«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ԻՐԱՔԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ PKK-ԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Ազգը» դեռեւս ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի ապրիլի 25-ի Անկարա կատարած այցը լուսաբանելիս թուրք-ամերիկյան տարաձայնությունների հիմքում դրել էր Հյուսիսային Իրաքում տեղակայված PKK-ի ճամբարների չեզոքացման Անկարայի պահանջի անտեսումը Վաշինգտոնում: Ի դեպ, դրա հետ անտեսվում են նաեւ Հյուսիսային Իրաք ներխուժելու թուրքական զինված ուժերի վերջին շրջանում հաճախակի հնչող սպառնալիքները: Դա խրախուսում է PKK-ին, որ այս կազմակերպության գրոհայիններն անընդմեջ Թուրքիա ներթափանցելով, մշտապես բախումների մեջ են մտնում թուրքական անվտանգության ուժերի հետ եւ վերջիններիս պատճառում ամենօրյա զոհեր:

Ինչպես երեւում է, խնդիրը սոսկ PKK-ի գրոհայինների ներթափանցումը չէ, այլ թուրքական զինված ուժերի ներխուժման բացառումը, որ Քրդստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ, քրդական իշխանությունների ղեկավար Մասուդ Բարզանին վերջերս հայտարարեց. «ԱՄՆ-ը երաշխավորել է, որ Թուրքիան չի ներխուժի Հյուսիսային Իրաքՙ ծավալելու ռազմական գործողություններ ընդդեմ PKK-ի»:

Ըստ երեւույթին այս երաշխիքը ուժի մեջ է, որ Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի որդին` Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ղուբաթ Թալաբանին տարածքում PKK-ի ներկայության վերացման համար Թուրքիային որպես նախապայման առաջադրել է համաներման շնորհում ու քաղաքական երկխոսության սկզբնավորում:

Նա, ըստ «Միլիեթի», ելույթ ունենալով Վաշինգտոնում գործող Ռազմավարական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնում, ասել է. «PKK-ի հարցն ունի քաղաքական լուծում, այլ ոչ թե ռազմական: Դրա լավագույն տարբերակը PKK-ականներին համաներում շնորհելն է: Դա մեծապես կհանգեցնի հարցի լուծմանը: Այսպիսով, PKK-ի անդամների ճնշող մեծամասնությունը կստանա զենքը վայր դնելու հնարավորություն»:

Ղուբաթ Թալաբանին ելույթում միաժամանակ պահանջել է Վաշինգտոնից ռազմաբազա տեղակայել Հյուսիսային Իրաքում, մատնանշելով. «ԱՄՆ-ը պետք է զորքեր տեղաբաշխի Քրդստանում: Այս շրջանն էությամբ ընդգծված ամերիկամետ է: ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը հետ կպահի Քրդստանի նկատմամբ ռազմական միջամտության նկրտումներ ունեցող հարեւան երկրներին: Ինչ խոսք, Հյուսիսային Իրաքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայման հարցը նախապես պետք է համաձայնեցվի Բաղդադի վարչակարգի հետ»:

Իրաքն օկուպացրած ԱՄՆ-ը, որտեղ նա շուրջ 150 հազարանոց զորք ունի եւ վերահսկում է երկրի ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր իշխանությունների գործունեությունը, Հյուսիսային Իրաքում ռազմակայան տեղակայելու հարցը Բաղդադի հետ համաձայնեցնելու խնդիր ունենալ չի կարող: Բայց, որ PKK-ին համաներում շնորհելու եւ վերջինի հետ քաղաքական երկխոսություն սկսելու Իրաքյան Քրդստանում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ղուբաթ Թալաբանիի Անկարային հասցեագրած պահանջները պետք է համաձայնեցված լինեն Վաշինգտոնի հետ, կասկածից վեր է:

Այլ կերպ, այն, ինչ խուսափում է արտահայտել, Վաշինգտոնը հանձնարարում է, որ արտահայտի իր ներկայացուցիչը: Ղուբաթը Իրաքի նախագահի որդին է, ուստի միանգամայն ծանրակշիռ բնույթ են ստանում Անկարային ուղղված նրա պահանջները, որոնք, ըստ ամենայնի, պահանջներն են նաեւ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող Իրաքի իշխանությունների եւ համապատասխանում են Հյուսիսային Իրաքում Վաշինգտոնի քրդական ծրագրերի ներկա պահանջներին:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4