«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ԽԱՉՔԱՐԵՐԸ ԳԱՆՁԱԽՈՒՅԶՆԵՐԻ ԵՎ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ ԶՈՀՆ ԵՆ ԴԱՐՁԵԼ

Ամենից շատ Սյունիքում է տարածված գանձախուզությունը

«Գանձախույզները հիմա շատ ավելին են, քան երբեւէ եղել են», ասում է ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Սուրեն Հոբոսյանը: Վերջին մի քանի տարիներին հնագետներն ու ազգագրագետներն ավելի ու ավելի հաճախ են գանձախույզների ավերածությունների վկաներ դառնում: Դիլիջան-Իջեւան ճանապարհի` անտառով քողարկված մի հատվածում 11-12-րդ դարերի մի փոքրիկ, ավերված մատուռ կա: Վերջին պեղումների ժամանակ հնագետների ու ազգագրագետների խումբն ականատես եղավ հերթական գանձախույզի բարբարոսական արարքի հետեւանքներին` մատուռի կողքը 12-13-րդ դարերի 3-4 խաչքարերի բեկորներ էին ցիրուցան փռված: Գանձ փնտրելու մոլուցքով տարված անհայտ անձինք խաչքարերի տակ դինամիտ էին դրել եւ պայթեցրել, կտորները տարածել անտառալանջով: «Այսօր Հայաստանում մեր աչքի առաջ անհետանում են տասնյակ խաչքարեր: Կամ դրանք գանձահենների զոհն են դառնում, կամ հայտնվում են որեւէ օլիգարխի հյուրասենյակի պատի մեջ», ասում է Սուրեն Հոբոսյանը:

Լոռի բերդի դամբարանադաշտը մշակութային մեծ արժեք է նաեւ համաշխարհային չափանիշներով: Այն ընդգրկում է մոտ 500 հա տարածք` Ագարակ, Լոռի բերդ, Լեջան համայնքների մերձակայքում: Այստեղ, Ձորագետի ձախափնյա հրվանդանի վրա մի բլրի վրա պահպանվել են ուշ միջնադարի կամ միջնադարյան սրբավայրի հետքեր: Շրջակայքում բեկորների բաժանված 10-12 խաչքարեր կային: Ամեն անգամ այս տարածք գալիս հնագետները խնամքով ի մի էին բերում խաչքարի առանձին հատվածները, հաջորդ անգամ գալիս դրանք կրկին տեսնում ցիրուցան: Այդ խաչքարերի մեջ եղել է նաեւ բազալտե առանց արձանագրության եւ կանգուն մի հուշարձան, որն այցելություններից մեկի ժամանակ էլ չեն տեսնում: Հոբոսյանն սկսում է փնտրել ամենուր եւ ի վերջո հայտնաբերում բոլորովին անսպասելի տեղում: Տեղի պաշտոնյաներից մեկը (որի ոչ անունը, ոչ պաշտոնը չենք տալիս) վերցրել եւ դրել էր իր վաղամեռիկ աղջկա գերեզմանին:

Սյունիքի մարզում պայթեցումների զոհ են դարձել նաեւ տասնյակ որմնափակ խաչքարեր: «Սյունիքում գանձախուզությունը խայտառակ չափերի է հասնում», ասում է մասնագետը:

Տարիներ առաջ ավելի շատ եւ այսօր եւս «վերնիսաժում» տասնյակ առեւտրականներ կային, որոնք իրենց բազմազան ցուցադրանքում ներկայացնում էին տարբեր դարաշրջանների բրոնզե իրեր, կավե կճուճներ, նիզակներ ու նետասլաքներ: Հայաստանում կա մարդկանց մի խումբ, որն զբաղվում է հնավայրերի սեփական հետազոտություններով: Հետաքրքրական մի փաստ. այդ մարդկանց մի մասն այն օրավարձու բանվորներն են, որոնք ժամանակ առ ժամանակ օգնում են հնագետներին պեղումներ կատարելիս, եւ ընթացքում հասցնում տեղեկանալ այս մասնագիտության գաղտնիքներին: Հավանաբար նրանցից շատերը հատուկ հենց այս նպատակով են վարձվում հնագետների մոտ: Նրանցից ոմանք, անկասկած, նաեւ հնագիտությանը մոտ կանգնած մասնագիտությունների մարդիկ են:

Գանձախույզների ու հնագույն իրեր վաճառողների գործողություններից ամենից շատ տուժել է Արարատյան դաշտը: «Այստեղ ընթանում է հնագիտական տոտալ ավերում», ասում է Սուրեն Հոբոսյանը: Հնագիտական, ազգագրական արժեքների հիմնական մասը ոչնչանում է քարհանքերի շահագործման ժամանակ, որոնց թիվը Աշտարակի Ուջան, Արգավանդ գյուղերից մինչեւ Թալին տասնյակների է հասնում: Իսկ այստեղ իսկապես մեծարժեք հուշարձաններ կան: Արգավան գյուղի մոտ մի քանի հարյուր հա տարածքով հուշարձան կա, որը առանձնակի հետաքրքրական է թեկուզ այն առումով, որ հնագետները դեռ չեն կարողանում պարզել, թե ինչ է ներկայացնում: Բայց այս հուշարձանին էլ սպառնում է քարհանքի տակ մնալու սպառնալիքը:

Հուշարձանների ու խաչքարերի մի մասն էլ տուժել կամ ոչնչացել է հողերի առուվաճառքի պատճառով: Հայաստանում տասնյակ հազարավոր հուշարձաններ կան, որոնք չեն պեղվել: Սակայն պարտադիր էլ չէ, որ հենց այսօր պեղվեն: Եվ ոչ միայն հնարավորությունների իմաստով: Հնագիտական հուշարձանը մնայուն արժեք է, այն միշտ էլ կարելի է պեղել, եւ դրանից ոչինչ չի փոխվի:

Էջմիածնի Ծաղկալանջ գյուղի շրջակայքում միջին բրոնզի դարաշրջանի տարածքով դամբարանադաշտ կա, որի պահպանության գոտին կազմում է 159 հա: Այս հնավայրը պատմական կարեւոր ինֆորմացիա է բովանդակում, եւ թեեւ ձգվում է ամայի լանջերի, ղռերի ու քարափների, այսինքն, ոչ մշակովի տարածքների վրա, բայց սեփականաշնորհվեց եւ տրվեց գյուղացիներին: Հնագիտական արժեք ներկայացնող տարածքները հուշարձանների պաշտպանության քարտեզներում մեկ առ մեկ նշվում են, բայց դժվար թե որեւէ մեկը հաշվարկել է, թե որքան կորուստներ ենք ունեցել այդ հատվածներից վերջին 2 տասնամյակի ընթացքում: Ծաղկալանջի 159 հա-ից, օրինակ, հիմա մնացել է ընդամենը 16 հա: Բայց այդ 16 հա-ի վրա արդեն որեւէ դամբարան չկա:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4