«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2006-06-10 | #108, 2006-06-13 | #109, 2006-06-14


«ԳԼՈԲԱԼ ԳՈԼԴ»-Ը ԳՐԱՆՑՎԱԾ ՉԷ ԻԲՐԵՎ ԸՆԴԵՐՔ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ»

Հայտարարում է բնապահպանության նախարարը

Հայաստանի ընդերքում, ըստ հաշվարկների, 170 մլրդ ԱՄՆ դոլարի արժեքով 613 հանքավայրեր կան, որոնցից կարելի է արդյունահանել կամ արդյունահանվում են 60 տեսակի օգտակար հանածոներ: Հանքարդյունաբերությունը օգուտի հետ մեկտեղ նաեւ հսկայական վնասներ է պատճառում բնությանը: Բաց եղանակով շահագործված, ներկայում չշահագործվող կամ լքված հանքավայրերի թափոնները ցրված են հանրապետության հսկայական տարածքների վրա: Հանքերի շահագործման պատճառով խախտված հողերի ծավալները կազմում են 6500 հա, այդ տարածքներն անապատացման իրական վտանգի տակ են հայտնվել: Մի կողմից հանքերը շահագործվում են, մյուս կողմիցՙ 18-20 գործողություններ ու ծրագրեր են մշակվել դրա հետեւանքով առաջացած ավերածությունների դեմ: 110 մլն դրամ գումար է նախատեսվել խախտված հողերի վերականգնման համար: Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը նշում է, որ Արթիկի տարածաշրջանում 70 հա այդպիսի տարածք է վերականգնվել:

Նախարարի երեկվա ասուլիսը, սակայն, գլխավորապես անդրադարձ էր վերջին շրջանում հասարակական քննարկման առարկա դարձած 10 հանքեր շահագործող եւ ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գլոբալ Գոլդ»-ի գործունեությանը:

«Վերջին ստուգումները ցույց են տալիս, որ նրանք շահագործման բնագավառում լրջագույն խնդիրներ ունեն, հայտնաբերված են թե՛ թաքցված ծավալներ, թե՛ չվճարված բնօգտագործման վճարներ»: Եվ 3 ամիս դադարեցրել էր նրանց գործունեությունը, որովհետեւ արտադրական արտահոսքերում ցիանիտի պարունակությունը սահմանված նորմայից բարձր է եղել:

Բազմաթիվ տաք քննարկումների առարկա է դարձել Սեւանի ավազանում, լճից 35 կմ հեռավորության վրա «Գլոբալ Գոլդի» առաջարկած նոր կառուցվելիք հարստացուցիչ ֆաբրիկայի խնդիրը: Նախարարը վճռականորեն պնդեց, որ նման բան չի լինի, որ «Սեւանի տարածքում չի թույլատրվելու նման ձեռնարկության կառուցումը»:

Վարդան Այվազյանը նաեւ հայտարարեց, որ 8-10 հանքավայրեր շահագործող «Գլոբալ Գոլդը» գրանցված չէ նախարարության երկրաբանության ուսումնասիրություններ իրականացնող կազմակերպությունների ցանկում, այսինքն համապատասխան լիցենզիա չունի: Իսկ ինչո՞ւ է թույլատրվում նրա գործունեությունը: Նախարարի բացատրությամբ, «Գլոբալ Գոլդը» գնել է այդ տարածքում աշխատող ոմն «Աթիլլա» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 80 տոկոսը, եւ չգրանցված վիճակում գործունեություն ծավալել:

Վերջերս այս ընկերությունը հայտարարել է նաեւ ուրանի հետազոտման իր մտադրությունների մասին: Նախարարը վճռականորեն ժխտեց նաեւ այս փաստի հավանականությունը: «Ընդերքի մասին օրենսգիրքը հստակ ասում է, որ ռադիոակտիվ ապարների որոնման կարգը սահմանում է միայն կառավարությունը, այսինքն պետությունը հատուկ է զբաղվում այդ խնդրով: Որպես նախարար, հստակ հայտարարում եմ, որեւէ մեկին ուրանի որոնողական աշխատանքների լիցենզիա չի տրվել»... «Մենք արդեն զրկել ենք նրան Հանքավանի եւ Մարջանի հանքավայրերի շահագործման լիցենզիաներից, եւ եթե ինքն այլ տեսակի գործունեություն ծավալեց, որը հակասում է ՀՀ օրենսդրությանը, զրկվելու է նաեւ մնացածներից», վերջում հայտարարեց նա:

«Մենք վստահ ենք, որ մեր ներդրումները չեն բռնագրավվի»

Երեկ նախարարի ասուլիսից անմիջապես հետո «Գլոբալ Գոլդի» հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ա. Պողոսյանից հաղորդագրություն ստացանք, որով նա փորձում է հերքել նախարարի հայտարարությունները: Նկատի առնելով խնդրի կարեւորությունը եւ, որ այն նորից սկսում է թեժանալ, ամբողջությամբ ներկայացնում ենք այդ պարզաբանում-հերքումը: Ակնհայտ է, սակայն, որ խնդիրը հեռահար մեղադրանքների ու պատասխանների մակարդակում լուծելի չէ:

«Մենք զարմացած ենք մեր կազմակերպության` «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ի Հայաստանում ծավալած գործունեությանը վերաբերող կրկնվող հայտարարություններից, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ հակասում են օրենքին: Այսպես` Գետիկի տարածքում ուսումնասիրության աշխատանքներ կատարելու համար բնապահպանության նախարարությունը «Գետիկ Մայնինգ Քոմփանի»-ին (որը մեր դուստր ձեռնարկությունն է) տվել է Գետիկի հանքաերեւակման ուսումնասիրության աշխատանքների կատարման թիվ 151 եւ 152 լիցենզիաները (24.11.2005թ.): Այդ լիցենզիաները ներառում են բնապահպանության նախարարության հաստատածՙ Գետիկի հանքաերեւակման ուսումնասիրության աշխատանքների նախագիծը: Ուստի` ուսումնասիրության աշխատանքներն իրականացվում են բնապահպանության նախարարի ստորագրությամբ տրված լիցենզիաների, նույն լիցենզիաներում սահմանված, նախարարությունում գրանցված եւ նախարարության հաստատած ուսումնասիրության աշխատանքների նախագծի համաձայն: Բացի այդ, Կոնցեսիայի մասին օրենքի 35-րդ հոդվածի համաձայն` ուսումնասիրության աշխատանքների ընթացքում արդյունաբերական նշանակության ցանկացած հանածոյի (ներառյալ` ուրանի) հայտնաբերման մասին ընկերությունը պետք է 14 օրվա ընթացքում հայտնի կառավարությանը: Մեր ընկերությունն ուսումնասիրության աշխատանքներն իրականացնում է բացառապես նախարարության տված լիցենզիաների եւ ՀՀ օրենսդրության համաձայն:

Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, որ «Գլոբալ Գոլդ» ընկերությունը հանքարդյունաբերության ոլորտում գրանցված չէ: ՀՀ օրենքը չի պահանջում ներդնող եւ բաժնետեր կազմակերպությանը, այս դեպքում` «Գլոբալ Գոլդ»-ին, գրանցվել: Կոնցեսիայի մասին օրենքի 67-րդ հոդվածը պահանջում է տեղի կազմակերպություններին բաժնետերերի մասին տեղեկացնել, ինչն էլ մեր կողմից արվել է: Մենք վստահ ենք, որ «Գլոբալ Գոլդ»-ի ներդրումները չեն բռնագրավվի»:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4