Հունիսի 25-ին հրավիրվում է Թուրքիայի քրդաբնակ հարավարեւելյան շրջաններում մեծ ժողովրդականություն վայելող Ժողովրդավարական հասարակարգ կուսակցության անդրանիկ հանրագումարը: Կուսակցությունը համագումարի առնչությամբ հրավիրատոմսեր է պատրաստել հյուրերի համար հետեւյալ մակագրությամբ. «Ձեր մասնակցությունը համագումարին, որը հրավիրում ենք խաղաղությանը, եղբայրությանն ու ժողովրդավարությանը նպաստելու հավատով, մեծ պատիվ է մեզ համար»:
Հունիսի 14-ի համարում տեղեկացնելով այդ մասին, «Միլիեթ» թերթը գրում է, որ համագումարի կազմակերպիչները հրավիրատոմս են ուղարկել նաեւ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջդեթ Սեզերին, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալին, հայտնի գրող Օրհան Փամուքին:
Այստեղ արտառոց ոչինչ չկա: Արտառոցը, ըստ թուրքական թերթի, այն է, որ հրավիրատոմսը երկլեզու է` տպագրված քրդերեն եւ թուրքերեն: Այլ կերպ, Թուրքիայի ղեկավարները քրդերեն հրավիրատոմս են ստանում այն կուսակցությունից, որը ստեղծվել եւ գործում է Թուրքիայում:
Հ. Չ.