«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ՎՐԱՑ-ՀԱՅԿԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կամ պատմություն օգտագործված հագուստների հայտարարագրման մասին

Հաճախ պատահող օրինաչափություն է, որ հարեւան երկրներն ակամա հանդիսանում են տնտեսական հարցերում մրցակիցներ, քանի որ հաճախ ունենում են համանման բնական պայմաններ եւ հետեւաբարՙ միանման արտադրանք: Այս առումով, մենք ներկայումս ականատես ենք մեր նոր մրցակցի աճին: Ես նկատի ունեմ Վրաստանը: Իրոք, «վարդերի հեղափոխությունից» հետո, չնայած բոլոր հայտնի եւ անհայտ դժվարություններին, օբյեկտիվ խոչընդոտներին ու սուբյեկտիվ սխալներին, Վրաստանն ամրապնդվում է: Ինչ խոսք, դա Հայաստանի համար առաջին հերթին մեծ բարիք է, քանի որ երբ մեր հյուսիսային հարեւանը փաստորեն զուրկ էր գործունակ պետական համակարգից, դա մեծ գլխացավանքներ էր ստեղծում մեզ համար. հիշենք թեկուզ մեր երկրի համար մեծ կարեւորություն ունեցող տարանցիկ ճանապարհների ողբալի վիճակն ու դրանցում առկա աներեւակայելի կաշառակերությունը: Բայց դրա հետ մեկտեղ, աճող Վրաստանը նաեւ Հայաստանի համար աճող մրցակից է: Արդեն իսկ նա սկսել է Հայաստանից որոշ կապիտալներ «քաշել». «Գրանդ Տոբակոյի» օրինակը առավել հայտնին է, բայց միակը չէ:

Գործի բերումով հաճախակի այցելելով Վրաստան, չեմ կարող չնկատել, որ մեր հյուսիսային հարեւանը վերջին տարիներին իրոք կարողացել է իրականացնել որոշ որակական բարելավումներ: Ճիշտ է, էներգամատակարարման բարելավումը երեւի դեռ երկար ժամանակ կխլի, երկիրը ֆիզիկապես չունի բավական էներգաարտադրող հզորություններ, բայց անզեն աչքով երեւում են այլ բարենպաստ փոփոխությունները: Սկսել են ճանապարհների եւ փողոցների զանգվածային նորացում, ընդ որում, նոր աշխատանքների որակը առնվազն չի զիջում Հայաստանում կատարվողներին, որտեղ երկու տարի առաջ «Լինսիի» ծրագրով փռված ասֆալտը տեղ-տեղ արդեն նորոգման կարիք է զգում: Թբիլիսիի կենտրոնում ոչ միայն վերացել են երթուղային տաքսիները (միայն ավտոբուսներ են), այլեւ չկան երեւանյան փողոցներին բնորոշ այն տեսարանները, երբ երթուղային տրանսպորտը չի կարողանում մոտենալ իր օրինական կանգառին, քանի որ խցանված է տաքսիներով ու այլ մեքենաներով: Էլ չեմ ասում, որ Վրաստանի ճանապարհներին արդեն չկան ավտոտեսուչները, որոնք ամեն պահի կարող են կանգնեցնել մեքենաները վարորդներից չնչին պատրվակով փող կորզելու համար:

Իսկ գրելուս անմիջական առիթն իմ տեսածն էր մի տարածքում, որտեղ երկու երկրների մրցակցությունն առավել ակնառու է: Դա Բագրատաշենի սահմանակետն է, որտեղ իրարից հարյուր մետր հեռավորության վրա գործում են երկու երկրների պաշտոնյաներն ու սահմանը հատող օտարերկրացիներին առարկայական դաս տալիս, թե որի պաշտոնյաներն ինչպես են գործում: Դեռեւս երկու տարի առաջ վրացական կողմը ամեն ինչով զիջում էր մերոնց: Սակայն այս տարի ես երկու անգամ առիթ ունեցա այցելելու Թբիլիսի, եւ այն, ինչ տեսա Բագրատաշենում, բերեց այն մտքին, որ հիմա արդեն մերոնց հերթն է վրացիներից սովորելու:

Առաջին ուղեւորությունս մարտին էր, հետս տանում էի նոր հրատարակված գրքիս տպաքանակի կեսը, որը պետք է Թբիլիսիում տայի իմ համահեղինակին: Բագրատաշենում Հայաստանի մաքսավորները նույնիսկ չմոտեցան մեր միկրոավտոբուսին, սահմանն անցանք առանց նրանց հետ շփվելու: Սակայն նման փոխադրումների փորձ չունեցողս շուտով տեսա, որ թեթեւացած շունչ քաշելս վաղաժամ էր: Սահմանի վրացական կողմում մաքսատան աշխատողները զննեցին մեր բեռները եւ հայտնաբերելով 500 գիրք առանց որեւէ ուղեկցող փաստաթղթի, հայտնեցին, որ դրանք չեն կարող թողնել Վրաստան: Եվ ասացին մի պարզ բան. «Եթե ձեր գրքերը ձեւակերպված լինեին հայաստանյան մաքսատանը, որեւէ խնդիր չէիք ունենա»: Ցավոք, արդեն սահմանը հատել էինք, ես չէի կարող մեքենան եւ իմ գործընկերներին ստիպել վերադառնալ Հայաստան բեռս ձեւակերպելու: Վրացի մաքսավորները կազմեցին համապատասխան ակտ, գրքերը փոխադրեցի մաքսատան տարածք, եւ միայն Թբիլիսիի շահագրգիռ կազմակերպությունը կարողացավ դրանք ստանալ մի քանի օր անց: Ահա մի դասական օրինակ, երբ «բյուրոկրատական քաշքշուկից» ազատվելը ուրախության առիթ չտվեց:

