«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#108, 2006-06-13 | #109, 2006-06-14 | #110, 2006-06-15


ԵՐԲ ՀՈԳԻՆ ՊԱՏՐԱՍՏ Է ԹՌԻՉՔԻ

Նյութը տեսնում է իր առջեւ յուրաքանչյուրը, բովանդակություն գտնում է միայն նա, ով գործ ունի նրա հետ, իսկ ձեւը մնում է գաղտնիք մեծամասնության համար, որից էլ ծնվում են արվեստում դրսեւորված բոլոր «իզմերը»: Դրանցից մեկը գուգիզմն է, մի ուղղություն, որի ստեղծման համար հեղինակի` Գուրգեն Գադաչիկի երկարատեւ, խաղաղ ու խորասույզ մտահղացումները չթափառեցին աշխարհով մեկ, քանի որ դրանք կրում էր իր մեջ:

Երկու տասնամյակից ավելի հեռուստատեսությունում աշխատած տարիներին ռեժիսորի եւ օպերատորի ստեղծագործական վարպետությունը Գուրգեն Գադաչիկի մոտ իրենց շարունակությունը գտան արվեստի յուրօրինակ արտահայտչաձեւում: Ստեղծագործության հումքը մետաղն է, համաձուլվածքը, որից էլ ստեղծվում են փոքրիկ, նուրբ ու փխրուն արձանիկներ: Ոգեշնչման աղբյուրը քանդակագործ Բենիկ Պետրոսյանի արվեստն էր: Փոքր չափերի մեջ ասելիքի մեծությունը, Գուրգեն Գադաչիկի համոզմամբ, իր մեջ պարփակում է խորը փիլիսոփայություն: «Թեեւ մետաղը ծանր է, սակայն ձգտել եմ նրան թեթեւություն հաղորդել: Իմ արձանիկները հոգուս արտահայտությունն են, դրանցում կա շարժում, թռիչք, քամի»:

Գուրգեն Գադաչիկի ստեղծագործությունները, հիրավի, իր իսկ խառնվածքի վերարտադրումն են: Գաղափարը ծնվում է աշխատելիս, մարդկանց հետ զրուցելիս, դիտելիս, անգամ կարդալիս: Վառ երեւակայությունն անմիջապես որսում է ասելիքը եւ հրաշքներ ստեղծող մատներն արդեն պատրաստ են ձեւ, շունչ ու հոգի հաղորդել մետաղին. ու այսպես ծնվում են շարքերըՙ «Տիեզերք», «Մոլորակների ծնունդ», «Սեր», «Բալետ», «Երաժշտություն»... Կենցաղային թեմաներով ստեղծված «Լվացք», «Էմիգրացիա», «Խեղկատակներ» շարքերը հեղինակի զգացողության արտահայտություններն են: Նա չի շրջանցել նաեւ քաղաքական բախումները, որոնք ներկայացված են «Այծերի» եւ «Ցուլերի» պայքարում: Գուրգեն Գադաչիկի որոշ աշխատանքներում ակնհայտ է նուրբ հումորը, «Բախտը խելքից առաջ է ընկել» գործն այնքան բնորոշ է բոլոր ժամանակներին, ներկային` առավել եւս:

Արձանիկների ձեւն ու բովանդակությունն ավելի արտահայտիչ են սեւ գույնի վրա, ուր շարժումն ու թռիչքը չափազանց տեսանելի են: Դրանք դիտողին հանգստություն, ջերմություն են հաղորդում:

«Նա, ով չի ընկալում քո գործը, ուրեմն քո աշխարհից չէ: Իմ աշխատանքներն ընդլայնել են իմ շրջապատը: Սիրում եմ նրանց, ովքեր ընկալում ու արձագանքում են հոգուս թռիչքին: Ուրախանում եմ, որ իմ աշխատանքները տրամադրություն են ստեղծում,- ասում է Գուրգեն Գադաչիկը: - Հեշտ է վերարտադրել քո մեջ եղած գաղափարը, եթե շաղախված է դրական հույզերով: Ես ձգտում եմ դիտողին փոխանցել այդպիսի հույզեր: Ագրեսիվ, բացասական հույզեր պարունակող գործերը երկար չեն ապրում: Չարը պարզունակ հույզ է, իսկ այ, բարությունը ինքնին բարդ էմոցիա է»:

Ինչպես յուրաքանչյուր ստեղծագործության մեջ, Գ. Գադաչիկի գործերում եւս մեծ դեր ունի պատահականությունը: Աշխատելիս ձուլվածքի մի փոքր շերտի թեքումը, խախտումը բավական է, որպեսզի ամբողջովին փոխվի իմաստը ու դառնա առավել հետաքրքրական: Բազմազանությունից առաջանում է կատարյալ ներդաշնակություն:

Գուրգեն Գադաչիկի աշխատանքներին առաջին անգամ ծանոթացան իր պապերի հայրենիքում` Լեհաստանում, ուր 1999 թ. բացվեց նրա ստեղծագործությունների ցուցահանդեսը, որն արժանացավ այցելուների բարձր գնահատանքին:

Երկրորդ ցուցահանդեսը բացվեց 2006 թ. ապրիլին` Եղիշե Չարենցի տուն-թանգարանում:

Գուրգեն Գադաչիկն իրեն համարում է պարզապես ստեղծագործող, ում հաջողվել է իր գործերում արտահայտել արվեստում գոյություն ունեցող երեք մեծ սկզբունքները` պարզությունը, ճշմարտությունը եւ բնականությունը: Վկան նրա 5000-ից ավելի աշխատանքներն են, որոնք առավել շատ պետք է զգալ, քան հասկանալ:

ԱՆՈՒՇ ՆԵՐՍԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4