«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2006-06-10 | #108, 2006-06-13 | #109, 2006-06-14


ԱՅԼԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐԾԱՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ

Հայաստանի մտավորականներն ընդդեմ Ռուսաստանում հայերի սպանությունների եւ քսենոֆոբիայի

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ռուսաստանում վերջին ամիսներին տեղի ունեցած սպանությունների առնչությամբ երեկ իրենց բողոքն էին հայտնում Հայաստանի ստեղծագործական միություններն ու մտավորականության ներկայացուցիչները: Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքերով, ներկայումս Ռուսաստանում մի վիճակ է, երբ հնարավոր չէ ապավինել զգայական մոտեցումներին: Ըստ Անանյանի, Ռուսաստանում արվում է ամեն ինչ, որ վարկաբեկվեն հայն ու Հայաստանը, եւ ժամանակն է լրջորեն զբաղվելու ֆաշիստական դրսեւորումների դեմ: Լեւոն Անանյանը նշեց անպատժելիության գործոնի մասին, որ Ռուսաստանում սպանվում են այլազգիներ եւ պատիժ կրող չկա, եւ մարդասպաններն էլ մեղադրյալի աթոռին չեն, հետագա սպանությունների խթան է դառնում:

1996-2001 թթ. ՌԴ ազգությունների գծով նախարարի խորհրդական, ինքն իրեն հրապարակախոս եւ քաղաքագետ ներկայացնող Վսեվոլոդ Մարյանի համոզմամբ, հայերը հետխորհրդային տարածությունում միակ ազգն են, որ անտրտունջ հետեւում են իրենց հայրենակիցների սպանություններին: Ընդհանուր առմամբ, բավականին բարձրագոչ արտահայտվող Վսեվոլոդ Մարյանի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե Ռուսաստանում բոլոր ազգային փոքրամասնությունները խստագույնս եւ հետեւողականորեն պաշտպանում են սեփական իրավունքները, մինչդեռ հայերը ոչինչ չեն անում:

Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Սահակյանցի խոսքը յուրօրինակ իրարանցում առաջացրեց: Սահակյանցը նշեց, թե հարկ է արժանի հակահարված տալ: Նման հայտարարությունից հետո արդեն իրարանցման մեջ Սահակյանցը լրացրեց խոսքը, թե ասածը չի նշանակում ինչ-որ բան անել Հայաստանում ռուսների դեմ, մոռանալով, որ ռուսները մեր բարեկամներն են:

Կարծիքներ հնչեցին, թե սափրագլխային շարժումը մեծագույն վտանգ է ռուսաստանյան իշխանության համար, եւ եթե ռուսաստանցիները չպարզեն այդ շարժման արմատներն ու նպատակները, կհասնեն կործանման: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանում իրավիճակին հետեւում եւ ընդհանուր առմամբ արձագանքում է Ռուսաստանի հայերի միությունը, որի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը երեկվա հանդիպման ժամանակ կարեւորելով հարցի արդիականությունը եւ դատապարտելիությունը, նշեց, որ ճիշտ չի լինի նույն մեթոդներով պայքարել սափրագլուխների դեմ: Ըստ Աղայանի, ճիշտ չէ նաեւ մոտեցումը, թե այս ամենն ուղղված է հայերի դեմ: Ի դեպ, Ռուսաստանի հայերի միությունը եւ անձամբ նախագահ Արա Աբրահամյանը հետեւողական են վերջին ամիսների սպանությունների քննությունների նկատմամբ կլոր սեղանների ու ասուլիսների միջոցով իրազեկ պահելով հասարակությանը:

Իսկ թե նշվածից ավելի ի՞նչ են անում Ռուսաստանի հայերի միությունը եւ Արա Աբրահամյանը, Վլադիմիր Աղայանը հակադարձեց հարցով. «Իսկ ի՞նչ ենք անում մենք բոլորս»: Ըստ էության խնդրի վրա ուշադրություն հրավիրելու եւ լուծումներ ստանալու հարցում պետք է գործի ոչ միայն Ռուսաստանի հայերի միությունը, այլեւ Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը, Հայաստանի արտգործնախարարությունը, բոլոր այն կառույցներն ու մարդիկ, որոնք իրենց դերակատարմամբ կարող են նպաստել խնդրի լուծմանը:

Հանդիպմանը ներկա Հայաստանի ԱԳՆ Ռուսաստանի բաժնի վարիչ Մարիա Բաբայանի ներկայացմամբ, հայրենի արտաքին գործերի գերատեսչությունն արել եւ անում է հնարավորըՙ իր մտահոգությունը հայտնելով համապատասխան կառույցներին: Հանուն արդարության պետք է նշել, որ արտգործնախարարության «ձայնը» լսվել է, բայց կարծես միայն վերջին օրերին: Մինչդեռ ԱԳՆ աշխատակցուհու խոսքերով, անգամ դեսպանությունը Ռուսաստանում աշխատում է ակտիվորեն, հանդիպումներ անցկացնում, իր մտահոգությունը հայտնում գրավոր ձեւակերպմամբ:

Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանն իր խոսքում իրավացիորեն նկատեց, որ Հայաստանի ստեղծագործական միությունների եւ մտավորականության ներկայացուցիչների հայտարարությունը Ռուսաստանում հայերի սպանության առնչությամբ ուշանում է, քանի որ ֆաշիստական կազմակերպությունները Ռուսաստանում սկսել են գործել դեռեւս ԽՍՀՄ փլուզումից անմիջապես հետո: Ըստ Գեւորգյանի, փոխանակ միմյանց մեղադրելու, յուրաքանչյուրս իրեն պիտի հարց տա, թե ի՞նչ է անում ինքը: Միեւնույն ժամանակ Աստղիկ Գեւորգյանն ընդգծեց, որ որքան էլ հասարակական կազմակերպությունները, մտավորականությունը փորձեն ինչ-որ բան անել, արդյունք կլինի, եթե թիկունքում լինեն պետությունը, արտգործնախարարությունը, դեսպանությունը:

Պետական մոտեցումը կարեւոր է թեկուզ նրանով, որ եթե այդ սպանություններից մեկի գործով մեղադրյալ լինի եւ դատավճիռ կայացվի, ապա այլեւս նման բաներ չեն կրկնվի: Ընդ որում, ըստ Աստղիկ Գեւորգյանի, բնավ էլ կարիք չկա այս ամենի շուրջը հակառուսական հիստերիա բարձրացնելու:

Ինչեւէ, ելնելով Ռուսաստանում տիրող իրավիճակից, Հայաստանի ստեղծագործական միություններն ու մտավորականության ներկայացուցիչներն իրենց հայտարարության նախագծում պահանջում են, որ Հայաստանի արտգործնախարարն անհապաղ բացատրություն պահանջի Հայաստանում Ռուսաստանի դեսպանիցՙ չբացահայտված սպանությունների առնչությամբ: Երկրորդ պահանջն է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարությունը Երեւան կանչի Ռուսաստանում Հայաստանի դեսպանինՙ հիշեցնելու, որ քաղաքակիրթ երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների առաջնահերթ պարտականությունը հայրենակիցների կյանքի եւ կայքի ապահովությանն ուղղված աշխատանքն է: Հայտարարությամբ ամրագրված երրորդ պահանջը վերաբերում է Վարդան Օսկանյանին, որպեսզի վերջինս Ռուսաստանի ԱԳ նախարարին փոխանցի Ռուսաստանում հայերի սպանության եւ հակահայկական այլ երեւույթների դեմ Հայաստանի ազգաբնակչության տագնապն ու վրդովմունքը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4