«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ՀՆԴԻԿՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ

Լոնդոնի ֆիրմային բորսայում գրանցված «Վեդանտա ռեսուրսես» ընկերությունը ցինկի, արծաթի, պղնձի, կապարի եւ ալյումինի համաշխարհային ամենամեծ արտադրողներից է, որի տարեկան շրջանառությունը եւ ակտիվների շուկայական կապիտալիզացումը համապատասխանաբար կազմում են 4 եւ 8 մլրդ դրամ: Երեկ Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը (ԱՈԱՁ) հայտարարեց «Վեդանտա» ընկերության մաս դառնալու մասին:

Հունիսի 13-ին Sterlite Gold LTD ընկերությունը, որին ամբողջությամբ պատկանում է «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն» ՍՊԸ-ն, բաժնեմասի փոխանցման միջոցով ներգրավվել է «Վեդանտայի» կազմում: Նախատեսվում է, որ «Վեդանտայի» միջոցով ԱՈԱՁ-ն կիրականացնի ընդլայնման ծրագիր` ներդնելով 85 ԱՄՆ դոլար: վերջին 5-6 տարիներին ԱՈԱՁ-ում ներդրվել է ավելի քան 45 մլն դոլար: Նոր ներդրվելիք գումարները կծախսվեն հետախուզական, հանքերի ընդլայնման եւ օպտիմալացման նպատակներով:

«ԱՈԱՁ-ն դիմել է ՀՀ կառավարությանը, որպեսզի քննարկումների միջոցով լուծումներ գտնեն նոր գործարանի կառուցման վայրի վերաբերյալ», նաեւ այսպիսի տողեր կան երեկ հրապարակված հայտարարության վերջում: Հիշեցնենք, որ նախկին նախագծի համաձայն, հնդիկները նախատեսում էին այդ գործարանը կառուցել Սեւանի ավազանում, լճից 30-35 կմ հեռավորության վրա: Հենց այս մտադրության պատճառով ձեռնարկությունը երկար ժամանակ արժանանում է հասարակական կազմակերպությունների եւ բնապահպանության նախարարության ճնշումներին ու քննադատությանը, որոնք համարում են, որ Սեւանի ավազանում այդպիսի գործարան կառուցելը բնապահպանական տեսակետից անթույլատրելի է: Երեկվա ասուլիսում ձեռնարկության նախագահ Բ. Շարման հաստատեց, որ իրենց առաջարկած նախկին նախագծի մերժումից հետո իրենք դիմել են կառավարությանը, խնդրելով աջակցել նոր տեղի ընտրության հարցում: «Մենք ուզում ենք նոր ձեռնարկությունը կառուցել այն վայրում, որտեղ որ կառավարությունը խորհուրդ կտա»: Հիշեցնենք, որ հնդիկների ասուլիսին նախորդած օրը բնապահպանության նախարարը հայտարարեց, որ կառավարությունը պարտավոր չէ նրանց նման խորհուրդներ տալ:

Ինչ վերաբերում է խախտումների մասին նախարարի դիտողություններին, ապա, Շարմայի հավաստմամբ, իրենց «հաշվապահական փաստաթղթերը բոլորի համար բաց են, իսկ այն կազմակերպությունները, որոնց սուրբ պարտքն է դրանք ստուգել, արդեն արել են»: Իրենք որեւէ օրենք չենք խախտում եւ աշխատում են ՀՀ օրենսդրության սահմաններում:

Հարցի շուրջը պարզաբանումներ տվեց նաեւ ձեռնարկության իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանը: Նա հայտարարեց, որ իրենց կողմից ոսկի թաքցնելու հավանականությունը (ինչի մասին եւս ասել էր նախարարը) բացառված եւ անտրամաբանական է, քանի որ, օրինակ, 1 տոննա ոսկի ստանալու համար մի քանի մլն տոննա հող պիտի քանդվի: Այսինքն, չի կարող թաքցվել մի քանի մլն տոննա հող, հետեւաբար չի կարող թաքցվել մեկ տոննա ոսկի: Եվ ընդհանրապես, իրենք կարծում են, որ ներդրումները ստուգելու իրավասություն ունի ոչ թե այս նախարարությունը, այլ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը: Իսկ կառավարությունը պարտավոր է օժանդակել այն կազմակերպություններին, որոնք նրան հարկ են վճարում. այսինքն, պիտի օգնի նաեւ տեղի ընտրության հարցում: Որովհետեւ չեն ուզում մեծ գումարներ ծախսել հետազոտությունների վրա եւ կրկին մերժվել: Իրենք կառավարությունից նամակ են ստացել, որ հարցը քննարկվում է, եւ շուտով իրենց կպատասխանեն: Մի խոսքով, սպասողական վիճակում են:

Եվ վերջապես առաջարկում են հրավիրել աշխարհի լավագույն ընկերությունների փորձագետներին, ի դեպ` իրենց հաշվին, որպեսզի վերջիններս ուսումնասիրություններ ու վերլուծություններ կատարեն բոլոր վիճահարույց հարցերի վերաբերյալ եւ պարզաբանեն նախարարության եւ իրենց միջեւ ծագած հակասությունները:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4