«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԱԿԱՄ ԲԱՑԻԿՆԵՐԻՆ, ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Կալիֆոռնիայի 43-րդ ընտրատարածքի հունիսի 6-ին կայացած Մ. Նահանգների Դեմոկրատական կուսակցության նախընտրական ժողովի թեկնածուների ընտրություններում հայազգի Պոլ Գրիգորյանը հավաքելով ձայների 57 տոկոսը (14.137 քվե), պարտության է մատնել իր հակառակորդ Ֆրենկ Քուինտերոյին, որն ստացել է ձայների 43 տոկոսը (10.863 քվե), հայտնում է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Կալիֆոռնիայի 43-րդ ընտրատարածքի մաս են կազմում Գլենդեյլը, Բերբանքը, Հյուսիսային Հոլիվուդը, Սիլվեր Լեյքը, Լոս Ֆելիզը, Գրիֆիթ Պարկը, Թոլուկա Լեյքը, Էթուաթեր Վիլիջը եւ Վալի Գլենը: Այդ բոլոր շրջաններում ապրող հարյուր հազարավոր հայեր ընտրության օրից մի քանի օր առաջ Գրիգորյանին հեղինակազրկող չարակամ բացիկներ եւ հեռախոսազանգեր են ստացել, որոնցում Գրիգորյանը եւ նրան պաշտպանող Հայ դատի գրասենյակը ներկայացվել են իբրեւ «կասկածելի մի ահաբեկչի» հետ կապ ունեցող անձնավորություն եւ կազմակերպություն: «Գրիգորյանը տեղ չունի պետական ասամբլեայում», հնչել է հեռախոսազանգերում: Բացիկներում ուղարկողի անվան մասում նշված են եղել CLLF սկզբնատառերը, որոնք հետագայում վերծանվել են որպես California Latino Leadership Fund, որը կարելի է հասկանալ Կալիֆոռնիայում հարավամերիկյան (լատինո) ղեկավարություն հաստատելուն նպատակաուղղված հիմնադրամ: Միակ անուղղակի կապը այդ հիմնադրամի եւ Քուինտերոյի միջեւ եղել է այն, որ Կալիֆոռնիայի պետքարտուղարության կայքէջում հայտնվել է տեղեկություն, որ հիմնադրամից 18.433 դոլար հատկացվել է ընդդիմանալու Գրիգորյանին եւ 31.566 դոլար` պաշտպանելու Քուինտերոյին: Այդ գումարները վճարվել են «Փոլքա կոնսալդինգ» հաստատությանը, որի պրեզիդենտ Սեհդի Փոլքան քաղաքական խորհրդատուն է Կալիֆոռնիայի նահանգային սենատի նախագահ Դոն Փեութայի:

Ընտրության հաջորդ օրն իսկ Գլենդեյլում Հայ դատի գրասենյակի հրավիրած մամլո ասուլիսում հայկական տարբեր կազմակերպությունների առաջնորդներ միասնական ոգով դատապարտել են հակահայկական նման արարքը եւ պահանջել, որ դրա հետեւում կանգնողները պատասխանատվության ենթարկվեն: Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայկոսան, քաղխորհրդի անդամ Էրիկ Գարսեթին, կոնգրեսական Ադամ Շիֆը եւ շատ ուրիշ քաղաքական գործիչներ նույնպես խստիվ դատապարտել են կատարվածը:

Հաղորդագրության վերջում Սասունյանը կոչ է անում վճռական միջոցների դիմել, մինչեւ անգամ դատական հայց հարուցելՙ կանխելու համար հետագայում նման արարքների կրկնությունը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4