«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ԷԺԱՆ «ԱՌԱՏՈՒԹՅԱՆ» ԳԱՂՏՆԻՔԸ

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկրի կշիռն ու միջազգային հեղինակությունը հիմնվում են նախեւառաջ նրա տնտեսական զարգացման մակարդակի վրա, որի ողնաշարը սեփական արտադրությունն է: Մերօրյա աշխարհում հզոր տնտեսություն ունեցող երկիրը ե՛ւ երաժշտությունն է պատվիրում, ե՛ւ դրա տակ պարողներին: Իսկ ներքին քաղաքականության ոլորտում անհամեմատ ավելի սեփական արտադրության վրա է հիմնվում ժողովրդի սոցիալական բարեկեցությունը: Իզուր չի ասված,որ աշխատանքով է ստեղծվում ամենայն բարիք: Ուրեմն, սահմանադրությամբ սոցիալական հռչակված երկիրը չպիտի ջանք ու եռանդ խնայի տեղական արտադրությունն ըստ ամենայնի զարգացնելու համար, որ Հայաստանի նման փոքր երկրի քաղաքացիների համար անհրաժեշտ քանակի աշխատատեղեր ստեղծի, որ մարդիկ իրենց աշխատանքով շենացնեն ու հարստացնեն երկիրը եւ շեն ու ապահով ապրեն նաեւ իրենք: Մանավանդ հիմա, երբ գլոբալացման ամենակուլ գործընթացները, հորձանք տալով, հեղեղում են աշխարհը: Այսօր ուզենք-չուզենք պիտի ընդունենք, որ տարածքային կայսրությունների ժամանակն անցել է, եւ անդրազգային ընկերությունների տեսքով եկել է ֆինանսատնտեսական կայսրությունների ժամանակը: Համաշխարհային մասշտաբով այսօր բազմաթիվ, այդ թվում եւ տարածքային հարցեր, լուծվում են ոչ թե կռիվ-դավով, այլ սիրալիր ժպիտներով ուղեկցվող ֆինանսատնտեսական ահաբեկչությամբ:

Գլոբալացումից խուսափելն անհնարին է, հետեւաբար անիմաստ, ուստի սեփական եւ հզոր տնտեսություն ունենալու միակ ճանապարհը մնում է տեղական արտադրության զարգացումը: Միջազգային բիզնեսն իր դաժան օրենքներն ունի, որոնք էլ հենց թելադրում են անդրազգային հզորագույն ընկերությունները: Գիշատչային այդ պայքարին դիմագրավելու համար հարկավոր են գործուն կառույցներ, հարկային ու մաքսային հստակ օրենսդրություն, իսկ ազատ շուկայական հարաբերությունների պայմաններում` տնտեսական հավասար մրցակցություն ապահովող մարմին:

Տնտեսական մրցակցությունն առավել սուր դրսեւորումներ է ստանում մեր տարածաշրջանում` կապված աշխարհաքաղաքական յուրահատուկ զարգացումների հետ: Այս առումով թերեւս հարկ չկա անդրադառնալու հայ-ադրբեջանական, հայ-թուրքական հարաբերություններին` բոլորիս հասկանալի պատճառներով: Մաքսանենգ ապրանքաշրջանառությունն այս երկրների հետ տնտեսական «համագործակցության» միակ ձեւն է: Գաղտնիք չէ նաեւ, որ տնտեսական լծակները վաղուց արդեն դարձել են քաղաքական ներազդեցության գործուն միջոցներ: Հիշենք թեկուզ վրացական գինիների, հանքային ջրերի, ապա պտուղ-բանջարեղենի հետ կապված պատմությունը, որն այլ բան չէր, քան հակառուսական կողմնորոշում որդեգրած Վրաստանի դեմ ՌԴ կիրառած պատժամիջոց: Մեր տարածաշրջանում այժմ ցայտուն կերպով դրսեւորվում է ԱՄՆ-ՌԴ տնտեսական եւ հատկապես քաղաքական հակամարտությունն առավելապես ազդեցության ոլորտների եւ դաշնակիցների ճնշման-ճշգրտման առումով: Հայկական էներգահամակարգի տնօրինումը ՌԴ համար առավելապես քաղաքական նպատակ է հետապնդում` իր վերջին «ֆորպոստը» տարածաշրջանում չկորցնելու համար:

