Թե՞ ռուսաստանցի դիսպետչերին փրկելու վարկած
Ա-320 օդանավի ինքնագրիչների վերծանումն ընդհանուր առմամբ ավարտված է: «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է հետազոտող մասնագետներից մեկը: Ըստ նրա, պաշտոնական տեղեկությունները կհրապարակվեն մի քանի օր անց, սակայն արդեն իսկ պարզ է, որ տեխնիկան մեղավոր չէ: Մեղքն, այսպես կոչված, մարդկային գործոնն է: Չնայած ինքնագրիչների վերծանությունն ուսումնասիրող հանձնաժողովի բոլոր ջանքերի, Ա-320-ի տեխնիկական վիճակի որեւէ թերացում չի հայտնաբերվել: Ըստ ինքնագրիչների, տեխնիկան եղել է բացարձակապես սարքին վիճակում: Չի հաստատվել նաեւ վառելիքի պակասի կամ բացակայության վարկածը:
Ա-320 օդանավի վթարի հետազոտողներն աղետի հիմնական պատճառ են համարում անձնակազմի տարածական կողմնորոշումը կորցնելու հանգամանքը: Այսինքն, նման իրադրությունում մարդը չի հասկանում, թե որտեղ է երկինքը եւ որտեղՙ երկիրը: Նման իրավիճակում հայտնվելու պատճառ կարող են լինել ուշադրության շեղումը կամ բարդ եղանակային պայմանները:
Մայիսի 3-ի աղետի դեպքում ավելի շուտ եղել է երկրորդը: Ինքնագրիչների տեղեկություններով հաստատվում է, թե երբ դիսպետչերն Ա-320-ին ուղարկել է երկրորդ պտույտի, անձնակազմն ինքն է ղեկավարել օդանավը, եւ ոչ ավտոօդաչուի ռեժիմով: Ընդ որում, շրջադարձի անկյունը եղել է մեծ: Այս երկու գործոններն էլ դարձել են աղետի հիմնական պատճառները:
Հիշեցնենք, որ անանուն տեղեկատվությամբ այս վարկածից առաջ էլ շրջանառության մեջ դրվեց աղետի պատճառի մի տարբերակ, ըստ որի մեղավորությունն Ադլերի օդանավակայանի դիսպետչերինն էր, որը հաշվի չէր առել հայ օդաչուի կարողությունները եւ նրան թույլ չէր տվել իրականացնելու վայրէջքը:
Ա. Հ.