«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#107, 2006-06-10 | #108, 2006-06-13 | #109, 2006-06-14


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱՑՐԵՑ

Կենտրոնական բանկի 2005-ի տարեկան հաշվետվությունը երեկ խորհրդարանում հնարավոր հակիրճությամբ ներկայացվեց ու դժգոհության ալիք առաջացրեց: Անկախ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանն առիթն օգտագործեց թունդ որակումներ հնչեցնելու համար: Ըստ նրա, ԿԲ-ի գործունեությունը «շուլլերություն է», ինչի արդյունքում երկիրը վերածվել է մեծ կազինոյի, ուր բոլորն անխտիր սեփական կամքից անկախ ստիպված են խաղալ: Պատճառը, պատգամավորի բացատրությամբ, դրամ-դոլար փոխարժեքի տատանումն է, նպատակըՙ հարուստներին ավելի հարստացնելը, կատարողըՙ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Արտաշես Գեղամյանն էլ «Ազգային միաբանության» անունից հայտարարեց, որ 2006-ը դարձավ իրական տաղանդներիՙ շախմատիստների եւ Նոբելյան մրցանակի արժանի ԿԲ հեղինակած հունարի հայտնության տարի: Իսկ նշված հունարն, ըստ Գեղամյանի, հասարակության լայն զանգվածների նախագահականից ղեկավարվող կողոպուտն է:

Տիգրան Սարգսյանը կոռեկտ չհամարեց ԿԲ-ին քաղաքական հարթություն ներքաշելն ու ընդգծեց, որ ԿԲ-ն տալիս է մասնագիտական պատասխաններ, որը շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների համար մեկնաբանում է ստեղծված իրավիճակը, իսկ քաղաքական հարթության մեջ հայտնվելուց ԿԲ-ն խուսափում է: ԿԲ նախագահի բացատրությամբՙ ազգային արժույթի շրջանառության մեջ մտնելու պահիցՙ 1993-ից, ԿԲ որդեգրած լողացող փոխարժեքի քաղաքականությունը փոփոխություն չի կրելու եւ հենց այդ քաղաքականությունն է Միջազգային արժութային հիմնադրամի, Համաշխարհային բանկի Հայաստանին տված չափազանց դրական գնահատականի հիմքը: Լողացող փոխարժեքի քաղաքականությանը հավատարիմ մնալու արդյունքներն, ըստ Սարգսյանի, բնակչության համար շոշափելի են, քանի որ վերջին երեք տարիներին աղքատության հաղթահարման հստակ միտումներ են արձանագրվել, պարզապես դրանք նկատել է պետք եւ խնայողությունները դրամով պահել, քանի որ երկրի վարկանիշի ցածր լինելու պատճառներից մեկը տնտեսության խիստ դոլարացվածությունն է: Վերջին երեք տարիներին խնայողությունները ՀՀ դրամով պահած քաղաքացիները, ԿԲ նախագահի վստահեցմամբ, առնվազն 30 տոկոս շահել են, հակառակ վարվողներըՙ նույնքան տուժել: ԿԲ նախագահը նաեւ ոչ բարձր գնաճ երաշխավորեց եւ ընդգծեց, որ երկիրը կայուն գնաճային փուլում է, ինչը պետք է որ դրամով խնայողությունները պահողների ապահովությունը անխաթար պահի:

Արտարժույթի վարքագիծն անկանխատեսելի է, համապատասխան մեթոդաբանություն չկա, եւ լողացող փոխարժեքի քաղաքականության պարագայում փոխարժեքը ձեւավորվում է շուկայում, իսկ շուկայի վրա ազդող գործոնները բազմաթիվ են ու իրարամերժ: Տիգրան Սարգսյանը վստահեցրեց, որ վերջին շրջանում հստակ ձեւավորվել է դրամի արժեւորման միտումՙ պայմանավորված մեծ պահանջարկով, ինչը հիմնավորվում է նախ պայմանավորված մեծածավալ արտարժութային ներհոսքի հանգամանքով:

ԿԲ նախագահի վստահեցումներին հակառակ պատգամավորներից շատերը դրամի արժեւորումն արհեստական համարեցին, իսկ երեք տարի առաջ իրականացված ոսկու պետական պաշարների վաճառքըՙ 30 տոկոս վնաս արձանագրած գործարք: ԿԲ նախագահն ի պատասխան հայտարարեց, որ ոսկու վաճառքից ԿԲ-ն մոտ 3 մլրդ դրամ շահույթ է ստացել, իսկ հակառակ պնդումներն հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու փորձեր են: Ոսկին հարստության կուտակման գործառույթ ունի եւ պաշարների վերականգնումը իմաստ կունենա այն պարագայում, երբ համախառն արտաքին ակտիվներն ավելին լինեն, քան արտաքին պարտքերը: Այսօր մեր երկրում պատկերը ճիշտ հակառակն է:

Ի պատասխան հարցերի տեսք ստացած շարունակաբար պտտվող լուրերի, Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց. «ԿԲ հավաքարարի աշխատավարձը շատ ավելի ցածր է, քան պատգամավորինը: Եթե ցանկություն ունեն, կարող են գալ եւ ընդունվել աշխատանքի»: Այս տեղեկացում առաջարկին սակայն հետեւեց Սարգսյանի ոչ հուսադրող վիճակագրությունը. «Ամեն տարի մոտ 50-60 հոգի անցնում են տարին երկու անգամ կազմակերպվող դասընթացները, բայց նրանցից միայն 5-ն են աշխատանք ստանում ԿԲ-ում»: ԿԲ ավտոպարկն էլ, գերատեսչության ղեկավարի հավաստմամբ, քանակական փոփոխություններ չի կրել 1994-ից, չի ներառում շքեղ մեքենաներ, ներառում է մեկ թանկարժեք եւ ներկայացուցչական գործառույթ ունեցող մեքենա:

Պ. Ն.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4