Երկրորդ ուղեւորությանս ժամանակՙ մայիսի վերջին, մեր մաքսատանն առկա էր հակառակ ծայրահեղությունըՙ Հայաստանից Վրաստան անցնող բոլոր ուղեւորներին անխտիր հարկադրում էին լրացնել մաքսային հայտարարագրեր: Բնականաբար, նրանց մեծ մասը հայտարարագրման ենթակա ոչինչ չուներ, եւ «ի՞նչ գրենք հայտարարագրում» հարցին մաքսավորները պատասխանում էին` «գրեք օգտագործված հագուստներ»: Գործից տեղյակ ուղեկիցներս ասացինՙ ըստ երեւույթին, թղթաբանության կամ հաշվետվությունների պլան ունեին լրացնելու: Ծայրահեղությունն ակնհայտ էր նաեւ ուղեբեռների զննման հարցում: Օրենքը եւ առողջ դատողությունը թելադրում են, որ կարելի է ստուգել առանձին բեռներՙ ընտրողաբար կամ կասկածի դեպքում: Այնինչ մեզ մոտեցած մաքսակետի աշխատողը պահանջեց, որ պատվիրակության բոլոր անդամներս բացենք մեր բոլոր ուղեբեռները: Մեզանից մեկը չհետեւեց հայերիս համար սովորականՙ «գլուխը քարը, միայն թե շուտ պրծնենք» գործելակերպին ու պահանջեց, որ մաքսավորը բացատրի, թե ինչո՞ւ է նա հարցականի տակ դնում իրՙ օրինապահ քաղաքացի լինելու հանգամանքը: Բանը հասավ մաքսակետի պետին, որը մեր այդ գործընկերոջ հետ զրույցից հետո կարգադրեց մեր մեքենան բաց թողնել առանց ստուգման: Իսկ մյուս մեքենաների ուղեւորները, այդ թվում օտարերկրացիները, ստիպված էին իրենց անձնական իրերով պայուսակները բաց անել փոշոտ ասֆալտի վրա: Շատ լավ տեսարան էր «տուրիզմի երկրի» կոչմանը հավակնող երկրի դարպասին:

Մինչդեռ վրացական կողմում իրավիճակը նույնն էր, ինչ երկու ամիս առաջ: Մաքսակետի աշխատողներն ընդգծված քաղաքավարի կերպով (եւս մի տարբերություն մեր մաքսավորներից) հարցնում էինՙ ունե՞ք արդյոք որեւէ բան հայտարարագրելու: Մեր պատվիրակության ութ անդամներից միայն երկուսին, որոնք իրենց հետ համակարգիչներ էին տանում, խնդրեցին հայտարարագրեր լրացնել: Իսկ օգտագործած հագուստները վրացի մաքսավորներին չէին հետաքրքրում:

Ինչպես եւ ամեն ինչում, այս մրցակցությունն անհրաժեշտ է եւ բարերար ազդեցություն կարող է ունենալ մեր տնտեսության վրա (առավել եւս, որ, փառք Աստծո, հայ-վրացական հարաբերությունները բարեկամական են, ու մենք ոչ միայն մրցակցում ենք, այլեւ համագործակցում): Բայց բանն այն է, որ շատ հաճախ մրցակցության սուբյեկտները ոչ թե տնտեսվարողներն են, որոնք լավ են հասկանում իրենց անելիքը (քանի որ մրցակցության մեջ պարտվելու գինը նրանց փողի կորուստն է), այլ պետական պաշտոնյաները, որոնք երկրի մրցակցային դիրքի կորստից անմիջական անձնական կորուստ չեն ունենում:

Ինչեւէ, հուսով եմՙ մաքսային պետական կոմիտեից կտան պատասխան հետեւյալ հարցերիս. ի՞նչն է այս կտրուկ փոփոխությունների պատճառը: Ի՞նչ իմաստ ունի «օգտագործված հագուստների» հայտարարագրումը: Վերջապես ինչո՞ւ են Հայաստանի տարբեր մաքսակետերում տարբեր ընթացակարգեր գործում: Ինչո՞ւ «Զվարթնոց» օդակայանում կա «կանաչ միջանցք», իսկ Բագրատաշենումՙ ոչ:

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ, «Հայլայթց» անգլերեն շաբաթաթերթի խմբագիր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4