«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


«ԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՄ ԻՄ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԵՍ»

Հունիսի 5-ին լրացավ ՀՀ նախագահի խորհրդական, ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի ծննդյան 80-ամյակը: Շնորհավորելով մեծարգո գեներալին հոբելյանի կապակցությամբ` տպագրում ենք հատվածներ Ասպրամ Ծառուկյանի նրա հետ վարած հարցազրույցից:

- Պարոն գեներալ-գնդապետ, մասնագիտություն ընտրելիս երբեմն դիպվածը վճռորոշ դեր է կատարում: Կանխորոշվա՞ծ էր զինվորականի Ձեր ուղին, թե՞ հանգամանքների բերումով ընտրեցիք այն:

- Կարծում եմ` վճռորոշն ընտանեկան ավանդույթն էր, նախնիներիս սերը հայրենիքի նկատմամբ եւ նրա ճակատագրի համար մեծ պատասխանատվությունը: Երբ թուրքերը, քրդերը հարձակվեցին Էրզրումի վրա, էրզրումցիները միացան եւ կասեի` ոչ վատ պաշտպանվեցին: Պապիս հայրը` Մանասը, գլխավորում էր այդ պայքարը: Այդ մասին պատմություններով ենք մեծացել եղբայրս ու ես: Վարազդատն ավագ եղբայրս էր: Առաջինը նա ընտրեց զինվորականի ուղին: Ռազմական օդաչու էր, ծառայում էր Բելոռուսիայում: Նա ինձ համար մեծ հեղինակություն էր, ամեն ինչում ձգտում էի ընդօրինակել իրեն:

Քույրս` Արծվիկը, ուսուցչուհի էր` նույնպես ընդօրինակելի տիպար ինձ համար: Երբ սկսվեց Մեծ հայրենականը, նա 19 տարեկան էր, կամավոր մեկնեց ռազմաճակատ:

1942թ. սովորում էի դպրոցում եւ աշխատում գյուղխորհրդում, քանի որ գյուղում տղամարդ չէր մնացել, բոլորը մեկնել էին ռազմաճակատ: 1944-ին ավարտեցի դպրոցը եւ ինքս իմ ձեռքով ինձ ծանուցագիր գրեցի, զորահավաքային հարցերով ես էի զբաղվում, ու ներկայացա զինկոմիսարիատ, ուր ինձ զարմանքով ընդունեցին, դեռ չէին ուզում զորակոչել, քանի որ իմ գործն անող հարմար մեկը չկար: Ծառայելու ցանկությունս մեծ էր, ուզում էի եղբորս պես օդաչու դառնալ, սակայն ինձ բախտ չվիճակվեց ընդունվել ավիացիայի ուսումնարան, որովհետեւ Թբիլիսիի հավաքակայանից ինձ ուղարկեցին հետեւակային ուսումնարան, որը գտնվում էր Մանգլիսում` Թբիլիսիից 50 կմ հեռու, Ծալկայի ուղղությամբ:

Պատերազմից հետո մեզ տեղափոխեցին Թբիլիսի, ուր եւ 1947թ. ավարտեցի հետեւակային ուսումնարանը: Նշանակում ստացա Հայկական Թամանյան դիվիզիայի հրաձգային 26-րդ գնդում, որը գտնվում էր Հայաստանում: Ծառայեցի մինչեւ գնդի լուծարվելը:

Ինձ գործուղեցին Ֆրունզեի անվան ակադեմիա, որն ավարտելուց հետո նշանակում ստացա Անդրկովկասի զինվորական օկրուգում որպես գումարտակի հրամանատար: Հետո գնդի հրամանատար էի, դիվիզիայի հրամանատարի տեղակալ: 1969թ. օգոստոսին մեկնեցի Սիբիրյան զինվորական օկրուգ` ղեկավարելու դիվիզիայի կազմավորման աշխատանքները, տեղաբաշխելու նրա գումարտակները` Աբականում, Կիզիլում, Չադանում: Որպեսզի պատկերացնեք, թե դա ի՛նչ ընդգրկման աշխատանք էր, ասեմ, որ Աբականից մինչ Կիզիլ 450 կմ էր, Աբականից Չադան` 520 կմ, Կիզիլից Չադան` 250 կմ: Երկաթգիծ չկար, ավտոճանապարհներ էին: Եվ այդ պայմաններում կառուցեցինք երեք զինվորական ավան: Ամբողջ ժամանակ ճանապարհներին էի:

