտադրվող եւ ոմանց կողմից ընդունվող «Հարավային Կովկաս» աշխարհագրական անվանմանը հետեւելու ողջ վնասակարությունը հայ ազգի եւ Հայոց անկախ պետականության համար: Ինչպես Եղիշեն է ասել. «Բոլոր չարիքները մարդու միտքն են մտնում անուսումնությունից»:

Ըստ պատմական սկզբնաղբյուրների, Հայաստանն ամբողջապես ներառել է Հայկական լեռնաշխարհը (հնագույն աղբյուրներ` Հայկական լեռներ կամ Արարատի լեռներ)ՙ Կուրի ու Արաքսի, Ճորոխի, Եփրատի ու Տիգրիսի հովիտներով ու հարակից Հյուսիսային Միջագետքի (ներառյալ Հայոց Միջագետքը) հարթավայրերով: Հայկական լեռնաշխարհ երկրաբանական-գեոմորֆոլոգիական-աշխարհագրական տերմինը գիտական գրականության մեջ կիրառվում է` բնութագրելով Հայաստանի ֆիզիկաաշխարհագրական դիրքը եւ լեռնագրական կառուցվածքը: Հայկական լեռնաշխարհ տերմինը բացարձակապես գիտական է, ընդգրկելով հազարամյակների խորքից եկող հայոց պատմա-աշխարհագրական բնական միջավայրի մեծագույն մասը (հայոց բնաշխարհի մյուս մասն է Միջերկրականի եւ Տավրոսի շրջանում գտնվող Կիլիկիան):

Պատմության ընթացքում նվաճող-հակամարտող տերությունների միջեւ Հայաստանի քաղաքական բաժանումների հետեւանքն են Արեւելյան Հայաստանը եւ Արեւմտյան Հայաստանը: Արեւմտյան Հայաստանում (Փոքր Հայք, Բարձր Հայք, Տայք, Տուրուբերան, Ծոփք, Աղձնիք, Մոկք, Վասպուրականի արեւմտյան եւ կենտրոնական գավառներ, Այրարատի արեւմտյան գավառներ, Կորդուք, Կորճայք եւ Կիլիկիա), ինչպես նաեւ Օսմանյան կայսրության այլ տարածքներում XIX դարի վերջին եւ XX դարի առաջին տասնամյակներին թուրք վայրենին իրագործեց Մեծ եղեռնը, իսկ իրեն «քաղաքակիրթ» համարող մարդկությունը նրան թողեց անպատիժ: Շարունակվող մշակութային եղեռնի արտահայտություններից է Արեւմտյան Հայաստան անվան փոխարինումը «Արեւելյան Անատոլիա» անվանումով, ինչը գիտական չէ:

Անատոլէ հունարեն նշանակում է արեւելք, իսկ անատոլիկոսՙ արեւելյան: Փոքր Ասիայումՙ Կապադովկիայից, Լիկաոնիայից եւ Կիլիկիայից արեւմուտք VII-IX դարերում, ի թիվս բյուզանդական այլ բանակաթեմերի, գոյություն է ունեցել «Անատոլիկոն» կոչվող բանակաթեմը: Մասնագիտական գրականության մեջ Անատոլիա անվանումը ավելի լայն իմաստով կիրառվում է միայն Փոքր Ասիայի կապակցությամբ: Իսկ քանի որ Փոքր Ասիան գտնվում է Հայկական լեռնաշխարհից արեւմուտք, ուստի Անատոլիա (իր որեւէ հատվածովՙ արեւմտյան, կենտրոնական կամ արեւելյան) անվան թե՛ գիտական եւ թե՛ ավելի լայն կիրառումը չի կարող լինել Փոքր Ասիայի սահմաններից դուրս, ուստի չի կարելի տարածել Հայկական լեռնաշխարհի արեւմտյան կամ որեւէ այլ մասի վրա:

Շրջանառության մեջ դնելով «Արեւելյան Անատոլիա» արտահայտությունը` թուրք զավթիչները եւ նրանց հովանավորներն ու դաշնակիցները ցանկանում են մոռացության տալ արհեստածին Թուրքիայի բռնազավթած հայկական հողերի ազգային պատկանելության եւ պահանջատիրության խնդիրը: Օրինակ, Արեւմտյան Հայաստանը, որպես հայոց բնօրրանի մի մաս, անտեսված է պատմական Մետաքսի ճանապարհի արդի միջազգային պատմամշակութային ծրագրում, իսկ Արեւելյան Հայաստանից նշվում են միայն Հայաստանի Հանրապետության մի քանի պատմական վայրեր:

Արեւելյան Հայաստանի տարածքների մի մասը` Հայաստանի Հանրապետությունը եւ ԼՂՀ-նՙ Արցախի ազատագրված տարածքներով հանդերձ այսօր կազմում են հայոց պետությունը (Արեւելյան Հայաստանի մի մասում)` Հայկական լեռնաշխարհում ավելի քան հինգհազարամյա պատմություն ունեցող հայոց պետականության հսկայական արհավիրքներ վկայած ժառանգորդը: Արեւելյան Հայաստանի մնացած մասըՙ Կարսի շրջանը եւ Մասյացոտն գավառը, Ուտիքի զգալի մասը, Արցախիՙ ազատագրմանը սպասող մասը, Նախիջեւանը, Գուգարքի հյուսիսային մասը` ներառյալ Ջավախքը, ինչպես նաեւ Հայկական լեռնաշխարհի հարավարեւելյան շրջանները (Նորշիրականը, Փայտակարանը եւ Վասպուրականի արեւելյան գավառները) եւ ամբողջ Արեւմտյան Հայաստանը պատմական անարդարությամբ դեռեւս բռնազավթված են, սպասելով ազատագրմանը:

Հայկական լեռնաշխարհ գիտական անվանման փոխարեն «Արեւելյան Անատոլիա» եւ «Հարավային Կովկաս» տերմինների բռնազբոսիկ եւ հակագիտական կիրառումը գաղափարապես ծառայում է մի դեպքում` Արեւմտյան Հայաստանի քաղաքական բռնազավթման եւ այնտեղ իրականացվող մշակութային եղեռնի, իսկ մյուս դեպքում` անկախ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի նկատմամբ օտար որոշ ատյանների կողմիցՙ հատկապես տնտեսական եւ քաղաքական լծակներով «նոր» գաղութային քաղաքականության իրագործմանը:

Հայոց պետական կառույցները, պետական ու քաղաքական գործիչները հանուն ազգային անվտանգության ոչ միայն պետք է դիմակայեն օտարների կողմից հայկական տարածքների կապակցությամբ «Հարավային Կովկաս» եւ արհեստականորեն ստեղծված ու պարտադրվող այլ տերմինների կիրառմանը, այլեւ բացատրական աշխատանք ծավալեն միջազգային ատյաններում ընդհանրապես Հայկական լեռնաշխարհի աշխարհագրական անվանումներն անաղարտ պահելու եւ հայագիտական մոտեցմամբ շրջանառության մեջ դնելու համար:

Է. ԴԱՆԻԵԼՅԱՆ, պատմ. գիտ. դոկտոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4