Մյուս կողմից էլ աշխարհաքաղաքական հարաբերություններում ուժեղանում են արեւմտամետ, հակառուսական տրամադրությունները, որոնք աստիճանաբար ավելի ու ավելի կոնկրետ դրսեւորումներ են ստանում: ՎՈՒԱՄ-ի ստեղծումը դրա վառ ապացույցն է: ԱՄՆ չթաքցված գոհունակությամբ ստեղծված այս կառույցը կոչված էր դառնալու աստիճանաբար թուլացող ԱՊՀ հակակշիռը եւ շոշափելիորեն շրջանակելու ՌԴ քաղաքական եւ տնտեսական ընդարձակումը դեպի արեւմուտք: Հասկանալի է, որ տնտեսական առումով չեզոք ու անվնաս չեն կարող մնալ նաեւ Ռուսաստանին անհունորեն նվիրված երկրները, քանի որ ԱՊՀ կամ որ նույնն էՙ ՌԴ տնտեսական ազդեցության հնարավորինս չեզոքացումը եւս այս կառույցի նպատակն է: Չմոռանանք, որ ՎՈՒԱՄ-ի երկրներն ունեն 65 մլն բնակչություն, 800 հազար քկմ տարածք եւ 85 մլրդ դոլարի արտաքին առեւտրի ծավալ: Իսկ այս երկրների վերջին` կիեւյան հանդիպումը համագործակցության ավելի լուրջ նպատակներ առաջադրեց:

Այս ամենի համատեքստում պիտի դիտարկել Հայաստանի տնտեսական շուկայի հեռանկարը, նրա ոչ միայն զարգացման, այլեւ պաշտպանվածության խնդիրները: Իսկ մեր շուկան այսօր ոչ միայն բավարար չափով պաշտպանված չէ, այլեւ ընդհանրապես բաց է, ավելի ճիշտ` բարձիթողի է: Դա ինչ-որ չափով պայմանավորված է Հայաստանի իրական շրջափակմամբ, սակայն ժողովրդի ու սերնդի առողջության պահպանումն արդարացումներ չի հանդուրժում: Պետական միջամտությամբ ինչ-որ չափով սահմանափակվեց թուրքական վատորակ ապրանքների ներհոսքը, սակայն այժմ էլ տեղական շուկան հեղեղված է ուկրաինական աղբով, որի վնասակարության մասին դեռ պիտի իրենց վերջնական խոսքն ասեն մասնագետները: Բայց փաստ է, որ Չեռնոբիլի աղետից հետո Եվրոպան գրեթե փակ է ուկրաինական համապատասխան կարգերի ապրանքների համար. մարդիկ գիտեն եւ հիշում են, որ նման աղետներից հետո ընդերքն իր ռադիոակտիվությունը պահում է ավելի քան 200 տարի: Բնական է` արտադրանքը կա, պիտի իրացվի թեկուզ էժան գներով, իսկ ավելի մատչելի եւ անպաշտպան շուկա, քան Հայաստանն է, դժվար է գտնել: Իսկ մենք ռադիոյով եւ հեռուստատեսությամբ նաեւ ինքնամոռաց գովազդում ենք այդ աղբը: Ինչպե՞ս բացատրել այն փաստը, որ հայկական շուկայում Ուկրաինայից ներկրված սննդամթերքը մաքսային եւ այլ պետական վճարումներից հետո ավելի էժան արժե, քան տեղական արտադրանքը, տնտեսագիտության ո՞ր օրենքով: Բանն այն է, որ Ուկրաինայում պետականորեն սուբսիդավորվում են սննդամթերք արտադրող համապատասխան ոլորտները` արհեստականորեն նվազեցնելով ապրանքի գինը, միայն թե սպառման շուկա գտնվի: Սա է այդ էժան «առատության» գաղտնիքը:

Խոսքը մեկ կամ մի քանի երկրներից ներկրումը սահմանափակելու մասին չէ. ի՞նչ տարբերություն, թե անհայտ ծագման սննդամթերքը Ուկրաինայի՞ց է, Ադրբեջանի՞ց, թե՞ Նիգերիայից, խոսքը տեղական շուկայի պաշտպանվածության, հայ սպառողի առողջությանը չսպառնացող սննդամթերք մատակարարելու մասին է: Եվ գոնե երկրորդական երկիր դառնալու մասին:

ՄԿՐՏԻՉ ՈՍԿԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4