«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ՊՈՒՏԻՆՆ ՈՒ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԼՈՒԾԵՑԻՆ

Պուտինը հավանաբար կայցելի Վրաստան

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հունիսի 13-ի ուշ երեկոյան պետերբուրգյան 10-րդ միջազգային ֆորումի շրջանակներում Վլադիմիր Պուտին-Միխայիլ Սաակաշվիլի հանդիպումը չլուծեց գլխավոր խնդիրները, մասնավորապես Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հակամարտությունների առնչությամբ ռուս-վրացական տարաձայնությունները:

Ավելի քան 2 ժամ տեւած եւ մեծ սպասումների տեղիք տված հանդիպումը Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների համատեղ ջանքերով ներկայացվեց որպես բարեկամական զրույց: Վլադիմիր Պուտինն այդ առնչությամբ նշել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունները նորմալ կոչել չի կարելի եւ այս հանդիպումը իրավիճակը կարգավորելու փորձ էր: Սաակաշվիլին իր հերթին նշել է, որ հանդիպմանը քննարկված հարցերի մեծ մասն, այնուամենայնիվ, մնացել է չլուծված:

Չնայած վրացական գինու հետ կապված խնդիրները ռուսական, լրատվամիջոցների փոխանցմամբ, հանդիպմանը չեն քննարկվել, բայց եւ այնպես ՌԴ նախագահը Սաակաշվիլուն շնորհակալություն է հայտնել գինեգործության ոլորտում կարգուկանոն հաստատելու միջոցներ ձեռնարկելու առնչությամբ: Ի պատասխան Սաակաշվիլին նշել է, թե չի ցանկանում, որ Ռուսաստանը մնա առանց գինու:

Վրաստանի նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Սաակաշվիլի չորրորդ հանդիպումը Ռուսաստանում ինչպես առանձնակի սպասումներ չէր ձեւավորել Վրաստանում, այնպես էլ ունեցավ ցածր արդյունավետություն: Վճռականությունն ու իրավիճակը փոխելու մեծ ցանկությունն անգամ ոչինչ չարեցին, եւ Ռուսաստանն ու Վրաստանը Պուտին-Սաակաշվիլի հանդիպումից հետո մնացին իրենց խնդիրների հետՙ երկկողմ հարաբերությունների բազմապիսի չլուծված հարցերով:

Դրան զուգահեռ Պուտինն ու Սաակաշվիլին նշում են, որ կողմ են հարաբերությունների բարելավմանը, որ միջպետական հարաբերությունները զարգացման համար կարիք ունեն բարենպաստ պայմանների: Ռուսաստանյան մոտեցմամբ, Պուտին-Սաակաշվիլի հանդիպմանը սառեցված հակամարտություններին անդրադարձ եղել է, սակայն զրույցի կարճ ժամանակահատվածի ընթացքում որեւէ հարց լուծելն անհնար էր: Սաակաշվիլու մատուցմամբ, հակամարտությունների հետ կապված չկարգավորված խնդիրների լուծման հարցում Վրաստանը հույսեր է կապում Ռուսաստանի դիրքորոշման հետ, վերջինից ակնկալելով դրական քայլեր:

Թերեւս հիշատակման արժանի են ՌԴ նախագահ Պուտինի խոսքերը, նույն այդ հակամարտությունները դանակով լուծելու անթույլատրելիության մասին: «Այստեղ պետք է համբերություն, փոխզիջումներ փնտրելու ցանկություն: Իսկ դրա համար հարկավոր են կամուրջներ կապել եւ ոչ թե Ռուսաստանի ու Վրաստանի, այլ Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Վրաստանի ժողովուրդների միջեւ», նշել է Պուտինը: Այս համատեքստում Պուտին-Սաակաշվիլի հանդիպման արդյունավետությունը բացատրելի է, քանի որ Ռուսաստանի նախագահի նման խոսքերը համադրվում են Վրաստանի նախագահի հայտարարությամբ. «Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանի անբաժանելի մասերն են»:

Ինչեւէ, նշենք, որ ռուս-վրացական հարաբերությունների վերջին տարիների իսկապես վատթարացման կտրվածքով այս հանդիպումն ինքնին նշանակալի է, հատկապես որ ՌԴ ԱԳՆ ներկայացմամբ, Պուտինը Սաակաշվիլու հրավերով կայցելի Վրաստան: Փորձագետների կարծիքով, բնավ էլ պետք չէ հանդիպման անարդյունավետությունը կարեւորել այնքան, որ Սաակաշվիլու նախաձեռնությունը ներկայացվի որպես ապարդյուն:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4