- Երբ Հայաստանում եւ Արցախում իրավիճակը սրվեց, Դուք եկաք Հայաստան, թեեւ Ռոստովում մեծ պաշտոն էիք զբաղեցնում, քաղաքի կենտրոնում տուն ունեիք, ապրում էիք բարեկեցիկ կյանքով:

- Ո՛չ պաշտոնը, ո՛չ բարեկեցիկ կյանքը ինձ չէին կարող պահել հեռվում, երբ վտանգված էր իմ ժողովրդի կյանքը: Եկա իմ երկիրը` օգտակար լինելու նրան: Ինքնապաշտպանությունը կազմակերպվում էր կամավորական ուժերով: Կամավորականությունը հզոր ուժ է, սակայն տարերային, չպլանավորված: Կազմակերպված պաշտպանության համար պետք էր ստեղծել կանոնավոր բանակ: Հայաստանի կառավարությանը կից ստեղծվեց պաշտպանության կոմիտե, եւ ես որպես այդ կոմիտեի գլխավոր շտաբի պետ ձեռնամուխ եղա կամավորական ջոկատների գործունեությունը պլանավորելու եւ դրանց հիմքի վրա կանոնավոր ստորաբաժանումներ ձեւավորելու գործին:

1991թ. դեկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի ստորագրությամբ օրենք ընդունվեց ՀՀ կառավարության կազմի մասին: Այլ նախարարությունների թվում ստեղծվեց նաեւ ՀՀ պաշտպանության նախարարությունը: ՀՀ նախագահի հրամանով նշանակվեցի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

1993թ. ՀՀ նախագահի ապարատում հիմնվեց նոր ինստիտուտ` ՀՀ գլխավոր ռազմական տեսչությունը, որի պետ նշանակեցին ինձ: Կարող եմ ասել, որ զինծառայությանս 58 տարիներից 25-ը ծառայել եմ հայկական զինուժում, 10-ը` Հայկական Թամանյան դիվիզիայում, 15-ը` Հայաստանի երրորդ հանրապետության զինված ուժերում:

- Արցախյան պատերազմի օրերին եւ այսօր էլ ազատամարտի մասնակիցների հետ զրուցելիս հաճախ եմ երախտիքի ջերմ խոսքեր լսում գեներալ Դալիբալթայանի հասցեին` որպես զորահրամանատար, հայ մարդ, քաղաքացի բնորոշում են գերադրական աստիճանով:

Տարիների հեռվից այսօր ի՞նչն եք հաճախ մտաբերում, ամենադժվար պահը:

- Ամենադժվար պահն ապրեցի, երբ սկսեցին գնդակոծել Ստեփանակերտը եւ հրապարակում գտնվող կառավարության շենքը: Ես հրապարակում էի: Իմ երկարամյա զինծառայության ընթացքում ամենածանր, նվաստացուցիչ պահն էր: Բոլորն իջել էին նկուղներ: Եկավ որդիս` Վարազդատը, եւ հորդորեց գնալ նկուղ: Չգնացի:

Այդ օրերին յուրաքանչյուր ռազմական գործողություն մեծ իրադարձություն էր մեզ համար: Հանուն մեր ժողովրդի ջանում էինք անել անհնարինն ու եթե հասնում էինք դրան, հոգու մեծ ուրախություն էինք ապրում: Թեկուզ ոչ մեծ ձեռքբերումներն էական նշանակություն ունեին մեր ժողովրդի անվտանգության ապահովման առումով:

- Ըստ Ձեզ` ո՞րն էր կռվի ամենապատասխանատու, վճռորոշ պահը:

- Խոջալուն էր, այդ ուռուցքը, որը պետք էր հեռացնել վիրաբուժական միջոցով: Մենք չէինք կարողանում մաքրել Արցախի այդ տարածքը, ուր կուտակվել էին մեծաթիվ օմօնական ուժեր` մեծ սպառնալիք մեր ժողովրդի համար: Հետեւողական նախապատրաստական աշխատանքից հետո մեզ հաջողվեց կատարել գործողությունը, եւ այդ ուռուցքը վերացվեց: Իսկ մինչ այդ Մալիբեյլին էր:

Խոջալուից հետո շատ կարեւոր էր Շուշիի ազատագրումն ու Լաչինի միջանցքի բացումը, որպեսզի շրջափակված Արցախը կապվեր մայր Հայաստանին:

