«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ՄԱԿ-Ը ՊՈՒՏԻՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՒՄ Է ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

Միավորված ազգերի կազմակերպության ռասիզմի ձեւերի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի եւ դրա հետ կապված անհանդուրժողականության հարցերով Դուդու Դիենն արդեն չորրորդ օրը գտնվում է Ռուսաստանումՙ Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում պաշտոնյաների եւ շահագրգիռ խմբերի հետ հանդիպելու նպատակով: Որքան էլ տարօրինակ է, Միավորված ազգերի մարդու իրավունքների գծով նման զեկուցողին Ռուսաստան է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինըՙ ուսումնասիրելու եւ հասկանալու Ռուսաստանում ռասիստական եւ այլատյաց հարձակումներն ու սպանությունները:

Ըստ ՄԱԿ-ի, այցելության համար պատճառ են դարձել վերջին ժամանակներս հատկապես Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած սպանություններն ու ռասիստական հիմքով հարձակումները: Դա է պատճառը, որ Դուդու Դիենը հանդիպել եւ մինչեւ հունիսի 17-ն իր այցելության շրջանակներում կհանդիպի մի շարք համայնքների հետ, որոնց ներկայացուցիչները տուժել են սափրագլուխների հարձակումներից:

Վլադիմիր Պուտինի ՄԱԿ-ի մակարդակով հարցի բարձրացման պատճառաբանությունն այն է, որ ձեւավորվող միտումը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Խտրականության հարցերով զբաղվող ՄԱԿ-ի փորձագետի ուշադրության կենտրոնում, ի թիվս խտրականության հիմք ունեցող սպանությունների, տաջիկ աղջկա եւ 19-ամյա հայ երիտասարդի սպանության դեպքերն են:

Հետաքրքրական է, որ արտերկրի լրատվամիջոցները Ռուսաստանում քսենոֆոբիայի խնդիրը ներկայացնելիս նշում են, թե բնակչությունը հրաժարվում է դա ընդունել: Ու թեեւ պետական մակարդակով ուշադրություն է դարձվում խնդրին, այնուամենայնիվ, այս հարցում առկա անպատժելիությունը, մարդասպաններին դատարաններից ազատ արձակելու ձեւավորված մոտեցումը ցույց է տալիս, որ Պուտինիՙ Դուդու Դիենին հրավիրելու հանգամանքն ավելի շուտ աչքակապություն է կամ ուշացած քայլ:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4