Երբ գնում էինք Լաչինի միջանցքի բացմանը, կուսակցական որոշ գործիչներ մեզ հարցրին. «Չե՞ք վախենում, որ Արցախի ժողովուրդը կթողնի, կհեռանա»: Ասացի` ոչ: Եվ, իրոք, թեեւ խորհրդային իշխանության օրոք Ադրբեջանի ղեկավարության անընդմեջ հալածանքների պատճառով մարդիկ ստիպված հեռանում էին Ռուսաստանի տարբեր վայրեր, սակայն այդ դժվարին ժամին չէին լքում Արցախը, չէին հեռանում:

Հիշում եմ ամենածանր` 1992թ. հուլիս-օգոստոս ամիսները` Շահումյանի, Մարտակերտի անկումը: Ճակատային գծից գալիս էի Ստեփանակերտ: Տեսա` Շահումյանի, Մարտակերտի ժողովուրդը` հոգնատանջ կանայք, ծերեր, երեխաներ գնում են լեռներով: Մայրը փոքրիկին կապել էր մեջքին, երկու երեխաների ձեռքերը բռնած, երեխաների ձեռքին` դպրոցական պայուսակ, գնում էին դեպի հյուսիս-արեւելք: Նրանք կորցրել էին երբեւէ հայրենի տուն վերադառնալու հույսը: Սիրտ ցավեցնող պատկեր էր: Աչքերս լցվեցին արցունքով:

Հաթերքի, Մարտակերտի ուղղությամբ պետք էր մերոնց թիկունքը մաքրել ադրբեջանական զորքից, ինչը որ հաջողությամբ արվեց, եւ մերոնց վիճակը մի քիչ լավացավ:

Դժվարին իրավիճակներում մի անգամ չէ, որ զարմացել ու հիացել եմ Արցախի ժողովրդի տոկունությամբ: Նույնիսկ Լենինգրադի բլոկադայի ժամանակ այս աստիճան ծանր չի եղել: Բայց մարդիկ չէին բողոքում, չէին դժգոհում եւ ամեն կերպ ձգտում էին թեթեւացնել կամավորական ջոկատների, եւ հետո նորաստեղծ բանակի հոգսը: Զարմանալի հերոս ժողովուրդ է: Պատերազմում հաղթեցին հասարակ, պարզ, շիտակ արցախցիները, եւ ոչ թե նրանք, որ հրամայում էին: Իրենց պատմական հայրենիքի ազատության համար նրանք մաքառում էին անասելի խիզախությամբ:

Խիզախորեն էին կռվում Հայաստանից եկած կամավորական ջոկատները` «Արաբոն»` Մանվել Եղիազարյանի, հրազդանցիները` Սասունի, մասիսցիները` Գագոյի հրամանատարությամբ: Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում մի քանի տասնյակ տղաներ կային, նրանք շատ գրագետ էին կռվում: «Անկախության բանակի» հրամանատար Լեոնիդ Ազգալդյանը զոհվեց Մարտակերտի շրջանում: Նա գիտնական էր, մտավորական: Խորհրդային բանակի ծառայության մեծ փորձ ունեին Սեյրան Օհանյանը, Մովսես Հակոբյանը, Հայկազ Բաղմանյանը:

- Մի անգամ չէ, որ Մարտունիում եղած ժամանակ լսել եմ` «գեներալ Դալիբալթայանն ասես Մոնթեի հայրը լիներ»: Անշուշտ, հոգեկերտվածքի ընդհանրությունը նկատի ունեին:

- Խորապես հարգում էի Մոնթեին: Մեծ հայրենասեր էր, առաքինի մարդ: Գրագետ էր, բազմահմուտ, խորաթափանց: Մարտական գործողությունների մեծ փորձ ուներ: Սկսեց որպես շարքային ու դարձավ հրամանատար: Կարճ ժամանակամիջոցում ստեղծեց ամուր, հուսալի պաշտպանություն եւ հմտորեն ղեկավարում էր այն: Նա չէր կարողանում շտաբում նստել: Զինվորի հետ մարտի էր գնում ու միշտ առջեւից: Ափսո՜ս, որ զոհվեց ողբերգական մահով` արեւմտյան շրջանի ազատագրման համար ծավալված մարտական գործողությունների ժամանակ: Նա մարտունեցիների եւ ամբողջ Արցախի ժողովրդի սիրելի հերոսն էր` դեռեւս կենդանության օրոք լեգենդ դարձած:

- ՀՀ սահմանների պաշտպանության, Հայոց բանակի ստեղծման գործընթացում համատեղ եք գործել ՀՀ կառավարությանն առընթեր պաշտպանության կոմիտեի նախագահ, ապա ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ:

Ինչպիսի՞ն էին Ձեր փոխհարաբերությունները, հե՞շտ էր աշխատել մի մարդու հետ, ում ոմանք բնորոշում են կոշտ եւ անզիջում բառերով:

- Վազգենը շատ հայրենասեր, հերոսական մարդ էր: Գործունյա էր, անհանգիստ էություն: Ասես ճակատագրով էր նրան տրված այդ դժվարին ժամանակներում պաշտպանության նախարար լինելը, մեծ դժվարություններ բաժին ընկան:

Միասին քննարկում էինք եւ որոշում կայացնում: Ես որպես պրոֆեսիոնալ զինվորական, ինքը` քաղաքական գործիչ, լավ էինք հասկանում միմյանց, փոխըմբռնում կար: Նա ասես իմ որդին լիներ: Չեմ հիշում, որ երբեւէ հակաճառեր, ասեր` Գուրգեն Հարությունի, այս բանն այսպես չէ: Հակառակը` երբ նյարդայնանում էի, հանգստացնում էր ինձ: Նա ինձ էր հավատում, ես` իրեն, երկմտանք, կասկածանք չկար: Չի եղել, որ խանգարի ինձ: Միշտ օգնում էր: Մարտական գործողությունների ղեկավարման լիակատար ազատություն էր տվել: Բարդ իրավիճակներում հայտնվում էր այնտեղ, ուր մարտիկները դժվարանում էին կատարել առաջադրանքը: Վազգենն ստեղծեց բանակը եւ ապահովեց ամեն տեսակի զենք-զինամթերքով:

- Ի՞նչ կմաղթեք հայ զինվորին:

- Առաջներում զինվորը մարտադաշտ էր գնում սվինով ու նռնակով: Այսօր նրան վստահվում են հզոր զինտեխնիկա, զենք: Մեծացել է անձնական պատասխանատվության չափը: Այսօր շատ կարեւոր է, որ յուրաքանչյուր զինվոր խիզախ լինելուց զատ, նախեւառաջ գրագետ լինի եւ տիրապետի զենքին: Շատ եմ կարեւորում հրամանատարի դերը: Լավ հրամանատարը հավատում եւ վստահում է զինվորի ունակություններին եւ զարգացնում դրանք:

- Հասարակ մարդիկ այսօր էլ երախտագիտությամբ են հիշում պատերազմի դժվարին, նեղ օրերին նրանց հարեհաս լինելու Ձեր մղումը: Այսօր շատ բան է փոխվել մեր կյանքում, նախկին ջերմությամբ, սրտացավությամբ չենք արձագանքում ուրիշի հոգսերին: Փոխվե՞լ է Ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ:

- Ինձ շատ են դիմում, եւ ոչ միայն զինվորականները: Որպես անհատ, հայ մարդ` մեծ սիրով եմ վերաբերվում հայրենակիցներիս: Բոլորին լսում եմ եւ հնարավոր ամեն ջանք գործադրում, որպեսզի օգնեմ, օգնեմ` թեկուզ մարդկային ջերմությամբ:

Ցավոք, այսօր մեր ազգային նկարագրին խորթ բարքեր են արմատավորվում: Անտարբերությունը հարազատի նկատմամբ, ընչաքաղցությունը դառնում են ընդհանուր հոգեբանություն: Իշխում է` եթե ուզում ես, որ քեզ հետ հաշվի նստեն, ճնշի՛ր, կոպտի՛ր սկզբունքը: Փոքրաթիվ ազգի համար այն մեծ վտանգներ է պարունակում: Մեզ միշտ ճնշել են, գոնե մենք մեզ չպետք է ճնշենք:

- Որպես շարունակություն Ձեր խոսքի, ուզում եմ ավանդական մի հարց տալ` ի՞նչ կմաղթեիք հայ ժողովրդին:

- Համբերություն: Որքան էլ դժվար լինի, չլքեն Հայաստանը: Մի՛ թողեք Հայաստանն առանց հայերի: Գիտեմ` դժվարությունները մեծ են, աշխատանք չկա, տղամարդն իրեն լիարժեք չի զգում` էլ ի՛նչ տղամարդ, որ չկարողանա ընտանիքի ապրուստը հոգալ: Ստիպված մեկնում են աշխատանք գտնելու, ու ոմանք չեն վերադառնում, եւ դա շատ վատ է: Հայերը կյանքի ճարտարապետներ են, նրանց մտավոր կարողությունները, տաղանդը, աշխատասիրությունն ապրեցնող են, եւ եթե լինեն հայրենիքում` միասին, միասնաբար մեր հողը կծաղկեցնեն, մինչդեռ մեր ներուժը գցում ենք օտար ափեր, գնում, շենացնում ենք ուրիշի հողը: Ինչ ստեղծում են` մնում է այլ երկրներում:

Ոչ մի բարեկեցություն ինձ չէր կարող պահել հեռվում, երբ իմ հայրենիքը դժվարության մեջ էր: Հյուսիսկովկասյան օկրուգի հետեւակային զորքերի հրամանատարի տեղակալ էի, քաղաքի կենտրոնում տուն ունեի, ամեն ինչով ապահովված էի, բայց էրզրումցի նախնիներիս հոգու կանչով եկա իմ հայրենիքը: Այն հայրենիքը` Էրզրումը, կորցրինք, գոնե եղածը պահենք, պահպանենք:

- Հետաքրքիր է` քանի՞ զավակ ունի գեներալ-գնդապետ Դալիբալթայանը:

- Զինվորականին բնորոշ` որդի եւ դուստրեր: Որդիս` Վարազդատը, 1954թ. ծնված, զինվորական է, գնդապետ: Մասնակցել է Ոսկեպարի, Շուռնուխի, Մալիբեյլիի, Խոջալուի եւ շատ այլ մարտական գործողությունների: Պարգեւատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով: Ներկայումս ԱՊՀ-ի հակաահաբեկչական պայքարի կենտրոնում ՀՀ ներկայացուցիչն է: Ունի երկու որդի:

Զավակներս կյանքում իրենց տեղը գտել են, ղեկավարները գոհ են նրանց աշխատանքից: Մեր ընտանիքում գերիշխում են մարդկային հոգեւոր արժեքները եւ սերը հայրենիքի նկատմամբ:

- Ի՞նչ բիզնեսով է զբաղվում Ձեր ընտանիքը:

- Իմ ընտանիքի անդամները բիզնեսով չեն զբաղվում: Զինվորականն իրեն բիզնեսով, այլ գործերով չպետք է կաշկանդի: Պետք է լիովին, անմնացորդ նվիրվի զինվորական գործին, իր միակ հոգսը պետք է լինի հայրենիքը, նրա ապահովությունն ու անվտանգությունը: Ես ապրում եմ իմ ժողովրդի պես: Գուցե լավ չէ, որ հարազատներիս հարստություն չեմ թողնում, ոչի՛նչ, թող ամեն ոք ստեղծի իրենը:

- Եթե հնարավոր լիներ նորից սկսելու ...

- Կրկին կանցնեի նույն ճանապարհը:

Աշխատանքի բերումով Երեւանում քիչ եմ լինում: Առավելապես սահմանային գոտիներում եմ: Կաբինետային աշխատանք չեմ սիրում: Նոյեմբերյանից Մեղրի չկա մի քառակուսի մետր հող, որին ոտքս դիպած չլինի: Չկա մի բլուր, սար, որի գագաթին եղած չլինեմ: Խորհրդային ժամանակներում թուրքական սահմանը լավ եմ ուսումնասիրել: Այդ իմացությունն օգնում էր պաշտպանական հարցերում ճիշտ որոշում կայացնել: Սիրում եմ հայրենի բնությունը, հիանում են նրա սառնորակ աղբյուրներով, հինավուրց վանքերի ճարտարապետությամբ: Եթե մի մատուռ, մի ավերակ չեմ տեսել, ոտքով էլ լինի` գնում, տեսնում եմ: Հաճախ են Խոսրովի արգելոց հրավիրում: Երբեւէ չեմ կրակել որեւէ կենդանու ուղղությամբ: Բնությունը չի կարելի ոչնչացնել: Տնտեսական գործունեությամբ պայմանավորված մարդը շահագործում, ավերում է այն, վերցնում` առանց վերադարձնելու, եւ դա աղետալի հետեւանքներ կունենա: Թոռներիս ասում եմ. «Կապվե՛ք բնությանը: Հայրենիքը սիրելու համար պետք է լավ ճանաչել ու հասկանալ բնությունը»:

Հարցազրույցըՙ ԱՍՊՐԱՄ ԾԱՌՈՒԿՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4